Լրահոս

03.09.2013 16:21


«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշվեց Գիտելիքի օրը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  նշվեց  Գիտելիքի օրը

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը համընկավ նոր ուսումնական տարվան: «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումներ են իրականացվում մշակութային մի շարք օջախներում: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդի 23 անդամներ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էին: Կազմակերպված բաց դասի թեման էր «Ուրարտական դիցարանի գերագույն եռյակը և նրա պատկերագրությունը»: Դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հնագետ Սիմոն Հմայակյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Դավիթ Պողոսյանն ուսանողներին ներկայացրեց օրվա խորհուրդը արգելոց-թանգարանի առաքելության իրականացման համատեքստում, ապա Ս. Հմայակյանի ուղեկցությամբ խումբը շարժվեց արգելոց-թանգարանի հիմնական երթուղիով` բացահայտելու ցուցադրվող քարե կոթողների ու հուշարձանային համալիրի բազմաշերտ պատմամշակութային բովանդակությունը: Արգիշտի 1-ին թագավորի ուրարտական արձանագրության մոտ ծավալվեց դասախոսություն, որն արդեն հեթանոսական տաճարի դիմաց վերածվեց անցյալի պատկերացումների և արդիականության կապերի երկկողմանի քննարկման: Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին լուսանկարներ ուրարտական դիցարանի պատկերագրության վերաբերյալ:

Երևանում արդեն ուսանողները Դ. Պողսյանի ուղեկցությամբ եղան Հայաստանի պատմության թանգարանի հելլենիստական շրջանի մշակույթին նվիրված ցուցասրահում և ծանոթացան Գառնիի պեղումներից հայտնաբերված արժեքներին, ինչպես նաև՝ Արտաշատում, Դվինում պեղված համաժամանակյա իրողություններին:

Միջոցառման մասնակիցներն իրենց տպավորությունները ներկայացրին թանգարանի` վաղ միջնադարյան մշակույթին նվիրված ցուցասրահում՝ պատրաստակմություն հայտնելով հետագայում ևս սիրով մասնակցելու նման կրթամշակութային միջոցառումների:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը