Մեկնաբանություն

09.09.2013 10:35


Սերժ Սարգսյանը քեռի Սեմի և ռուսական արջի արանքում

Սերժ Սարգսյանը քեռի Սեմի և ռուսական արջի արանքում

Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե Մաքսային միությանը միանալու որոշմամբ պրծացրել է գլուխը, ապա չարաչար սխալվում է։ Նրան շարունակելու են այս ու այն կողմից քաշքշել։

Սերժը, ինչպես ասում են, գլուխը քարը, քաշքշում են, թող քաշքշեն, բայց, ցավոք սրտի, Հայաստանն է նաև քաշքշվում, քանզի Սարգսյանը աշխարհաքաղաքական կազինոյում մեր պետությունն է որպես կոն դրել և սարքել ֆուտբոլի գնդակ։

Այդ ամենի արդյունքում ռուսները ստիպեցին Սարգսյանին մտնել Մաքսային միություն, ինչն, ի դեպ, մտադիր չէին անել։ Պարզապես «արևմտամետ» Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ, ընտրություններից առաջ այնպիսի խոստումներ էր տվել Մոսկվային ու Բրյուսելին, որ ամեն ինչ վերջացավ ինքնանվաստացման ակտով։ Սակայն Սարգսյանին դեռ նոր նվաստացումներ են սպասվում, իսկ Հայաստանին՝ նոր հարվածներ։

Դատելով ամենից՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշմամբ ամեն ինչ նոր է սկսվում։ Արևմուտքն ու Ռուսաստանը դեռ շարունակելու են քաշքշել Հայաստանին ու պատռվածքներ առաջացնել, բայց դրա ամբողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է, քանզի նա է փոխբացառող «այո»–ներով Հայաստանն աշխարհի հզորների համար բռնցքամարտի ռինգի վերածել։

ՌԴ–ն երբեք չէր ստիպի Հայաստանին մտնել Մաքսային միության մեջ, եթե չլինեին Սարգսյանի անմեղսունակ քայլերը, ստախոսության պաթոլոգիկ դրսևորումները և անմեղսունակությունը։

Ի դեպ, Մաքսային միությանն անդամագրվելը ամենևին չի նշանակում, որ հայ–ռուսական հարաբերությունները կարգավորվել են։ Ճիշտ հակառակը՝ դա խոսում է անվստահության մասին։ Վստահելի գործընկերոջը չեն տանում «կզարան» և չեն ստիպում ինքնանվաստանալ (քչերն ուշադրություն դարձրեցին, որ Սերժ Սարգսյանը Պուտինին շնորհակալություն էր հայտնում, որ իրեն ընդունել են Կրեմլում)։ Պատկերավոր ասած՝ Մոսկվան պարզապես Սարգսյանին կապել է Կրեմլի պատի տակ, բայց «պադվալում» է հայտնվել նաև Հայաստանը, քանզի Սերժը ներկայանում է ՀՀ նախագահի կարգավիճակով։ Այսինքն՝ զուգահեռաբար նաև մենք ենք նվաստանում, ինչ է թե Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է։

Սարգսյանն իր «արևմտամետությամբ» հեռացրեց Հայաստանը ԵՄ–ից՝ միևնույն ժամանակ հաջողացնելով փչացնել նաև հայ–ռուսական հարաբերությունները։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի «և, և»–ի արդյունքում մենք հեռացանք և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։

Հիմա Սարգսյանը հայտնվել է քեռի Սեմի ու ռուսական արջի արանքում և իր հետ ճզմում է նաև Հայաստանը։

Արժե՞ արդյոք սեփական բլեֆների մեջ խճճված և Հայաստանի ինքնիշխանությունը Արևմուտքում և Ռուսաստանում աճուրդի հանած մարդու պատճառով երկիրը տանուլ տալ։ Բնականաբար, չարժե։ Հետևաբար, Սարգսյանի հեռացումը քաղաքական ու քաղաքացիական պայքարի օրակարգի թիվ մեկ և միակ կետը պետք է լինի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Գեղամյանություն են անում բոլոր այն «թունդ արևմտամետները», ովքեր, Սերժ Սարգսյանին թողած, պայքարում են «չար» Ռուսաստանի և Պուտինի դեմ։ Դա պետպատվերի շրջանակներում է արվում. Սերժին հիմա նման «պայքար» անհրաժեշտ է՝ կեղծ թիրախների վրա հանրային ուշադրությունը շեղելու և իմիտացիոն գործընթացներ ապահովելու նպատակով։

Երբ տեսնում ես, թե ովքեր են խոսում Հայաստանի ինքնիշխանությունից, և ովքեր են առաջարկում փրկել խեղճ Սերժին ջղային Պուտինից, հասկանում ես, որ «դհոլությունը» նոր թափ է հավաքում, հատկապես որ այն վճարովի «դհոլություն» է։

Եթե մարդիկ իրոք դժգոհ են ստեղծված իրավիճակից, ապա պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի՛ հրաժարականը, այլ ոչ թե հավայի հաչան։ Ամեն ինչ շատ պարզ երևում է, և «դհոլների» ֆունկցիան հնարավոր չէ թաքցնել։

Այս խորագրի վերջին նյութերը