Լրահոս

05.09.2013 10:58


Ստեփան Դանիելյան. «Լավագույն լուծումը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար»

Ստեփան Դանիելյան. «Լավագույն լուծումը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար»

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

–ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ Ավելին՝ Հայաստանի օրակարգում մնո՛ւմ է Վիլնյուսում նախաստորագրելու հարցը։ Ի՞նչ գնահատական կտաք ՀՀ գործող իշխանությունների նմանօրինակ գործելաոճին։

Միանշանակ գնահատակ տալը դժվար է, սակայն ամեն ինչ պետք չէ ուղղակիորեն հասկանալ: Պետք է ենթատեքստերը տեսնել: ԵՄ ասոցացման պայմանագիրը աշխարհաքաղաքական զարգացումների ենթատեքստում է պետք քննարկել: Դա ընդամենը մի գործընթաց է, որի հիմնական նպատակը, հնարավոր է, ոչ մի կապ էլ չունի ԵՄ-ին ենթադրվող հետագա անդամակցելու հետ։ Դա պետք է դիտարկել նաև Սիրիայի գործընթացների հետ: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը ցանկանում է ասել, որ ստեղծված իրավիճակում ի զորու չէ որոշում կայացնել, սակայն հարցը մնում է բաց: Սիրիայում ընթացող դեպքերի զարգացումը ցույց կտա, թե հետագայում Հայաստանը ինչպիսի ընտրություն կկատարի, և բնականաբար՝ այդ որոշման հիմնական նախադրյալը անվտանգության խնդիրը կլինի:

Վիգեն Սարգսյանը նաև շատ հետաքրքիր տարանջատում էր կատարել։ Նա առանձնացրել էր ԵՄի Ասոցացման համաձայնագրում առկա տնտեսական և քաղաքական բաղադրիչը, և նշել՝ եթե Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին, ապա իրենք կվերցնեն այդ համագործակցությունից ամենակարևորը՝ քաղաքական երկխոսությունը։ Խելամի՞տ և իրագործելի՞ է արդյոք նման մոտեցումը։

Հայաստանի իշխանությունները կոռումպացված են, ինչը նշանակում է, որ առաջին հերթին նրանց հետաքրքրում է իշխանության վերարտադրության հարցը: Դա կապված է նրանց անձնական անվտանգության հետ և միշտ առաջին պլանում է լինելու: Սակայն կա նաև օբյեկտիվ իրավիճակ: Եթե փորձեք վերլուծել Հայաստանի քաղաքական պատմությունը, ապա կնկատեք, որ մենք միշտ քաղաքակրթությունների և կայսրությունների բախման գծում ենք եղել, ինչով և պայմանավորված են մեր հաջողություններն ու դժբախտությունները: Անգամ մեր դավանաբանական ընտրությունը (հին ժամանակներով դավանաբանությամբ էր որոշվում այս կամ այն «մաքսային միության» ընտրությունը) աշխարքաղաքական գործընթացներով էր պայմանավորված: Սա պատմության կրկնությունն է: Այդ հայտարարության տակ պետք է հասկանալ, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ քաղաքակրթական որոշում կայացնել: Իսկ թե այդ միտքը ինչ ձևակերպումներով կներկայացվի, արդեն կարևոր չէ: Նորից եմ կրկնում՝ Սիրիայի դեպքերի զարգացումը կարող է այս հարցում պարզություն մտցնել:

–Իսկ թե՛ եվրոպացիները, թե՛ ռուսներն ինչպե՞ս կընդունեն Հայաստանի նման երկակի խաղը՝ ԵՄի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքան մասը, Մաքսային միությանն էլ միանալ տնտեսական մասով։

Ես կարծում եմ՝ թե՛ Եվրոպան (իրականում ԱՄՆ-ը), թե՛ Ռուսաստանը շատ լավ են հասկանում Հայաստանի բարդ արտաքին իրավիճակը: Ավելին՝ Հայաստանին թույլատրվում է այն, ինչը շատերին չի թույլատրվում: Օրինակ` բոլորն ըմբռնումով են վերաբերվում Իրանի հետ մեր լավ հարաբերություններին, կամ նույն Իրանը նույնպես ըմբռնումով է վերաբերվում ԱՄՆ–ի հետ մեր նույնպիսի լավ հարաբերություններին և այլն: Նման իրավիճակը կարող էր երկար շարունակվել, եթե չդրվեր ԵՄ ասոցացման պայմանագրի հարցը, ինչն արդեն ինստիտուցիոնալ որոշում էր պահանջում: Դա սրեց իրավիճակը, և բոլորը մոռացան Հայաստանի շատ վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին: Հիմա փորձ է արվում վերադառնալ հին «չկողմնորոշված» դրությանը, և դրա համար բերված բանաձերը կարող են տրամաբանական կամ անտրամաբանական հնչել, սակայն նպատակը դա չէ: Այդ հայտարարությունը պետք է դիտարկել այն իմաստով, որ Հայաստանը փորձում է ձգել ժամանակը և որքան հնարավոր է՝ կոնկրետ որոշում չընդունել։

Որևէ լուծում կա՞ ստեղծված իրավիճակից, թե՞ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը Հայաստանին արդեն դրել է փակուղու մեջ։

Լավագույն լուծումը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, և մենք մոտ մեկ տարի ժամանակ կշահենք: Այդ մեկ տարին մեզ հարկավոր կլիներ նոր իշխանություններ ձևավորելու համար, և բնականաբար բոլոր կողմերն էլ կհասկանային, որ մենք այս պահին օբյեկտիվորեն ի վիճակի չենք որոշում կայացնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը