Մեկնաբանություն

09.09.2013 10:06


«Ամերիաբանկը» և օֆշորը. նոր մանրամասներ օֆշորային սկանդալից

«Ամերիաբանկը» և օֆշորը. նոր մանրամասներ օֆշորային սկանդալից

«hetq.am»–ը օֆշորային սկանդալից հերթական մանրամասներն է հրապարակել։ Սկիզբն այստեղ։

««Գլոբալ կարատ» ՍՊԸ-ն, որը Սիերա Լիոնեում հիմնված հանք է, Սիերա Լիոնեի արևելյան մասի երեք տարբեր հատվածներում ադամանդի և ոսկու հանքեր շահագործելու լիցենզիա ունի: Ամբողջական տարածքը, որտեղ ընկերությունն իրականացնում է իր ադամանդի և ոսկու հանքային գործողությունները, կազմում է մոտավորապես 810 հազար հա: Այս վայրերի ամբողջական պաշարը գնահատվում է մոտավորապես 10 հազար տոննա ոսկի և մոտավորապես 9.6 միլիոն կարատ ադամանդ` 10 մետր խորության վրա: Ընկերության հիմնադրումից հետո վերջին տարիների ընթացքում «Գլոբալ կարատ» ընկերությունը ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ հանքային գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես՝ ընկերությունն ունի էքսկավատորներ, բուլդոզերներ, բարձիչներ և այլ անհրաժեշտ մեքենաներ միջին գործողությունների համար: Այնուամենայնիվ, գործողությունների քանակը արդյունավետ, ժամանակակից դարձնելու նպատակով ավելացնում է եկամտաբերությունը», - սա «Ձորագյուղ» ԱԿ բիզնես նախագծից մի հատված է:

Բիզնես նախագծի առաջին օրինակը գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Այն հեղինակել է հենց «Ամերիաբանկը»` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պատվերով, ինչի դիմաց վերջինս վճարել է 6 հազար դոլար: Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ բանկը բիզնես նախագիծը գրել է, որպեսզի հնարավորություն ունենա Աշոտ Սուքիասյանին ավելի քան 12 մլն դոլարի վարկ տրամադրել:

Ընդհանրապես, բանկի կազմած բիզնես ծրագիրն ասես 19-րդ դարի «ոսկու տենդի» (gold rush) պատմություն լինի: Պարզվում է` Աֆրիկայում` Սիերա Լիոնեում, 10 մետր խորության վրա թաղված է 10 հազար տոննա ոսկի եւ 9.6 մլն կարատ ադամանդ: Իսկ «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիսայանին միլիոնավոր դոլարների վարկ է տալիս, որ նա գնա, այդ ոսկին ու ադամանդը բերի Հայաստան: Տարօրինակ է, որ բիզնես նախագծում «Ամերիաբանկի» ղեկավարները նման «գաղտնիքի» մասին հիշատակել են: Տեսնես ինչո՞ւ նրանք միանգամից մի քանի բահով չեն մեկնել Աֆրիկա: Չէ՞ որ հողն ընդամենը 10 մետր փորելով` նրանք աներեւակայելի կարողության տեր կդառնային:

Ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում հարցաքննվել է «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Հենց նա է զբաղվել Աշոտ Սուքիասյանի վարկով: Թե ինչ հարցեր է տվել քննիչը եւ ինչ պատասխաններ ստացել, դեռեւս անհայտ է: Զարմանալի է, բայց առայժմ չեն հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը: Բանկի նշյալ երեք պաշտոնյաներն անմիջական առնչություն են ունեցել վարկային այս պատմության հետ ու դրա պատասխանատուներն են:

Գործարար Փայլակ Հայրապետյանը ամիսներ առաջ մեզ տված հարցազրույցում մի տեղեկություն էր հայտնել, որը երկար ժամանակ չգիտեինք՝ ինչպես հրապարակել: Իրականում, ուսումնասիրելով «Ամերիաբանկի» գրած բիզնես նախագիծը եւ վարկային պատմության մանրամասները, անհնար է այլ եզրահանգման գալ` «Ամերիաբանկի» ղեկավար անձանցից որոշ անձինք խիստ շահագրգռված են եղել, որ այդ վարկը դուրս գրվի:

Բիզնես նախագծում նշված է. « ...Բավականին վերջերս «Ձորագյուղ» ՍՊԸ-ն մեծ մասնակցություն է ցուցաբերել «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի աշխատանքներում, որը Սիերա Լիոնեում կազմավորված ոսկու և ադամանդի հանք է... », «... Ընկերությունը առևտրական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ: 2008թ. «Ձորագյուղ» ՍՊԸ-ն ընդլայնեց իր բիզնես հետաքրքրությունները հանքարդյունաբերության մեջ և մեծ ուշադրության արժանացավ «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի կողմից... » եւ այլն: Նշված կեղծ տեղեկություններն ինչպես են տեղ գտել բիզնես ծրագրում, միայն «Ամերիաբանկին» է հայտնի: Բիզնես նախագծում առկա կեղծ տվյալները բազմաթիվ են: Ի՞նչ նպատակով է բանկը դրանք հորինել:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նշյալ բիզնես ծրագրի հիման վրա հատկացրել է 10,7 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ «Ձորագյուղ» ՍՊԸ-ն նույն ծրագրով ստանձնել է պարտավորություններ, թե երբ եւ ինչի վրա է ծախսելու հատկացվելիք վարկը: «Ամերիաբանկը» չի վերահսկել, թե ինչպես է վարկառուն գումարները ծախսում: Բայց այսքանով հանդերձ` բանկի սեփականատերերը եւ ղեկավարությունը շարունակում են իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ իրենց բանկում գրավադրված գույքը:

Նրանք ամեն ինչի վրա աչք են փակել, որպեսզի այդ վարկը տրվի, եւ արագ-արագ իրացվեն վարկային միջոցները: Փայլակ Հայրապետյանը պատմել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. « … Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»:

Ադամանդագործ Սուքիասյանին տրամադրված վարկի 5 տոկոսը կազմում է մոտ 600 հազար դոլար: Չգիտեմ՝ իրավապահներն այս ուղղությամբ քննչական գործողություններ կատարե՞լ են, բայց այս հրապարակումից հետո դա անել պարտավոր են:

Էդիկ Բաղդասարյան

Լուսանկարում` ձախից աջ` Արտակ Հանեսյանը, Անդրեյ Մկրտչյանը, Գագիկ Սահակյանը:

Աղբյուրը՝ http://hetq.am/arm/news/29191/ameriabanky-ev-ofshory-nor-manramasner-ofshorayin-skandalic.html#.Ui1behh8Io8.facebook

Այս խորագրի վերջին նյութերը