Մեկնաբանություն

06.09.2013 10:05


Անկեղծ չենք

Անկեղծ չենք

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»:

1907 թվականին մեծն Թումանյանի գրած հայտնի հոդվածը ավելի քան ակտուալ է այսօր, երբ Սերժ Սարգսյանի վարձկան վերլուծաբաններն ու քաղաքագետները (մոտավորապես կարենբեքարյանների կամ սերգեյմինասյանների եւ նմանատիպ մարդկանց կերպարանքով) պատվերի շրջանակում ջանում են ամեն կերպ արդարացնել պատվիրատուի քայլը: Մեկի, որ բոլորից գաղտնի որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն:

Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք ճի՞շտ էր, թե՞ սխալ Մաքսային միությւոն մտնելը։ Հարցն այն է, որ դա արվել է գաղտնի, ընդ որում՝ մինչև այդ հայտարարվում էր, թե Հայաստանը ԵՄ–ի հետ է խորացնում հարաբերությունները։

Անշուշտ, նույն այդ վարձկանների այսօրվա դիֆերամբները առ Սերժ Սարգսյան նորմալ կընկալվեին, եթե մինչ այս նրանք չգովերգեին Սերժ Սարգսյանին իբրեւ «արեւմտամետ» գործիչ՝ ակնհայտորեն հույս փայփայելով, թե վերջինս ամեն գնով փարվելու է Արեւմուտքին:

Սակայն, ինչպես պարզվեց, Սերժ Սարգսյանը դերասանություն էր անում կամ էլ արտաքին քաղաքականությունը շփոթում էր խաղատուն այցելելու հետ:

«Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․»,- գրում է Հովհաննես Թումանյանը իր «Անկեղծ չենք» հոդվածում:

Մինչեւ երեկ Սերժ Սարգսյանը «արեւմտամետի» դերն էր խաղում, ինչը գարշելի է կյանքի մեջ, իսկ այսօր նրա վարձկանները նույնքան գարշելի դերասանություն են անում՝ մեր կյանքը վերածելով թատրոնական բեմի:

Ախր ո՞ւմ էիք խաբում նախկինում և ո՞ւմ եք խաբում հիմա: Ժողովրդի՞ն, որ սարքել եք թամաշավոր ու կարծում եք, թե նա ոչինչ չի՞ հասկանում:

Ժողովուրդը տեսել է եւ գիտեր, թե որքանով էր «արեւմտամետ» Սերժ Սարգսյանը, որը սիրահոժար մասնակցում էր թե՛ Դալլաքյանի որդու հարսանիքին եւ թե՛ Լիսկայի մոր թաղմանը՝ նախագահական ինստիտուտը վերածելով հարսանեկան ու թաղման արարողությունների բյուրոյի:

Որտե՞ղ եք տեսել այսպիսի արեւմտամետ և առաջադեմ գործիչ: Առաջադեմ գործչի լեքսիկոնում արդյոք կարո՞ղ էր լինել «խփել», «թարս բուսած խիյար» եւ նմանատիպ արտահայտություններ , եւ կամ՝ առաջադեմ գործչի համար մի՞թե կարող էր բնական համարվել իրեն գովերգող չեբուրաշկաների գոյությունը:

Այս ամենի մասին ժամանակին վարձկանները լռել են, այս ամենը չտեսնելու են տվել նաեւ պալատի սպասարկու լրատվամիջոցները, որոնք հիմա զբաղված են շահատակություններով. փորձում են ժողովրդին համոզել, որ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումը (անսպասելի ոստյունով ՌԴ-ի գիրկը նետվելը) մի այնպիսի սխրանք է, որ ոչ ոք այլեւս չի կարող կրկնել:

Ավելին՝ փորձում են անպատկառորեն հանդես գալ ժողովրդի անունից:

Ճիշտ նույն իրավիճակը ավելի քան մեկ դար առաջ ներկայացրել է Թումանյանը. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»:

Ջոկել ենք՝ ԿԵՂԾԻՔ Է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը