Լրահոս

03.09.2013 10:54


Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին

Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին

Սեպտեմբերի 1-ին 54 տարեկան հասակում կյանքից հեռացած կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի «Շահումյան» գերեզմանատանը:

Արմեն Դիվանյանը հեղինակ է մի շարք գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրված երաժշտության, ինչպես նաև էստրադային երգերի: Մանկական երաժշտության բնագավառում Արմեն Դիվանյանը մշակել է իր ուրույն ձեռագիրը, երեխաների հետ աշխատելու իր յուրատեսակ դպրոցը, որն առանձնանում է գունեղ, պայծառ երանգներով: 1996 թվականից ղեկավարել է Ազգային ռադիոյի պետական «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը, որը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Բուլղարիայում, Ռուսաստանում: 2007 թ. Ռոտերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլում» Արմեն Դիվանյանի սաներն առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Մանկագիր հեղինակներին ոգևորելու նպատակով 2001 թ. Արմեն Դիվանյանը նախաձեռնել և իրականացրել է ստեղծագործական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում հրատարակվել են նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնա և տեսա սկավառակներ:

Արմեն Դիվանյանը համագործակցել է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, գործիքավորողների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը