Մեկնաբանություն

09.09.2013 09:50


Սարգսյանի «և, և»–ն ու սահմանադրական փոփոխությունները

Սարգսյանի «և, և»–ն ու սահմանադրական փոփոխությունները

2008թ. սկսած Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքական դաշտում «և, և» է խաղում՝ նպատակ ունենալով իշխանությունը պահել դրսի ուժերի աջակցությամբ։

Սարգսյանական «և, և»–ը տարբեր փուլերում տարբեր դրսևորումներ է ստացել, բայց այդ «հայեցակարգի» էությունը մնացել է նույնը՝ աշխարհաքաղաքական թափառաշրջիկություն՝ Հայաստանի շահերի ոտնահարմամբ։

Հայ–թուրքական գործընթացի ժամանակ, օրինակ, Սարգսյանը համաձայնեց Հայոց ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ գործնականում առևտրի առարկա դարձնելով 1,5 միլիոն զոհերին։ Սակայն միևնույն ժամանակ նա սկսեց ելույթներ ունենալ Դեր Զորի անապատներում և ծաղիկներ դնել Վուդրո Վիլսոնի գերեզմանին՝ «հայրաներասիրական» դիրքերից հայկական Նյուրնբերգ պահանջելով։ Այսինքն՝ Սարգսյանը և՛ Հայոց ցեղասպանությունն էր աճուրդի հանել, և՛ փորձում էր այդ գործընթացին տալ «պահանջատիրական» տեսք։

Ղարաբաղի հարցում էլ նա այնքան «այո»–ներ շռայլեց մայնդորֆներում և սոչիներում, որ Կազանում և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող փաստաթուղթ հայտնվեց բանակցային սեղանին։ Միայն Ալիևի ագահությունն ու էշությունը մեզ փրկեցին։ Սակայն դա դաս չեղավ «Yes man»–ի համար. Սարգսյանը շարունակեց իր «և, և»–ությունը։

ԵՄ–ին ու ՌԴ–ին իրարամերժ խոստումներ տալով՝ Սարգսյանը կրկին «և, և» էր խաղացել։ Բրյուսելին խոստացել էր ասոցացվել ԵՄ–ի հետ, իսկ Մոսկվային հավաստիացրել էր, որ մանկուց երազել է Մաքսային միության մեջ մտնել և Եվրասիական միության մաս կազմել։ Սեպտեմբերի 3–ին, սակայն, նա Մոսկվայում «ռաստվեց» և հիմա փորձում է և՛ Մաքսային միության փաստաթուղթը ստորագրել, և՛ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալ գոնե դեկլարատիվ դրույթների շուրջ (դեմքը փրկելու համար)։

Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանն իր «և, և»–ով փորձում է կապկել Լևոն Տեր–Պետրոսյանի հավասարակշռված և Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտար քաղաքականությանը, սակայն ինչպես «գեղցիների» դեպքում է լինում, խիարը թարս է բուսնում։

Սարգսյանը որքան էլ փորձի ֆրակ կրել, «զապոնկաներով» վերնաշապիկներին նախապատվություն տալ և այդպիսով առաջադեմ երևալ, միևնույն է, ֆրակի հետ հագած սպիտակ «բոթասները» մատնում են նրա «գեղցիությունը» և անմեղսունակությունը։ Ասածս վերաբերում է նաև նրա քարոզչագործիքներին՝ ղարաբաղցի ռենեգատներին և «անկախ» մամուլի մշակներին. «գեղցիությունը» և մտավոր հաշմանդամությունը պարզապես աչք է ծակում։

Ի դեպ, անմեղսունակության մասին։

Սարգսյանն իր «և, և»–ով ցույց տվեց, որ անմեղսունակությունը կարող է քաղաքական կատեգորիա դառնալ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում, իրոք, սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Արժե Մայր օրենքում կետ ավելացնել, որ երկրի ղեկավարը պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնի մեղսունակության վերաբերյալ։

Տարրական թեստեր կան, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե ինչ մտավոր կարողություններ ունի մարդը։ Սովորական աշխատանքի ընդունելիս են հազար ու մի քննություն տալիս, բայց արի ու տես, որ նախագահ դառնալու համար անմեղսունակությունը խոչընդոտ չէ, մանավանդ եթե տոկոս «խփելու» մեխանիզմը հստակ գործում է։

Փորձը ցույց տվեց, որ պետությունը կազինոյում տանուլ տալու հակումներ ունեցող մարդը կարող է հայտնվել նախագահական նստավայրում, չորս տարի ԵՄ–ի հետ բանակցել հակառուսական ուղղվածություն ունեցող փաստաթղթի շուրջ և մեկ գիշերվա մեջ մտնել ռուսական նախագծի մեջ՝ հայտարարելով, թե անվտանգության հարց կար։ Իսկ մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ անվտանգության հարց չկա՞ր։ Նո՞ր նկատեցիք։ Ինչպե՞ս կարելի է մեկ շաբաթ առաջ տանել մի փաստաթղթի քարոզ, իսկ հիմա նույն մարդկանցով ճիշտ հակառակ փաստաթղթի քարոզ անել։

Չէ, իրոք սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Պետք է հանրաքվեով ամրագրել անմեղսունակության բացառման կետը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը