Մեկնաբանություն

31.08.2013 01:25


Աստված չլսեց Սերժ Սարգսյանի խնդրանքը. Հախվերդյանը նորից «հայհոյում» է

Աստված չլսեց Սերժ Սարգսյանի խնդրանքը. Հախվերդյանը նորից «հայհոյում» է

Երեսպաշտությունն ու դիմակը խրախուսող Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, չի հաջողվում «սանձել» մի քանի մտավորականների:

Դրանցից մեկն էլ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն է, որ Հայաստան-ԱՄՆ «փող աշխատելու» արանքում հասցնում է ինքնագիտակցության կոչել ժողովրդին:

«Հեղափոխություն, ուրիշ ձև չկա:
Հիմա վաղը, եթե էս կառավարությունը մնա, հավատացեք ինձ, սրանք երիտթուրքերից վատ են, հաստատ բան եմ ասում, ստեղ մի հատ հայ չի մնալու, մեծամասնությունը գնում ա զզվանքից, տելեվիզրով որ սրանց լպրծուն դեմքերը տեսնում ես, ասում էս, արա, ես խի եմ հայ ծնվել: Ժողովուրդը վիրավորանքից ա գնում, որովհետև շան տեղ չեն դնում ժողովրդին, իրանք առանձին են ապրում, նրանք կապ չունեն էս ժողովրդի հետ»,- երեկ ազատամարտիկների հրավիրած հանրահավաքում հայտարարել է Ռուբեն Հախվերդյանը:

Նա դարձյալ «քնքուշ խոսքերով» է հիշել Սերժ Սարգսյանին:
Ինձ թվում էր՝ սիրելի երգիչ-երգահանի հիասթափությունն այնքան մեծ է քաղաքական կոչված միջոցառումներից, որ այլեւս հրապարակում չի երեւա: Այնինչ...

Իսկ արդի հայ մտավորականության 99,9 տոկոսը վախենում է անգամ արտաբերել «հեղափոխություն» բառը: Նրան բացարձակապես չի հետաքրքրում արտագաղթը, տնտեսության անկումը կամ չհաղթահարվող աղքատությունը, որոնք Սերժ եւ Տիգրան Սարգսյանների «ձեռքբերումներն» են:

Նույն այդ մտավորականությունը մինչ օրս անգամ ազգային հեռանկարի հարցում մտահոգություն կամ տագնապ չի արտահայտել: Նրան դուր է գալիս լող տալ հոգեւոր ամայության մեջ, օգտվել նախագահական-կառավարական սեղանի կրճոններից եւ դրա դիմաց պահպանել հոգեւոր անշարժությունր ու դրսեւորել քաղաքացիական անկյալություն:

Մնացել են «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» վտանգավոր ու սնապարծ մտայնության մեջ: Մի խոսքով՝ երանելի գաղջությունը իսկը հայ մտավորականության սրտով է:

Բայց ո՛չ Ռուբեն Հախվերդյանի, որը առիթը բաց չի թողնում հրապարակավ ասելու այն ամենը, ինչ մտածում է այս իշխանությունների մասին:

Ու թեեւ Սերժ Սարգսյանը դեռես մարտ ամսին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Աստված էր կանչում, ասելով «Ինչևէ, տա Աստված, որ Ռուբեն Հախվերդյանը շուտով վերադառնա այն գործին, որից նա հասկանում է և մեզ ուրախացնի իր նոր ստեղծագործություններով», սակայն ինչպես տեսնում ենք Ռուբեն Հախվերդյանը իր գործը շարունակելուն զուգահեռ չի մոռանում Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը:

Շատ «դառը կորիզ» դուրս եկավ: Կամ՝ մի այնպիսի «ոսկոր», որ մնացել է սերժ Սարգսյանի կոկորդում:

Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի հետընտրական շրջանում արած հայտարարություններին, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց հետեւյալը, ինչը որպես սպառնալիք է ընկալվում: Նշեց. «Այս երկրում շատերը վախենում են միջին կարգի գործարար հայհոյելուց, բայց չեն վախենում Հանրապետության նախագահին հայհոյելուց: Իմ համբերությունը մեծ է: Մենք պետք է անցնենք այս ճանապարհը: Եվ երբ մեր դատարաններն իրոք արժանանան մեր ժողովրդի վստահությանը, այն ժամանակ հենց այդ դատարանների միջոցով այս հարցերն էլ կլուծենք»:

Բնականաբար, նրա այս հայտարարությունից հետո «ազնիվ լռություն» պահպանող մտավորականները պետք է ավելի զգուշանային, եթե ոչ՝ սարսափեին:

Եվ հիմա դարձյալ հրապարակում եւ բարձրախոսի մոտ Ռուբենն Հախվերդյանն է:

Բացի նրանից կան, իհարկե, էլի մի քանի մտավորականներ, որոնք այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունների մեջ են ընդգրկված եւ շարունակում են «լոկալ ու տեղայնաված» պայքարը՝ առանձին-առանձին:

Այն է՝ չե՛ն վախենում հայհոյել «միջին կարգի գործարարին»: Բայց Ս. Սարգսյանին էլ չեն մոռանում։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը