Մեկնաբանություն

08.09.2013 17:37


Եվրոօլուխների ճակատագիրը և խիարի բուսնման ուղղությունը

Եվրոօլուխների ճակատագիրը և խիարի բուսնման ուղղությունը

Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու համար որոշեց երկխոսության մեջ մտնել ոչ թե հանրության, այլ դրսի ուժերի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԵՄ–ի, ՌԴ–ի, ԱՄՆ–ի հետ։

Խաղասեղանին դրվեց Հայաստանն ու Ղարաբաղը։ Պարզվեց, որ ահագին գնորդներ կան։ Մանավանդ որ շատ էժան գին էր առաջարկվել՝ «Աջակցություն Սերժ Սարգսյանի իշխանությանը՝ Հայաստանի ինքնիշխանության բաց աճուրդին մասնակցելու դիմաց» ծրագրի շրջանակներում։

Սկսվեց մրցավազք աճուրդի հանված երկրի ինքնիշխանությունը սեփականաշնորհելու համար։ Որքան շատ էր Սերժը տոկոս «խփում», այնքան ընկնում էր Հայաստանի ինքնիշխանության գինը։

Նկատենք, որ ամենակեղտոտ ձևով իրենց պահում էին եվրոչինովնիկները, որոնց սեպտեմբերի 3–ից հետո կարելի է եվրոօլուխներ անվանել։ Սրանք, ի տարբերություն ռուսների, որոնք ձևականությունների հետևից չէին ընկնում և գործի անցան միայն այն ժամանակ, երբ ղումարբազը չափն անցավ, ամեն կերպ աջակցեցին Սերժ Սարգսյանին՝ հիմնավորելով դա վատ միջոցներով լավ նպատակին հասնելու ցանկությամբ։

Եվրոօլուխները փակեցին մարտի 1–ի էջը, ողջունեցին ընտրակեղծիքները, ծափահարեցին Հայաստանում քաղբանտարկյալներ պահելու իշխանության որոշմանը, փաստաբանի դեր կատարեցին երկրի տնտեսության հերն անիծած Սերժ և Տիգրան Սարգսյան զույգի համար, հսկայական գումարներ հատկացրեցին «նախաձեռնող» իշխանությանը և աչք փակեցին թալանի վրա՝ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալու և ՌԴ–ի դեմ բուֆերային գոտում մանրադրամի ֆունկցիա կատարելու դիմաց։

Սերժը, նրա «դհոլչի» քարոզիչները և եվրոօլուխները համատեղ ուժերով փորձում էին ՀՀ քաղաքացիներին խաբել, թե իբր 10 զոհի գնով նախագահի աթոռին հայտնված ՀՀԿ ղեկավարի ուշքը գնում է ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքների համար, ու նա Սաշիկի ձեռքը բռնած ուզում է խավարից հանել հայ ժողովրդին ու տանել դեպի լուսավոր Եվրոպա։ Սերժից արևմտամետի կերպար ստեղծելու գործընթացը նողկալի էր ինչպես տնաբույծ դհոլների, այնպես էլ եվրոօլուխների կատարմամբ։ Նման լկտի բլեֆը կյանքի կոչելու համար ֆյուլեներն ու մյուսները գնացին ամեն ինչի՝ վերջում էլ սպառնալով դատի տալ, եթե հանկարծ ՀՀ–ն հրաժարվի այդ արկածախնդրությանը մաս կազմելուց։

Իսկ հիմա նույն այդ եվրոօլուխները «քցված» են զգում իրենց և ծղրտոցներ են արձակում։ Սերժն, իհարկե, ռուսներին էլ էր ուզում «քցել», քանզի նրանց էլ էր «այո» ասել, բայց Պուտինը հասկացրեց, որ ղումարբազության համար կարող է պատժել և այնպես նվաստացրեց Սարգսյանին, որ իրեն հարգող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նույնպես պետք է նվաստացած զգա, քանզի Սարգսյանը աշխարհում ներկայանում է ՀՀ նախագահի դերում։

Հայաստանն այժմ հայտնվել է Մաքսային միության «չուլանում», իսկ Սերժ Սարգսյանին կապել են Կրեմլի պատերի տակ, որ հանկարծ «դուրսընկածություն» չանի։ Բայց դրա համար պետք է մեղադրոլ ոչ թե ռուսներին կամ օլուխ եվրոչինովնիկներին, որոնք իրենց երկրների շահերն են հետապնդել և հետապնդում, այլ Սերժ Սարգսյանին, ով բառիս բուն իմաստով տանուլ է տվել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը՝ անձնական շահերից ելնելով։

Հանուն օբյեկտիվության պետք է նշել, որ մեղավոր ենք նաև մենք, որ հանդուրժում ենք Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26–ում։

Դե իսկ «քցված» և ոչ պակաս նվաստացված եվրոօլուխների ճակատագիրն այս պատմության մեջ չորրորդական նշանակություն ունի։ Նրանք փորձեցին արևմտյան (համամարդկային) արժեքները ոտնահարելով և երկակի ստանդարտներ կիրառելով քստմնելի գործարք կնքել Հայաստանի հասարակության թիկունքում և օգտագործել ընտրակեղծիքների ռահվիրա Սերժ Սարգսյանին։ Արդյունքում խիարը թարս բուսնեց ինչպես Սերժի, այնպես էլ եվրոօլուխների համար։ Սակայն ամենամեծ հարվածը ստացավ Հայաստանը, քանզի Մաքսային միությանն անդամագրվելը գրեթե նույնքան սխալ է մեզ համար, որքան որ ԵՄ–ի հետ ասոցացման գնալու դեպքում կլիներ։ Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ մեզ համար ճիշտը Մաքսային միությանը և ԵՄ–ի հետ ասոցացմանը չգնալն է՝ հավասարակշռված և փոխլրացնող քաղաքականության շրջանակներում։ Իսկ հիմա «արևմտամետ» Սերժը հայտնվել է Չեչնիայի էքսցենտրիկ ղեկավար Ռամզան Կադիրովից էլ ցածր կարգավիճակում՝ նման կարգավիճակում դնելով նաև Հայաստանը։

Ու որպեսզի խիարը վերջնականապես թարս չբուսնի մեր պետության համար, անհրաժեշտ է Սերժին ուղարկել չվաստակած հանգստի ու քայլ առ քայլ վերականգնել Հայաստանի կորուստները՝ զուգահեռաբար վերականգնելով նորմալ ու գործընկերային հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ–ի հետ։

Ինչպես ասում են՝ հետևում Երևանն ու Ստեփանակերտն են։ Նահանջի տեղ չկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը