Մեկնաբանություն

04.09.2013 16:25


Շավարշ Քոչարյանի հրաժարականը «в студию!» (տեսանյութ)

Շավարշ Քոչարյանի հրաժարականը «в студию!» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի «արևմտամետ» և «ռուսատյաց» նոպայի բռնկման ամենաթունդ պահին «մեյդան» հանվեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով բազմաթիվ հիմնավորումներ էր ներկայացնում, թե ինչու պետք է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել։

Շ. Քոչարյանը նաև խելոք–խելոք դատողություններ էր անում այն մասին, թե ինչու չի կարելի ՌԴ–ի առաջարկած Մաքսային միությանը միանալ, ներկայացնում էր այդ կառույցին միությանը միանալու քաղաքական ու տնտեսական մեր վնասները։

Փոխարտգործնախարարը նաև ռուսների պորտն էր տեղը դնում, թե եթե Ադրբեջանին զենք վաճառելը ՌԴ–ի համար բիզնես է, ապա Հայստանի համար էլ բիզնես է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալը։ Մի խոսքով՝ Շ. Քոչարյանը զբաղված էր Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության փաստաբանությամբ։

«Եթե դու միանում ես Մաքսային միությանը, ապա կորցնում ես քո սուվերենությունը»,– դեմքի իրեն հատուկ շարժումներով Սերժ Սարգսյանի «արևմտամետությունն» էր հիմնավորում և Բաղրամյան 26–ի տակ աշխատող «դհոլների» հակառուսական հիստերիան արդարացնում Շ. Քոչարյանը (տե՛ս կից տեսանյութը)։

Նախկինում «թունդ ընդդիմադիր» Շավարշի այս մտքերի համար թուրք–ադրբեջանական քաղաքական գծի օգտին աշխատող 5–րդ շարասյունը նրան ազգային հերոսի կարգավիճակ էր շնորհել «անկախ» մամուլի էջերում։ Շավարշին անգամ «բեզ պիծի մինուտ» արտգործնախարար էին տեսնում «դհոլները», իսկ Բաղրամյան 26–ը ներքին շրջաբերական էր իջեցրել Շավարշ Քոչարյանի օգտին PR անելու թեմայով։

Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը, ըստ Շավարշ Քոչարյանի, Մոսկվայում է թողել ՀՀ սուվերենությունն ու ինքնանվաստացած ռուսական գուբերնատորի լիցենզիայով վերադարձել Երևան։ Սերժը, ըստ այդմ, չի կարողացել պաշտպանել մեր ինքնիշխանությունը՝ սուվերենությունը։

Արևմտյան արժեքների ջատագով ներկայացող Շավարշին այժմ այլ բան չի մնում, քան հրաժարական ներկայացնելը, քանզի Արևմուտքում այդպես է ընդունված։ Եթե, իհարկե, գործ ունենք սեփական խոսքը հարգող և սկզբունքներ ունեցող մարդու, այլ ոչ թե աթոռ փախցրած նախկին ընդդիմադիր գործչի հետ (մեր ողջույնները Ռաֆայել Իշխանյանի փեսա Վազգեն Մանուկյանին. Պուտինը հայտարարել է Հայաստանում ռուսական գիմնազիաներ հիմնելու մասին, իսկ Սերժն էլ, բնականաբար, համաձայնել է դրան, քանզի սեփական աթոռի հարցը գոնե առժամանակ լուծված է համարել։ Հանրային խորհրդին մնում է «ադաբրյամսի» ժողով գումարելը)։

Ճիշտ է, թիվ մեկ հրաժարական ներկայացնողը Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է լինեն, քանզի առաջինը հանդես էր գալիս որպես եվրոպամետ, իսկ երկրորդը պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամ դառնալ՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով։ Սակայն այս երկուսից հրաժարական ակնկալելը նույնն է, թե հանցագործից օրինապաշտություն պահանջես կամ օֆշորային գոտու սիրահարից պահանջես «ատկատներով» չզբաղվել։

Այնպես որ, Շավարշ Քոչարյանը թող չսպասի իր ղեկավարների հրաժարականին ու շտապ լքի արտգործնախարարության տարածքը։ Իսկ Սերժով ու Տիգրանով հայ ժողովուրդը կզբաղվի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Շավարշի հետ միասին ուս–ուսի տված պետք է հրաժարականներ գրեն բոլոր այն մանր ու միջին տրամաչափի սազանդարները, ովքեր ԵՄ–ի հետ համաձայնագրի տեքստը չտեսած՝ գովերգում էին այն ու բոցաշունչ ելույթներ ունենում ՀՀ անվտանգության համակարգի փլուզման օգտին, ինչ է թե «վերևից» այդպիսի ցուցում կար։

Հրաժարական պետք է տան «զապչաստային գեոպոլիծիկ» Ռազմիկ Զոհրաբյանը, շուլուխչի Գալուստ Սահակյանը, ով երեկ, տեղյակ չլինելով սեփական շեֆի ընդունած որոշումից, հայտարարում էր, թե նոյեմբերին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվելու է, իսկ այսօր արդեն գովերգում է Մաքսային միություն մտնելը։

Դիմում գրելը չէր խանգարի նաև «եվրոպամետ» այն պատգամավորներին, ովքեր Սերժին քծնելու «արևմտյան» ձև էին գտել՝ փորձելով հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։

Հրաժարական պետք է տան բոլոր այն պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ բանակցել են ԵՄ–ի հետ համաձայնագրի շուրջը և քարոզել դրա օգտին։

Մի խոսքով՝ հրաժարականներ «в студию!»։ Թեև ումից ենք ինչ պահանջում։ Սրանք զրո արժանապատվությամբ և գաղափարազուրկ խամաճիկներ են, որոնց երեկ ասել էին եվրոպային քծնեք՝ քծնում էին։ Այսօր ասել են ռուսների քամակը մտեք՝ մտել են նախաձեռնողական արագությամբ։ Իրենց շեֆի պես։

Դե, իսկ «արևմտամետ» դհոլներին կանդրադառնանք առանձին հոդվածով։ Սրանք արդեն սկսել են արդարացնել Սերժին, թե բա չեք ասի՝ ճնշել են խեղճին և սպառնացել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Դհոլության նոր ձևը, ըստ այդմ, «Չար ռուսները և ճնշված Սերժը» հեքիաթը մատուցելն է, այն էլ պաթոլոգիկ ռուսախոս «արևմտամետների» կատարմամբ (Իգոր Մուրադյան և այլ թափթփուկներ)։ Բայց դե միայն հավի ուղեղով մարդկանց կարելի է նման էժանագին տեխնոլոգիաներով մոլորեցնել։ «Արևմտամետ» Սերժի վերջին քայլը բացել է նույնիսկ հավի ուղեղովների աչքերը։ Այնպես որ, Բաղրամյան 26–ը պետք է կրճատի «դհոլներին» հատկացվելիք բյուջեն։ Նրանք այլևս օգուտ տալ չեն կարող, քանզի Սերժին այլևս ոչինչ չի օգնի։ Իզուր փող մի ծախսեք էդ «դիշովկեքի» վրա։

Այս խորագրի վերջին նյութերը