Մեկնաբանություն

03.09.2013 18:08


Սերժ Սարգսյանի «ճողվածքը»

Սերժ Սարգսյանի «ճողվածքը»

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները հասնեն ավելի բարձր մակարդակի, և որ ինքը դրա համար է եկել Մոսկվա։

Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են։ Ճիշտ է, վերջին շրջանում դրանք զգալիորեն վնասվել են Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» պատճառով, բայց միևնույն է՝ իներցիան դեռ կա։

Եթե Սարգսյանն ուզում է, որ հայ–ռուսական հարաբերությունները հասնեն ավելի բարձր մակարդակի, ապա պետք է անդամագրվի ՌԴ–ի առաջարկած ինտեգրացիոն ծրագրին՝ Մաքսային միությանը, ինչը նշանակում է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրից ՀՀԿ ղեկավարը «թռնում» է կամ էլ «շուստրիաբար» ռուսներին է հավաստիացնելու, որ «կթռնի»։

Սարգսյանը, թերևս, փորձելու է Մոսկվային համոզել, որ ԵՄ–ի հետ համաձայնագիրը Հայաստանը կնախաստորագրի, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանա, բայց անընդհատ կձգի ու չի ստորագրի այն։

Եվրոչինովնիկներին էլ Սարգսյանը կփորձի համոզել, թե ինքը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը չի ստորագրում, քանզի կա ռուսական հզոր ճնշում։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանը միջազգային ասպարեզում Հայաստանը կդարձնի ֆուտբոլի գնդակ, որին բոլորը հարվածում են տարբեր դիրքերից. «գնդակին» տվյալ դեպքում վերապահվում է այս ու այն կողմ թռչելը։ Թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել, կարելի է հեշտությամբ գլխի ընկնել։

Հիշեցնենք, որ 1920թ. դաշնակցական իշխանությունը միացավ հակառուսական ուղղվածություն ունեցող Սևրի դաշնագրին և միևնույն ժամանակ համաձայնագիր կնքեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, սակայն իր այդ «բազմավեկտորությամբ» նյարդայնացրեց բոլորին, և մենք կորցրեցինք առաջին հանրապետությունը։ Բայց եթե 1920թ. հայկական կողմի երկդիմի արտաքին քաղաքականության հիմնական պատճառը անմեղսունակության հասնող ռոմանտիզմն էր և քաղաքական կարճատեսությունը, ապա այսօր նույն այդ քաղաքականությունը Սարգսյանը վարում է գիտակցաբար և բացառապես անձնական շահերից ելնելով։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք արձանագրել, որ Սարգսյանն արտաքին քաղաքականության և պետության անվտանգության ապահովման հարցերին մոտենում է խաղամոլի հոգեբանությամբ և անելանելի դրության մեջ հայտնված ցածրակարգ շախմատիստի կարողությամբ։ Արդյունքում՝ խաղասեղանին հայտնվել է Հայաստանը։ Սա աննախադեպ իրավիճակ է, քանզի մեր անկախության 22 տարիների ընթացքում ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ նախագահները մեր անվտանգության հարցը չեն հանել աճուրդի և չեն փորձել ՀՀ անվտանգության համակարգի փլուզման գնով սեփական իշխանության երկարաձգման խնդիր լուծել։

Սարգսյանի նպատակը հավերժ իշխանության մնալն ու անվտանգության երաշխիքներ ստանալն է՝ ցանկացած գնով։ Նա, միգուցե, չի ուզենա, որպեսզի Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունը վնասվի, սակայն նրա քայլերը դրան են տանում։

Սարգսյանի ծրագիրը, որը օրեր առաջ հնչեցվել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով, աշխարհաքաղաքական «ճողվածքի» կարող է հանգեցնել (եթե արդեն իսկ չի հանգեցրել)։ Քանզի հնարավոր չէ տնտեսական առումով մաս կազմել հակառուսական ինտեգրացիոն ծրագրի և զուգահեռաբար Ռուսաստանի հետ համագործակցել անվտանգության հարցում։ Այդպես չի լինում, քանի որ չի լինում երբեք։

Ռուսական հայտնի ձևակերպում կա. «Широко шагнешь – штаны порвешь!»։ Հիմա «նախաձեռնող» Սարգսյանը Հայաստանը դնում է մի վիճակի մեջ, որը կարող է տարատեսակ «պատռվածքներ» առաջացնել։

Ներկա իրավիճակի հետ կապված շատ բնական հարց է առաջանում. հանուն ինչի՞ մենք պետք է Սարգսյանի անձնական շահի համար հարվածի տակ դնենք մեր ճանաչված ու չճանաչված հանրապետությունները։

Ազգային ու պետական շահերից ելնելով՝ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին ու ՌԴ–ի հետ Մաքսային միությանը միանալուց, այլ ոչ թե կռվի առարկա դառնա Մոսկվայի ու Բրյուսելի միջև։

Հիմա եթե Սարգսյանի մոտ «ռուսամետության» նոպաներ են բռնել, ու նա ուզում է Մաքսային միություն մտցնել Հայաստանը, ապա դա նույնքան անընդունելի է, որքան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալը, քանզի և՛ ՌԴ–ն, և՛ ԵՄ–ն մեր խոշոր գործընկերներն են, ու չի կարելի կողմերից որևէ մեկի հետ հարաբերությունները լավացնել մյուսի հաշվին։

Առավելևս չի կարելի Հայաստանը կռվախնձոր դարձնել։ Սարգսյանն այս ամենը, թերևս, հասկանում է, բայց նրա անձնական շահը խոր հակասության մեջ է Հայաստանի շահի հետ։ Հետևաբար՝ իշխանափոխությունը մնում է միակ այլընտրանքը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող գործընթացները կանգնեցնելու համար։

Չի կարող մեկ մարդու անձնական շահը գերակայել պետական շահին։ Ասել է թե՝ հայաստանակենտրոն բոլոր ուժերի և անհատների օրակարգում պետք է լինի մեկ հարց՝ իշխանափոխություն։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հոդվածն արդեն տեղադրվել էր, երբ ռուսական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն։ Ինչպես և սպասվում էր, «արևմտամետ» Սերժ Սարգսյանի վերջին հանգրվանը ռուսական «սապոգի» տակ հայտնվելը դարձավ։ Տեսնես Ֆյուլեն դատի կտա՞ ՀՀԿ «նախաձեռնող» ղեկավարին։

Այս խորագրի վերջին նյութերը