Մեկնաբանություն

07.09.2013 15:41


Գրական պանթեոն

Գրական պանթեոն

«Այո՛, մտավորականներին մենք կբազմացնենք կաղապարներով, նրանց կարտադրենք գործարանային եղանակով»,- 1925 թվականին հայտարարում էր բոլշեւիկ Բուխարինը:

Ոչինչ չի փոխվել. այսօր էլ Հայաստանի ստեղծագործական միություններում նույն եղանակով են արտադրում միության ԱՆԴԱՄՆԵՐ:

Հայաստանի գրողների միության նախագահին դեռ երեկ են հանձնել հողին, սակայն այսօր արդեն այնտեղ խուլ պայքար է սկսվել այդ պաշտոնին տիրանալու համար: Դե, քանի որ հավակնորդները հիմնականում հանգուցյալի թիմից են, կարելի է պատկերացնել, թե այսուհետ ինչպես է ընթանալու «գրական պրոցեսը»: Հին ու տրորված արահետով, ինչը տեսել ենք առնվազն վերջին 20 տարում: Այն է՝ միության գործունեությունը շարունակվելու է ստալինյան «ստեղծագործական» կառույցների ոգով:

Նշանաբանը՝ «Մի՛շտ լինել իշխանությունների կողքին» պահպանել շարքերի «գազոնային» կառուցվածքն ու մտածողությունը, երկրի ու ժողովրդի համար ճակատագրական պահերին չցցվել՝ քանի դեռ իշխանությունը չի ասել, թե ինչպես պահեն իրենց… Եւ ստեղծել նույնքան անատամ, քսու գրականություն: Ջհանդամը թե՝ ոչ միայն ընթերցողների բանակ չեն ունենալու, ավելին՝ ընթերցողը երես է թեքելու իրենցից ու իրենց ստեղծած գրականությունից:

Սա ենք տեսել վերջին երկու տասնամյակում: Եվ նաեւ այն, որ անդամների գերակշիռ մասի մտայնությունը եղել ու մնացել է նույնը՝ «Ախր, վերեւից՝ նախագահականից են դնում մեր նախագահին, մենք ի՞նչ»: Եվ միության համագումարներին միաձայն քվեարկում են «վերեւից դրածի» օգտին:

Դե, հայտնի է «վերեւից դրածի» ակտիվ գործունեությունը: Ամեն տարի հրավիրել գրական համաժողովներ՝ սփյուռքից կանչել նույն գրողներին, մի օր «քննարկել արդի գրականության խնդիրները» մնացած օրերին՝ կերուխում:

Հետո՝ հերթագրել միության ամենամյա մրցանակակիր անդամներին եւ ամեն տարի մրցանակ հանձնել հերթի կանգնած միության անդամների հերթական խմբին: Եթե, իհարկե, նրանք տարվա ընթացքում իրենց լավ են պահել, իշխանության դեմ չեն խոսել, ինչ-որ այլախոհական պահվածք չեն դրսեւորել, այսինքն՝ «գերազանցիկ» անդամ են եղել, ապա հաստատ կստանան մրցանակը:

Սա է չափանիշը: Թե չէ՝ հո՞ նրանց տպած նոր «հանճարեղ» գրքի համար չեն տալիս մրցանակը: Մանավանդ, երբ միության մրցանակի հանձնաժողովը այդ գրքերը չի էլ կարդում:

Ի դեպ, ահագին մազալու են սրանց կազմակերպած գրքի շնորհանդեսները կամ գինեձոները: Կլոր սրահում հավաքվում է մի տաս անդամ ու իրենց «գրչընկերոջ» գրքի շապիկը նոր-նոր տեսած՝ սկսում են կենացներ ասել հեղինակի «արծարծած կարեւոր թեմայի մասին»:

Իսկ այն անդամները, որոնց հերթը հանկարծ այդ տարի հետ են գցում, ողջ տարվա ընթացքում վազում են այս ու այն խմբագրություն ու բողոքում միության ղեկավարությունից այնքան ժամանակ, որ ղեկավարությունը սրանց կանչում ու խոստանում է՝ «էս տարի քեզ հաստատ մրցանակ ենք տալու»: Այդ պահից տվյալ անդամը դառնում է միության նախագահի ստրուկը եւ մեղադրում բոլոր խմբագրություններին, որ իր խոսքը անպատկառորեն խեղաթյուրել են, որ ինքը նման բան չի ասել միության ղեկավարության մասին:

Ինչեւէ, ստրկամտության, ծառայամտության, պատեհապաշտության, անբարոյականության եւ վերջապես «գրական» ցանցառության դասական օրինակ:

Հետո սրանք հերթ են կանգնում միության նախագահի դռանը, որ վերջինս իրենց Ծաղկաձորի գրողների տանը մի քանի օր հանգստանալու ուղեգիր տա: Դե, առաջ լոբու ու ձեթի համար էին հերթ կանգնում, իսկ հիմա… Ինչպիսի «գրական առաջընթաց»:

Գրական մամուլ ասվածը մառազմ է. գրպանային գրականագետների շարասյունը ամեն համարում գովաբանում է անդամների նոր գրքերը, որոնք, ընդգծում ենք, չի կարդացել: Բայց պետք է, քանզի նախագահի հրահանգն է: Ի վերջո, պետք է ցույց տալ, որ «գրական պրոցեսը աշխուժանում է»:

Որ հետո էլ այդ գրքերը ներկայացնեն Նախագահի մրցանակի կամ պետական մրցանակի: Այստեղ էլ, հայտնի է՝ հերթը չի խախտվում եւ եթե անգամ «նշանավոր» գրողը ծուլանում ու նոր գիրք չի գրում, բայց Նախագահի կամ պետական մրցանակ ստանալու իր հերթն է, միանգամից վերատպում է 20 տարի առաջվա իր նաֆթալինոտ գիրքը ու հանձնաժողովը, աչք փակելով այդ փաստի վրա, որոշում է մրցանակը հանձնել հենց այդ «նոր» գրքին:

Ավաղ, էս «աշխույժ գրական պրոցեսին» ընթերցողը չի հետեւում ու ապերախտաբար չի գնահատում արդի գրողների «տաղանդավոր գրքերը»: Անգամ երբ ձրի բաժանում են նրանց, միեւնույն է, այդ գրքերը թերթող չկա:

Անշնորհակալ «պլեբսը» մինչդեռ վազում ու ջարդում է միության դահլիճի դռները, որ ներկա լինի Երեւան ժամանած Պաուլո Կոելոյի հետ կազմակերպված հանդիպմանը:

Մի խոսքով «դառն» է հայ ժամանակակից գրողի (անդամի) ճակատագիրը: Ոչ վերեւներում են նրանց կարդում եւ ոչ էլ ներքեւներում: Վերեւներին պետք է հլու-հնազանդ «ստեղծագործական գազոն», իսկ ներքեւներին՝ ոչինչ: Պատրաստված ընթերցողին էլ՝ արժեքավոր գրականություն, ինչը չկա:

Չենք կարող չնկատել նաեւ երիտգրողների (հատուկենտ բացառությունները չհաշված) բանակի նույնքան անդեմ, լպրծուն ու ծախու գոյությունը, որոնց վերջին 12 տարիներին միության շարքերն են ընդունել համագումարներին գրական ցմահ ղեկավարության վերընտրությունը ապահովելու համար: Հանձնառություն, որ նրանք իրագործում են կոմերիտական խանդավառությամբ:

Չենք կարող նաեւ չնկատել, որ ամիսներ առաջ ստեղծված գրական նոր հանդեսի առաջին համարում հրատարակիչը գրողից առաջ զետեղել էր Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարը՝ համապատասխան դիֆերամբով:

Հիմա գրական ղեկավարության էս տեսակը ցանկանում է գրավել նախորդի աթոռը:

Ինչպես ասում են «մի կին ատամնատեխնիկ» եւ մի քանի տղամարդ: Բոլորն էլ պալատի «որակի նշանով»:

Այնպես որ «գրական պրոցեսի» շարունակականությունը ապահովված է: Բացի այդ՝ միության ինչքը կամ գույքը դեռ ամբողջովին չի ծախվել-մսխվել:

Մի խոսքով՝ գրական «թայֆան» կամ «մաֆիան» անմահ է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը