Մեկնաբանություն

30.08.2013 10:35


«Գեներալնի ուբորկա»

«Գեներալնի ուբորկա»

Վերջին մի քանի օրերին տհաճությամբ հետևում էի գեներալներ Գուրգեն Դալիբալթայանի և Արկադի Տեր–Թադևոսյանի հեռակա լեզվակռվին, որին իր տեղից միացան նաև Սասուն Միքայելյանը և մյուս առիթավորվածները։

Ամեն ինչ սկսվեց Տեր–Թադևոսյանի հարցազրույցից, որտեղ նա «կպել» էր Վազգեն Սարգսյանին ու Գուրգեն Դալիբալթայանին։ Ճիշտ էր «կպել» թե ոչ՝ այլ խնդիր է։

Տեր–Թադևոսյանից էստաֆետը վերցրեցին Դալիբալթայանն ու Միքայելյանը, և «կաշը» գնաց։

Լեզվակռվին խառնվեցին նաև պատերազմի տարիներին Արարատի ցեմենտի գործարանի ճակատում կռիվ տվողներն ու ասֆալտի ֆիդայինները, արժանիք ունեցողներն ու անարժանները։ Տեսարանը դարձավ նողկալի, սակայն թամաշայի սիրահարների համար «կայֆ» էր։

Հարկ է նկատել, որ և՛ Գ. Դալիբալթայանը, և՛ Ա. Տեր–Թադևոսյանը, և՛ Ս. Միքայելյանն իրենց ներդրումն են ունեցել մեր հաղթանակի մեջ, բայց նրանց բարձրացրած աղմուկն ավելի շատ է, քան հաղթանակի մեջ ունեցած ներդրումը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն թեզը, ըստ որի՝ պարտությունը որբ է մնում, իսկ հաղթանակն ունենում է բազում տերեր։ Այս ամենը ցույց է տալիս, որ մեր նորագույն պատմությունը «գեներալնի ուբորկայի» կարիք ունի։

«Ուբորկայի» կարիք կա նաև գեներալական կազմում։ Այլապես շուտով ամեն մի զինվորի 10 գեներալ կհասնի։ Ինչևէ։

Լավ է, իհարկե, որ մենք հաղթանակ ենք ունեցել, և հիմա ամեն մեկը փորձում է սեփականաշնորհել այն ու վերախմբագրել ռազմական հաջողության ընթացքի մասին պատմությունը՝ հատուկ ընդգծելով սեփական դերակատարումը, բայց վատ է, որ պատերազմի մասնակիցները ճղճղան ու բամբասկոտ կնանիքի նման իրար վրա են հարձակվում, ինչն անուղղակիորեն ապացուցում է թե իրականում ով ով է եղել պատերազմի ժամանակ։

Պարոնայք կադրային գեներալներ, տնային պայմաններում մարշալներ դարձածներ ու գեներալի սիմուսներ, եթե ձեր մեջ այդքան էներգիա է կուտակվել, ապա պայքարեք ներքին հակառակորդի՝ իշխանության դեմ։ Հակառակ դեպքում հաղթանակները կմսխվեն և այլևս գլուխ գովալու բան չեք ունենա։

Եթե պատերազմի որոշ մասնակիցներ այդքան շատ են ուզում ցույց տալ, թե ինչ հերոս են եղել իրենք, ապա թող հանգիստ լինեն, քանզի շուտով, ամենայն հավանականությամբ, հերոսությունն ապացուցելու հնարավորություն կստեղծվի։ Բանն այն է, որ իրենց սիրելի Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում Ադրբեջանի հետ «սառը» պատերազմը կարող է վերածվել «տաքի»։

Համոզված եմ, որ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, ապա ներկայումս բլբուլ կտրողներից շատերի ծպտունն անգամ չի լսվելու։ Պատասխանատվություն վերցնելն ամեն մարդու բան չէ։ Իսկ բամբասել ու գոռգոռալ բոլորը կարող են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը