Լրահոս

04.09.2013 21:50


Համերգների, դասախոսությունների, փաստագրական ցուցահանդեսի շարք

Համերգների, դասախոսությունների, փաստագրական ցուցահանդեսի շարք

«Նարեկացի» արվեստի միությունը սեպտեմբերի 5-ին նշում է իր հիմնադրման 9-րդ տարեդարձը: Այս տարի միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ նվիրված է Կոմիտաս կոպոզիտորին, բանահավաքին, երաժշտագետին: Կոմիտասը, որպես հայ երաժշտական բյուրեղյա ինքնության հիմնարար պատվար, կհնչի իր ձեռագրերի տառին ու ոգուն հնարավորինս հարազատ բնագրային ճշգրտությամբ` առանց մշակումների, նրա ժառանգությունը` թե՛ կոմպոզիտորական, թե՛ գիտական, կներկայացվի հնարավորինս համակողմանիորեն` ականավոր կոմիտասագետների դասախոսություններով, իսկ նրա կյանքը կլուսաբանվի արխիվային լայնածավալ հավաքածուի ցուցադրությամբ:
Այս մտայնությամբ է կազմվել սեպտեբերի 5-9-ը նախատեսված՝ փաստագրական ցուցահանդեսից, համերգաշարից և դասախոսություններից բաղկացած հատուկ միջոցառումների ծրագիրը:
Ցուցահանդեսը հիմնված կլինի Կոմիտասի մասին պատմող փաստագրական նյութերի վրա. նամակներ, գծանկարներ, լուսանկարներ, խազագրեր և նոտագրեր՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից: Ցուցադրության մեծ մասը հանրությանը կներկայանա առաջին անգամ: Նաև առաջին անգամ են Կոմիտասի գծանկարները ցուցադրվելու մեծադիր վերատպությամբ:
Դասախոսությունների ծրագիրը կազմված է այնպես, որ Կոմիտասի գործն ու ստեղծագործությունը ներկայացվի տարբեր տեսանկյուններից: Այսպես՝ Կոմիտաս կոմպոզիտորի ստեղծագործության երաժշտական վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Կոմիտասագետ, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի դասախոսությունը Կոմիտասի ժառանգությունը քննության կառնի հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության առավել լայն պատմական շրջարկում, իսկ երաժշտագետ Մհեր Նավոյանը կխոսի Կոմիտասի մասին մշակութային հարցերի և ինքնության խնդրի համատեքստում:
Համերգային ծրագիրը նույնպես մշակվել է զգուշությամբ ու այնպես, որ կոմիտասի ժառանգության հարուստ ներկապնակը հնչի իր հնարավորինս ամբողջական ժանրային տարողությամբ՝ ներկայացնելով Կոմիտասի թե կոմպոզիտորական ստեղծագործությունները, թե մշակումները: Ու քանի որ համերգը կազմակերպված է Կոմիտաս ավելի խորը ըմբռնելու ցանկությամբ, բոլոր կատարումները կարվեն նրա բնագրերին հնարավորինս հարազատ մեկնաբանություններով:
Սեպտեմբերի 5-ի համերգին կհնչեն Կոմիտասի գեղջկական երգերը, մեներգերը և խմբերգերը՝ Անուշ և Եվա Ստեփանյանների, Գոհար Մարտիրոսյանի, Վարուժան Մարգարյանի, Ավագ Մարգարյանի (բլուլ), Վաչե Շարաֆյանի (դաշնամուր) և «Վեմ» երգչախմբի կատարմամբ, սեպտեմբերի 8-ին կհնչեն հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի մեկնությամբ, իսկ սեպտեմբերի 9-ի հանդիսավոր փակման գալահամերգին Կոմիտասի մեներգերը, խմբերգերը և դաշնամուրային ստեղծագործությունները կկատարեն Մարգարիտ Շահինյանը, Աննա Մայիլյանը, Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ: Փակման համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Նարեկացի» արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը