Մեկնաբանություն

05.09.2013 13:17


Հանուն անկախության կամ նորից դեպի Հրապարակ

Հանուն անկախության կամ նորից դեպի Հրապարակ

Ղարաբաղյան շարժման արդյուքնում մենք ազգովին ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետություն, որն իր անձնագրով՝ Սահմանադրությամբ՝ անկախ և ինքնիշխան պետություն է:

Սակայն անկախությունը, ինչպես նաև ազատությունը, միայն հռչակումով կամ փաստաթղթով չեն լինում, նրանք կա՛մ փաստացի լինում են, կա՛մ չեն լինում:

Ղարաբաղյան շարժումը կամ, ինչպես շատ անգամ ասում են՝ «88-ի շարժումը», իր մեջ ներառում էր տարբեր գաղափարներ ու տարբեր նպատակներ, սակայն իբրև վերջնական նպատակ՝ հայ ժողովուրդը հռչակեց անկախ հանրապետությունը, որի համար էլ գնաց մինչև վերջ ու հաղթեց: Հենց այդ տարիներին էլ հաստատվեց մրցակցային ընտրական համակարգը, որն էլ անկախ պետություն ունենալու հիմնական գրավականն է:

Ու թեև անկախությունը հռչակվում է մեկ անգամ, այնուամենայնիվ, նրա պահպանումը ամենօրյա գործ է, որին մասնակից ենք բոլորս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ պաշտոնից և դիրքից:

Պետության անկախության հիմնական բաղադիրչը ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորումն է, որն էլ հնարավորություն կտա տվյալ երկրի ղեկավարներին վարել ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն՝ ելնելով միմիայն մեր պետության ու քաղաքացու շահերից:

Ահա հենց այս կետում մենք կորցրել ենք մեր անկախությունը: Այսօր Բաղրամյան 26-ում հանգրվանած Սերժ Սարգսյանի նախագահությունը երբևէ չի եղել լեգիտիմ, հետևաբար՝ նրանից սպասել որևէ ադեկվատ քաղաքական որոշում, մեղմ ասած՝ քաղաքական անմեղսունակություն է:

Կա ազատ և անկախ պետության վերահաստատման հասնելու երկու ճանպարհ` հերթական համապետական ընտրությունների ժամանակ պարտադրել իշխանություններին անցկացնել օրինական ընտրություններ, կամ պարտադրել Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականը, որից հետո անցկացնել ազատ և օրինական ընտրություններ:

Մարդիկ, ովքեր ապրել են Սովետական Միությունում, լավ գիտեն, թե ինչ է նշանակում ապրել բացարձակ բռնապետական համակարգում և չունենալ անկախ ազգային պետություն: Ու հենց այդ սերնդի պայքարի ու ազատասիրության արդյուքնում 90-ականների սերունդն ապրում է անկախ հանրապետությունում:

Սակայն ինչպես յուրաքանչյուր հեղափոխություն, այնպես էլ մեր «88-ի» հեղափոխությունը, ունենում է կամ հետընթաց` հեղափոխության արդյունքների զիջում, կամ առաջընթաց՝ հաղթանակի արդյունքում ձեռք բերված արժեքների ամրապնդում ու խորացում: Այսինքն՝ կամ հեղափոխությունը խորանում է, կամ հեղափոխությանը հաջորդում է հակահեղափոխությունը:

Այսօր մեր պետության ղեկին հայտնված հակաանկախականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քամուն են տալիս այն արժեքները, որոնք մեր ժողովուրդը ձեռք է բերել համաժողովրդական շարժման շնորհիվ: Ուստի, այսօր մենք կա՛մ պետք է վերադառնանք դեպի СССР, բայց ավելի վատ տարբերակով և կրկին դառնանք ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված ժողովուրդ, կա՛մ նորից ազգովին դուրս գանք Ազատության հրապարակ և վերահաստատենք մեր անկախությունը:

Ինչպես ասում են՝ որոշումը մերն է:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը