Մեկնաբանություն

03.09.2013 00:03


Գիքորներ եւ կենգուրուներ

Գիքորներ եւ կենգուրուներ

Իսկ Բաշգյուղում ոչ Գիքոր կա, ոչ էլ կենգուրու:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը նախագահական պալատում ընդունեց բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ օլիմպիադաներում հաջողություններերի հասած աշակերտներին եւ ուսանողներին:

Նա բավական սրտաճմլիկ ճառ արտասանեց.

«Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, և մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի»:

Այնուհետ վստահեցրեց. «Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից»:

Դե, առանց պարծենալու ո՞նց կլինի, եվ շարունակելով ելույթը, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե. «Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները»:

Չգիտենք, սրած ականջներով ինչպես են տեսնում, բայց որ տվել ու անցել ենք Վրաստանին ու Ադրբեջանին, դա էլ պարծենալու ոչ պակաս առիթ է. «Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե և 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի և Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած»,– հայտարարեց նա:

Հետո անդրադարձավ փոքրիկներին.

«Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որևէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, և այն պետք է լինի հարատև: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ»:

Ներողամիտ եղեք առատ մեջբերումների համար, սակայն այլ կերպ հնարավոր չէ:

Քանզի, այսօր մեր երկրի ապագան եւ մեր ժամանակ հերոսները դուրս են եկել փողոց հետեւյալ կարգախոսով՝ «Լուծեք մեր հարցերը, թե չէ մենք կլուծենք ձեր հարցերը»:

Ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող ուսանողների կարգախոսն է, որոնց նույնիսկ թույլ չեն տալիս օգտվել բարձրախոսից եւ ԲՈՒՀ-երի առջեւ ներկայացնել իրենց պահանջները: Իսկ այն ուսանողը, որն ,այնուամենայնիվ, շարունակեց ելույթը բարձրախոսով, նրան բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք:

Իսկապես ընտրված կարգախոսը դիպուկ է: Բայցեւ՝ հարկ կա պայքարող ուսանողությանը ասելու՝ մեր ժամանակի հերոսնե՛ր, նրանք հարց լուծող չեն, դուք զուր ժամանակ մի կորցրեք եւ գործի անցեք: Եթե ոչ, ապա շարունակեք ապրել «ապահով Հայաստանում»՝ անուսում, չարքաշ եւ գիքորների կյանքով:

Եթե Սերժ Սարգսյանն ասում է, թե ինքն ամիսներ առաջ հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որ լավ սովորողները սոցիալական պայմանների պատճառով չզրկվեն կրթություն ստանալու իրավունքից, ապա ինչպես, ինչ տրամաբանությամբ են բարձրացվել ուսման վարձավճարները:

Բոլորն էլ ցանկանում են լավ սովորել, սակայն ոչ ոք ի վիճակի չէ մուծել աստղաբաշխական գումար, այն դեպքում, երբ կրթության որակը մնում է նույնը եւ չի բարելավվում:: Ընդ որում, ինչպես պարզվեց, ԵՊՀ-ն ամեն տարի 100 միլիոն դրամ է փոխանցում ՀՀԿ-ի երիտասարդական հիմնադրամին, որ վերջինս «բազեներ» բուծի:

Իսկ ինչպես գնահատել փաստը, երբ այսօր Շիրակի մարզի Բաշգյուղում ուստարին ազդարարող առաջին զանգը հնչել է ընդամենը մի աշակերտի, այն էլ՝ հարեւան գյուղից այստեղ հաճախող աշակերտի համար:

Սա ինչ համարենք, եթե ոչ կրթական համակարգի փլուզում:

Ի դեպ, գյուղի դպրոցի շենքն էլ կիսաքանդ վիճակում է եւ մարզպետարանն էլ հարցի լուծումը գտել է՝ փակել Բաշգյուղի դպրոցը: Դե, իհարկե, անցած տարիներին պետբյուջերից 700 միլիարդ գողության պարագայում, հերթը գյուղի դպրոցի վերանորոգմանը չէր էլ կարող հասնել: Ավելի լավ է փակել:

Մյուս փաստն ավելի սահմռկեցուցիչ է. ըստ համայնքապետի, Բաշգյուղում վերջին 5 տարիների ընթացքում ծնվել է ընդամենը 3 երեխա:

Խոսք չկա, «լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլերը» տվյալ վայրում եւս «նշմարվում» են: Դժվար է ասել՝ հարեւան երկրներում արդյոք կան այդպիսի գյուղեր, որտեղ 6 տարում 3 երեխա է ծնվում: Հասկանալի է, այնտեղ «կենգուրուներ» չեն ծնվում, բայց երեխաներ ոնց որ թե ծնվում են, եւ հաստատ երեքից շատ:

Ինչեւէ, Սերժ Սարգսյանի քաղցր ելույթն ու դառը իրականությունը, ինչպես միշտ՝ իրար հետ բացարձակապես կապ չունեն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը