Մեկնաբանություն

04.09.2013 12:25


Իշխանափոխությունը որպես միակ լուծում

Իշխանափոխությունը որպես միակ լուծում

Երեկ Սերժ Սարգսյանը հերթական գիշերային որոշումը մատուցեց հայ ժողովրդին։ Բոլորը, այդ թվում՝ «արևմտամետ» դհոլները, տեղեկացան, որ այլևս Մաքսային միություն են մտնում իրենց ոչ պակաս «արևմտամետ» շեֆի հետ միասին։

Պարզ է, որ Ռուսաստանն ահռելի ճնշում է գործադրել, բայց դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է, քանզի նա իր «արևմտամետությամբ» անձնական շահ էր հետապնդում և աճուրդի էր հանել Հայաստանը։ Իսկ ահա Պուտինը ՌԴ շահն է հետապնդել ու կզացրել է տոկոս «խփողին» մինչև վարդապետի խազը։

Է՛հ, թող Սարգսյանը թույլ չտար, Պուտինն էլ չկզացներ։ Ո՞վ էր խնդրում Սերժ Սարգսյանին բոլորին «այո»–ներ շռայլել։ Միմյանց հակասող «այո»–ներ։

Սարգսյանն իր վերարտադրության գերնպատակին հասնելու համար Հայաստանը դարձրեց դրսի ձեռքին խաղալիք։ Ընտրություններից հետո այդ խաղալիքի համար սկեցին կռիվ տալ հզորները, քանզի Սերժը նրանց խոստումներ էր տվել։ Ու քանի որ ՌԴ–ի ձեռքում շատ ավելի հզոր լծակներ կան Կովկասում, Սերժը Կրեմլում երգեց «Բոժե ցարյա խռանի»՝ ինքնանվաստանալով և նվաստացնելով ՀՀ քաղաքացիներիս։

Նման բաները երբեք անհետևանք չեն կարող անցնել։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Նա հիմա, պատկերավոր ասած, դարձել է Կրեմլի դռանը կապած շուն, որին անընդհատ ծեծելու են ռուս ձյաձյաները, բայց հարվածները հասնելու են նաև մեզ։ Եվ հանուն ինչի՞ մենք պետք է հանդուրժենք այս վիճակը։

Հանուն այն բանի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանն աճուրդի հանելու դիմաց իշխանության երկարաձգման երաշխիքներ է ստացել Մոսկվայից ու հիմա ռուսական գիմնազիանե՞ր է բացելու այստեղ։ Ինչպես Ռուսաստանում է ընդունված ասել՝ «Նա ֆիգ նամ նուժեն տակոյ պռեզիդենտ»։

Կարծում եմ՝ հիմա նույնիսկ «ազնիվ քյարփինջները» հասկացան, որ արևմտյան (համամարդկային) արժեքներին ինտեգրվելը բացարձակապես կապ չունի Սերժի վարած «նախաձեռնողական» քաղաքականության հետ։ Հայաստանը պետք է ունենա հավասարակշռված և արկածախնդրությունից զերծ քաղաքականություն։

Փորձը ցույց տվեց, որ Սարգսյանը չի կարողանում Հայաստանը հեռու պահել ցնցումներից ու ֆուտբոլի գնդակի դերում հայտնվելուց։ Նա տապալվել է երկրի ներսում և դրսում, հետևաբար պետք է հեռանա։

Ամեն ինչ հիմա կախված է ՀԱԿ–ից ու ԲՀԿ–ից։ Ինքնուրույնությամբ օժտված են և տարատեսակ ռեսուրսների տիրապետում են միայն այս երկու ուժերը՝ լիդերներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է անցնցում իշխանափոխության համար յուրօրինակ կամուրջի դեր կատարել հրապարակի և պետական կառավարման բուրգի միջև (Քոչարյանի դերակատարումն այդ հարցում էական է)։ Ուզում ենք, թե չենք ուզում, ընդունում ենք նրանց, թե չենք ընդունում, Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը կարող են ապահովել միայն նշյալ սուբյեկտները, եթե, իհարկե, մի կողմ դնեն հին հաշիվները, տարաձայնություները, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրը վերանայի արտաքին ու ներքին կյանքին վերաբերող որոշ քաղաքական ու գաղափարական մոտեցումները, անկեղծ երկխոսության մեջ մտնի պոտենցիալ դաշնակցի ու ամենակարևորը՝ հասարակության հետ։

Հայաստանը քաղաքական այլ ռեսուրս պարզապես չունի։ Չափազանց մեծ շռայլություն կլինի, հետևաբար, այդ ռեսուրսից հրաժարվելը։ Եթե նշածս գործիչները վեր կանգնեն իրենք իրենցից, ապա մյուս բոլոր հայաստանակենտրոն ուժերը, անգամ ՀՀԿ–ի մի հատվածն ու քաղաքացիական դաշտի «մոլորված գառնուկները», բնականաբար, ևս կմիանան պայքարին։ Այդ ժամանակ մենք կունենանք իշխանափոխություն և իրական ազգային համաձայնություն։

Իշխանափոխության այլընտրանքը Սերժի գլխավորությամբ քնձռոտ պետություն ունենալն է, որին ոչ մեկը չի վստահում և չի հարգում, որը օր օրի դատարկվում է և վերածվում թոշակառուի։

Մի՞թե Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ անձ ավելի թանկ արժեն, քան մեր պետությունը և ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ապագան։ Իհա՛րկե ոչ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը