Մեկնաբանություն

27.08.2013 23:20


Հավերժ իշխելու մոդել են փնտրում

Հավերժ իշխելու մոդել են փնտրում

Եթե ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հրապարակավ կարծիք է արտահայտում, նշելով, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, նշանակում է՝ Սերժ Սարգսյանն արդեն ձեւավորել է աշխատանքային խումբը եւ շուտով կազդարարվի գործընթացի մեկնարկի մասին:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ երբեք չի խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Ավելին՝ մեկ տարի առաջ, երբ ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ պետք է անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին (նաեւ 100 տոկոսանոց համամասնական համակարգին) իշխող կուսակցության անդամները, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանը, իրար հերթ չտալով ընդդիմանում էին այդ գաղափարին, նշելով, որ շրջափակման եւ սառեցված հակամարտության մեջ գտնվող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, պետք է գործի նախագահի ինստիտուտը:

Հիմա, պարզվում է, Սերժ Սարգսյանը գաղտագողի «նախաձեռնողականություն» է դրսեւորել՝ հրահանգելով սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթաց:

Սակայն, Դավիթ Հարությունայնը մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում չի բացահայտում, թե ինչպես են մտադիր փոխել Մայր օրենքը:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հարց ենթակա է քննարկման, և արդի մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առաջ միգուցե պահանջեն նոր լուծումներ»,- նշում է Հարությունյանը:

Փաստորեն, հիմա արդեն իշխանությունը ինչ-ինչ մարտահրավերներ է տեսնում, որոնց դիմակայելու համար պետք է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

Հասկանալի է, իսկ կառավարման ո՞ր ձեւն են մտադիր ընտրել։ «Պառլամենտական ձևը ունի տասնյակ տարատեսակներ, այն ձևը, որ առաջարկվում էր, ես դրան դեմ էի և շարունակում եմ դրան դեմ լինել»,- ասում է Հարությունյանը, ինչից կարելի է ենթադրել, որ մի յուրահատուկ ձեւ են փնտրում, այնպիսի մի ձեւ, ինչը արդյունավետ կերպով կլուծի ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու խնդիրը:

Դե, պառլամենտականի «տարատեսակ» ձեւերից կընտրեն այն մեկը, որը հնարավորություն կտա Սերժ Սարգսյանի դառնալ վարչապետ եւ 2018-ից հետո շարունակել կառավարել երկիրը: Դա, իհարկե, իրենց ուզածն է։

Դատելով ՀՀԿ-ական պատգամավորի կցկտուր խոսքից՝ կարելի է ասել, որ իշխանությանը ոչ թե մտահոգում է Սահմանադրության «անկատարությունը», այլ դրա փոփոխման միջոցով 2018-ից հետո իշխանությունը պահելու խնդիրը:

Եվ եթե խոսվում է «արդի մարտահրավերների» մասին, ապա դրանք ծառացած են բացառապես իշխանության առջեւ եւ վերաբերում են իշխանությունը կորցնելուն:

Ահաեւ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձելու են դիմագրավել իշխանությունը կորցնելու սպառնալիքներին:

Ուրիշ գաղտնիք, կարծես թե, չկա:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Հայաստանն ու Սերժ Սարգսյանը համատեղ գոյակցության ռեսուրս չունեն մինչև 2018թ. միմյանց հանդուրժելու։ Այնպես որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունը երկարաձգելու պլաններ մշակողները մի փոքր շտապում են։ Բանը կարող է դրան չհասնել։

Այս խորագրի վերջին նյութերը