Մեկնաբանություն

04.09.2013 01:20


Շոկային հարված

Շոկային հարված

«Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ահա այսպես: Մինչ հայ հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը շարունակում էր քննարկել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը, Սերժ Սարգսյանն արդեն Կրեմլին փոխանցեց «Հայաստանի ցանկությունը»:

Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումը թե որքանով է համապատասխանում «Հայաստանի ցանկությանը», դա պարզելու համար ջանքեր թափել պետք չէ, քանի որ Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքների մասին տեղեկանալուց հետո սոցիալական ցանցերում մի իսկական իրարանցում սկսվեց: Շոկի մեջ են հայտնվել թե «արեւմտամետները», եւ թե «ռուսամետները»: Էլ չենք խոսում «հայամետների» մասին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ոչ միայն «նախաձեռնողական», այլեւ հայ ժողովրդին շոկի մեջ գցելու հատկանիշներով է օժտված:

Մարդկանց որոշակի շրջանակ անմիջապես մտավախություն հայտնեց, թե մտնում ենք «սովետի կազմ», մյուս մասը տագնապած «արձանագրեց», որ Հայաստանն այսպիսով «հետքայլ է անում եվրոպական արժեհամակարգից»: Մարդկանց երրորդ խումբը հետին թվով «կռահեց» Սերժ Սարգսյանի այս որոշման շարժառիթները՝ հիշելով, որ ՀՀ իշխանություններն, ախր շատ հանգիստ վերաբերվեցին ՌԴ-ից 4 միլիարդի զենք գնելու Ադրբեջանի քայլին, ուրեմն՝ «ամեն ինչ արդեն որոշված էր»:

Շոկը չհաղթահարած մյուս խումբն էլ զայրացած նկատեց, որ մեր երկրի արտաքին կողմնորոշումների հետ կապված հարցերը պետք է դրվեին հանրաքվեի եւ ոչ թե «ինքնագլուխ որոշում կայացնեին, ինչը նշանակում է Հայաստանը վաճառել ռուսին»:

Պալատին սպասարկու լրատվամիջոցներն էլ հապճեպորեն գուշակեցին Մոսկվայի ցանկությունը՝ «ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնել արեւմտամետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին եւ նրա փոխարեն վարչապետ նշանակել Ռոբերտ Քոչարյանին»:

Դե, վերջում էլ բոլորը մի քիչ դինջացան, քանզի ուշքի գալով հասկացան, որ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է. «Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ»:

Բայց բողոքն ու աղաղակը դեռ շարունակվում է, քանի որ շատերն անընդունելի են համարում Սերժ Սարգսյանի «հերթական գաղտնի որոշումը»:

Ահա այսպիսի արձագանքներ, ինչը բնական է, քանի որ Սերժ Սարգսյանը ժողովրդի թիկունքում պետության եւ ազգի հեռանկարի հարցում միանձնյա որոշումներ ընդունելու «խասյաթին» վերջ տալ չի ցանկանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը