Լրահոս

05.09.2013 09:31


Ջավախքահայությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին

Ջավախքահայությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին

2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկջոկատայինների կողմից ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը՝ Արմեն Չախալյանը: Հունիսի 30-ին Արմեն Չախալյանին մեղադրանք առաջադրվեց Վրաստանի ՔՕ 239-րդ հոդվածով (խուլիգանություն): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվեց կալանքը:

Արմեն Չախալյանի գործով դատավարությունը մեկնարկեց օգոստոսի 9-ին: Առաջին նիստին պաշտպանող կողմի ներկայացրած բոլոր հիմնավոր և արդարացի միջնորդությունները դատարանի կողմից մերժվեցին, Արմեն Չախալյանը թողնվեց կալանքի տակ:

Օգոստոսի 9-ի դատական նիստից հետո օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի և սեպտեմբերի 3-ի դատական նիստերն ըստ էության չկայացան՝ դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել է:

Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից և ներկաներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Արմեն Չախալյանը, վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ։

Վերոնշյալ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության շուրջ ընթացող զարգացումները բացահայտ անօրինական են, դրանք ուղղակի հակասում են իշխանափոխությունից հետո Վրաստանում և նրա հայաբնակ շրջաններում ժողովրդավարության հաստատման, օրենքի և արդարության վերականգնման գործընթացի տրամաբանությանը։

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն, արտահայտելով այս հարցում ամբողջ ջավախքահայության դիրքորոշումը, կոչ է անում Վրաստանի կառավարությանը դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք և վճռականություն` Արմեն Չախալյանի դեմ հարուցված շինծու գործը կարճելու, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում Սաակաշվիլու–Մերաբիշվիլու ոստիկանական ռեժիմի մնացուկները վերացնելու ուղղությամբ։

Սաակաշվիլիական–Մերաբիշվիլիական մեթոդները և գործելաոճն այլևս իրենց սպառել են։ Ջավախքի հայ բնակչությունը կողմ է երկրամասում և Վրաստանի այլ տարածքներում ժողովրդավարական, բաց և թափանցիկ քաղաքական համակարգի հաստատմանը, որը հիմնված է լինելու մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների հարգման սկզբունքի վրա։

Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը