Տնտեսական

02.09.2013 13:42


Այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին

Այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին

«Բօն Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Գաջեգործների 1-ին փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շինություններից այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին՝ պահակներին, ու սկսել «շենքներն իրենցով անելու» գործընթացը:

Գործարար Հայրապետյանը նշված հասցեում գտնվող շինությունները վերակառուցել էր փայշտամշակման, ադամանդագործության, ոսկերչության, տրիկոտաժի, քարի ու պատուհանների արտադրության համար՝ ներկրելով համապատասխան բոլոր սարքավորումները: Բացի դրանից, ադամանդագործությունը եւ ոսկերչությունը զարգացնելու հեռանկարով նույն վայրում պետք է գործեր Հայրապետյանի հիմնադրած ուսումնարանը, ինչպես նաեւ 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը:

«Հենց այս պահին 3 հազար աշխատատեղ պատրաստ սպասում էր բանվորին: Եթե չլիներ այդ օֆշորային պատմությունը, «Ամերիաբանկն» այդ ամենն ինձնից խլած չլիներ, 3000 մարդ տեղում կաշխատեր: Իսկ հիմա բոլոր արտադրությունները, սարքավորումները պետք է քանդեն հանեն, որ տանք մի հատ խուլիգանի»,- ասում է Փ. Հայրապետյանը: Նա շեշտում է, որ ամեն մի աշխատատեղի համար անհրաժեշտ է 5000 դոլարի ներդրում, «այսինքն՝ հետագայում 15 միլիոն դոլար է ծախսվելու, որ նորից 3000 աշխատատեղ ստեղծվի»:

Գործարար Հայրապետյանի Գաջեգործների 1-ին փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ունեցվածքը գրավադրված էր «Ամերիաբանկում», որն էլ այն իբրեւ սեփականություն գրանցել է իր անունով եւ հանել վաճառքի: «Բօն Արմենիա» ընկերության սեփականատեր Ջան Սասուն Գելեջին «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հայրապետյանի հետ ունի լավ հարաբերություններ: Փայլակ Հայրապետյանն էլ մանրամասնում է, որ Գելեջին ի սկզբանե հանդիպել է իրեն եւ շենքերից երկուսը գնալու ցանկություն հայտնել:

«Ես ասացի, որ դրանք գրավադրված են «Ամերիաբանկում», որ կարող է 700 հազար դոլար վճարել բանկին ու երկու շենքը վերցնել: Բայց մյուս օրը նա եկավ «Ամերիաբանկի» ներկայացուցիչների հետ, թե ես դա չեմ ուզում, էս մյուս շենքներն եմ ուզում,- պատմում է Հայրապետյանը,- իր ուզած շենքերում միայն 3,5 մլն դոլարի սարքավորումներ, տեխնիկա եմ տեղադրել: Շենքերից մեկի համար առանձին հոսանք եմ բերել՝ 200 հազար դոլար ծախսելով «պադստանցիա» կառուցելու համար: Բայց արդեն բանկի հետ են գործ բռնել ու էս ամեն ինչին ուզում են տեր դառնալ: Մհեր Սեդրակյանն էլ է իմ ունեցվածքը «Ամերիաբանկից» վերցրել: Երեւի մտածում են, որ իրենք կամ իրենց բիզնեսն այս երկրում ապահովագրված է»:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը գործարարներին ուղղված հայտարարությամբ կոչ էր արել ձեռնպահ մնալ «Ամերիաբանկի» կողմից ուղղակի կամ աճուրդով վաճառվող, իրեն պատկանող անշարժ գույքի ձեռքբերումից:

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը