Մեկնաբանություն

04.09.2013 13:10


Կատվի խաղը մինչև մարագն է

Կատվի խաղը մինչև մարագն է

Մենք բազմիցս զգուշացրել էինք, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետության» արդյունքում խախտվելու է մեր արտաքին հավասարակշռված քաղաքականությունը և լարվածություն է առաջանալու ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Այդպես էլ եղավ։

Մենք նաև կանխատեսել էինք, որ Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը» և նրա կողմից խրախուսվող հակառուսական հիստերիան ավարտվելու է ռուսամոլության խայտառակագույն դրսևորումներով։ Այդպես էլ եղավ։

Շտապ կարգով Խորվաթիա մեկնելով և այնտեղ ռուսական բանագնացների հետ հանդիպելով՝ Սերժ Սարգսյանը փաստացի 180 աստիճանի շրջադարձ կատարեց և հայտնվեց Մաքսային միությունում։ Մինչդեռ Հայաստանի շահը պահանջում էր, որպեսզի Հայաստանը զերծ մնա ԵՄ–ի հետ ասոցացման և ՌԴ–ի հետ մաքսային միության համաձայնագրերից որևէ մեկին միանալուց։ Մեզ համար ձեռնտուն արտաքին քաղաքականության ֆիննական մոդելն է, այն է՝ պետական կառավարման համակարգի և տնտեսական հարաբերությունների արդիականացում արևմտյան ստանդարտներով և միաժամանակ հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ անվտանգության համակարգի ամրապնդման նպատակով։

ՀՀ անկախությունից ի վեր մեր արտաքին քաղաքականությունը եղել է հավասարակշռված և փոխլարցնող (կոմպլեմենտար), քանզի և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները շատ լավ գիտակցում էին, որ Արևմուտքի և ՌԴ–ի հետ նորմալ հարաբերություններ պետք հաստատել ոչ թե լարվածության ստեղծման, այլ շահերի համադրման միջոցով։

Սերժ Սարգսյանն այժմ խախտել է ՀՀ արտաքին քաղաքականության բալանսը և մեզ դրել բավական ծանր դրության մեջ։

Փաստորեն, կատվի խաղը մինչև մարագն էր։

«Անկախ» մամուլի և պալատական ժողգործիքների կողմից «արևմտամետ» հռչակված Սարգսյանին թվում էր, թե ԵՄ–ի հետ հարաբերությունները լավացնելու համար պետք է անպայման վատացնել հարաբերությունները ՌԴ–ի հետ՝ հընթացս քանդելով ՀՀ–ի շուրջ ձևավորված անվտանգության համակարգը։ Արդյունքը եղավ այն, որ այժմ խախտվել է հավասարակշռությունը հօգուտ Ռուսաստանի, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում այնպես, ինչպես հավասարակշռության խախտումը ԵՄ–ի օգտին լինելու դեպքում էր սպասվում։ Հիմա մենք հարվածներ ենք ստանալու երկու կողմից էլ։ ռուսները «դաբիված» են անելու, իսկ Արևմուտքը միացնելու է բոլոր մեխանիզմները Հայաստանի դեմ։

Սերժ Սարգսյանն այնպես է «բորշել» ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը, որ միայն նրա հեռացմամբ է հնարավոր վիճակը շտկել։ հետևաբար՝ իշխանափոխությունը պետք է դառնա հայաստանակենտրոն բոլոր ուժերի օրիկարգի թիվ մեկ և միակ հարցը։

Ժամանակն է ծաղկավոր խալաթ ուղարկել Բաղրամյան 26:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը