Լրահոս

09.09.2013 15:50


Ցմահ դատապարտյալները հայցում են Պաշտպանի օժանդակությունը

Ցմահ դատապարտյալները հայցում են Պաշտպանի օժանդակությունը

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի քաղաբանտարկյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Մեծարգո պարոն Անդրեասյան.

Ես՝ ՀՅԴաշնակցության «Դրո» գործով մահվան բռնադատված Արմենակ Լևոնի Մնջոյանս, ահազանգելով տեղեկացնում եմ Ձեզ 1991-2003թթ. Մահապատիժ ստացած դատապարտյալների դեմ կիրառված խոշտանգումների և անօրինականությանց, ինչպես նաև 2003թ-ից առ այսօր դատապարտյալների իրավունքների և ազատությունների խախտման, բոլշևիկյան ռեպրեսիաների կիրառման իրողության մասին, ակնկալելով Ձեր օժանդակությունն ու զորակցությունը հանուն արդարության վերականգնման մեր պայքարի:

1-ին. 1991-2003 թթ. Մինչև օգոստոսի 1-ը մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դատապարտվել ենք մահապատժի, սակայն մեր դեմ չի կիրառվել դատավճիռ-օրենքը, սրանով իսկ խախտելով դատավճիռների կատարման մասին ամրագրված ՀՀ օրենքը: Մինչդեռ օրենսդրորեն նախատեսված չի եղել նաև մահապատիժը չկիրառելու դեպքում դատապարտյալների պահման կարգն ու ռեժիմը: Թվով 54 մահապատժի դատապարտվածներս ենթարկվել ենք օրենքով չկարգավորված և գոյություն չունեցող մի ռեժիմի, որը պայմանավորվել է ինչպես բանտի ադմինիստրացիայի, նույնպես էլ երկրի քաղաքական վերնախավի տվյալ պահի տրամադրություններով: Արդյունքում , տասներկու (12) դատապարտյալներ մահացել են աննկարագրելի տանջանքներով:

2-րդ՝ 1991-2003 թթ. Մահապատժի դատապարտված անձանց՝ ԵԽ-ի կողմից պարտադրված մահապատժի վերացման արդյունքում, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից 01, օգոստոսի, 2003թ-ի (ՆՀ.103-Ա) հրամանագրով անարդարացիորեն դատապարտել են զմահ ազատազրկման: Մինչդեռ, (ՄԻՀ-ԱՊ)-ի մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ պատիժ կարող են նշանակել միայն դատարանները: իսկ դատարանները պիտի նշանակեն այն պատիժը, որը կկարգավորվեր հանցագործության կատարման ժամանակ ուժի մեջ եղած օրենքով՝ այն է 15 տարվա ազատազրկմամբ: ՀՀ նախագահը ոչ միայն որ չի ունեցել ո՛չ սահմանադրական, և ո՛չ էլ օրենսդրական արդարադատություն իրականացնելու համար, այլր այն ուղղակիորեն արգելված էր նրան իշխանությունների բաժանման մասին սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով: Այն որ նախագահն իր թիվ (ՆՀ.103-Ա) հրամանագրով դատավճիռ-պատիժ է նշանակել, և ոչ միայն, որ նոր պատժատեսակ է նշանակել, այլև նշանակել է հանցագործության կատարման պահին գոյություն չունեցող պատժատեսակ: Սրանով իսկ խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ կետը, 42-րդ հոդվածի 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ կետը:

3-րդ. 1991 թ-ից առ այսօր Հայաստանում ձևավորված բդեշխական իշխանություը, իր ավելի քան գորշության արդյունքում, հանցագործությունների կանխման համար պատճառաբանելով իբր զսպման մեթոդ իրականացրել է և դեռ շարունակում է իրականացնել չափազանցված պատիժների կիրառումը: Այս մեթոդի համաձայն՝ դրա մասին տեղեկության սփռումը հասարակության մեջ իբր կանխարգելիչ նշանակություն կունենա: Սակայն նման պատիժները իրենից պարունակում են օրենքի խախտում, քանի որ թեկուզ «տարահամոզման» նպատակներ հետապնդելով այնուամենայնիվ որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող, ոչ իրավաչափ պատժի նշանակումը արդեն իսկ օրենքի կոպիտ խախտում է: Չափազանցված պատիժների արդյունքում, ցմահների թիվը հասնում է 104 դատապարտյալների «չհաշված մահացածներին» և այն ունի աճման պոտենցիալ: Ցմահ դատապարտյալների համար նոր բանտի կառուցումը, ցմահների թվի ավելացումն ու նրանց վաղաժամկետ չազատումը, այլևս պետական ընդգծված քաղաքականություն է:

4-րդ. Ցմահ դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ չազատելու մասին նեոբոլշևիկյան դրսևորումը հատկանշում էնաև օրնսդրական հետևյալ ակտով՝

(Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ընդունված 2003 թ-ի նոյեմբերի 5-ին: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին.

Հոդված 1. ՀՀ քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թ.) 76-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 305-րդ հոդվածով, 387-րդ հոդվածի 2-րդ մասով, 388-րդ հոդվածի 2-րդ մասով. 389-րդ և 393-րդ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ նախագահ՝ Ռ. Քոչարյան, 2003,նոյեմբերի 26,Երևան, ՀՕ-26-Ն):

Հակառակ այն հանգամանքին, որ ԵԽ-ի կողմից արված ճնշումների արդյունքում 2006 թ-ի հունիսի 13-ին սույն օրենսդրական ակտը ենթարկվել է փոփոխության, սակայն այնուամենայնիվ, դե ֆակտո, այն մնացել է ակտիվ կիրառության մեջ:

5-րդ. Ցմահ ազատազրկումը եվրոպական չափանիշներով ժամանակավոր է և իր մեջ կրում է 2 հստակ բանաձևած նպատակներ՝ 1-ին՝ ազատազրկված քաղաքացու հոգեբանական փոփոխումը, և 2-րդ՝ ազատազրկված քաղաքացու վերադարձի ապահովումը դեպի հասարակություն: Մինչդեռ Հայաստանում պետությունը վրեժ է լուծում և պատժիչ ռեժիմային միջոցներով չարչարում ու խոշտանգումների է ենթարկում հանցանք կատարած մինչ ի մահ, այդպես էլ պայմանական վաղաժամկետ չազատելով նրանց:Հտևաբար, ցմահ դատապարտումը Հայաստանում վերածվել է մահապատժի դաժանաբար, դանդաղ ու տանջալի կիրառման գործիքի:

6-րդ Հասարակության ամեն մեկ անդամ առանձին վերցրած՝ դեմ է որևէ տիպի սպանության և բացարձակապես չի կարող համաձայն լինել որպես հավաքականություն այդ սպանությանը, որը իրականացնում է այս պարագային պետությունը մեր հանդեպ՝ ցմահ դատապարտման միջոցով կիրառելով փաստացի մահապատիժ: Այս պարագային, հասարակությունն իր կամքին դեմ մասնակից է դառնում այդ սպանությանը: Մինչդեռ ազատազրկումը, որի ֆունկցիան քաղաքացու ուղղումն է, որն իր գործառույթով ընդունելի է ամեն մեկ անհատ քաղաքացու և հանրության համար, չի կարող կորցնել իր նպատակն ու էությունը և դառնալ ցմահ բանտարկության միջոցով մահապատժի կիրառում:

Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա՝ հայցում եմ Ձեր օժանդակությունն ու զորակցությունը՝ ՀՀ իշխանություններին ուղղված, ի պաշտպանության իմ արդարացի հետևյալ պահանջների.

1-ին. 1991-2003թթ մահապատժի դատապարտված թվով 54 դատապարտյալներիս ճանաչել խոշտանգվածներ հին և նոր ռեժիմների կողմից և ապա Եվրոպական չափանիշներին համապատասխան վարձահատույց լինել մեզ, իսկ մահացածների դեպքում (թվով 19 դատապարտյալներ) նրանց ընտանիքներին կամ ժառանգներին:

2-րդ. 1991-2003թթ մահապատժի դատապարտյալներիս 01.օգոստոսի.2003թ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից հակասահմանադրական հրամանագրով ցմահ բռնադատումը ընդունել որպես 1999թ հոկտեմբերի 27-ի ԱԺ-ի դահլիճում կատարված ողբերգության հետևանքով առաջացած քաղաքական պահանջ, իսկ ցմահ բռնադատվածներիս ճանաչել որպես քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների:

3-րդ. 1991-2003 թթ. Մահապատժի դատապարտված այն բոլոր դատապարտյալներիս, որոնց պատժի կրման 15 տարին (կամ 20 տարին, եթե որևէ մեկն ունի մեկից ավելի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ) լրացված է, անհապաղ ազատ արձակել բանտերից՝ պաշտոնապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և ՄԻՀԱՊ-ի մասին եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքները, ազատությունն ու արդարությունը պաշտպանող հոդվածների վրա:

4-րդ. Ցմահ ազատազրկված դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատազրկման 25 տարվա շեմն իջեցնել նվազագույնը 15 տարվա՝ ապահովելով դատապարտյալների աստիճանական ինտեգրացիան հասարակությանը, որի միջոցները պետք է հանդիսանան անկաշկանդ և ազատ հեռահաղորդակցման կապի միջոցները՝ բջջային հեռախոսներ, համակարգիչներ, տեսազանգեր, ինտերնետից օգտվելու հնարավորություններ: Ինչպես նաև տեսակցությունների և դատապարտյալների արձակուրդային իրավունքների կիրառումը:

5-րդ. Հրաժարվել ցմահ ազատազրկման դատավճիռներ կայացնելուց, քանի դեռ ՀՀ քրեական օրենսգրքում հստակորեն սահմանված չէ «ցմահ ազատազրկում» պատիժը, ոչ միայն թե որ դեպքերի՝ հանցանքների համար է այն նախատեսված, այլև թե որ տիպի հանցագործների համար է այն կիրառելի: Քանի ուղղման է դատապարտվում ոչ թե հանցանքը-երևույթը, այլ հանցանք կատարած անձը:

Մեծարգո պարոն Անդրեասյան՝

Ես պատրաստ եմ համագործակցել ինչպես պետական, նույնպես էլ հասարակական այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք հոգեբանորեն իրենց միջից դուրս են մղել ստրուկը և առաջնորդվում են ազատ ապրելու և ազատորեն արարչագործելու ներքին մղումով. Նրանց , որոնց տրված է տիեզերական բնությամբ իրենց մեջ կրելու Ազգի հավաքական և բարոյական կամքի զորությունն ու բացարձակապես մերժում են ստրկակակն կախվածությունը հզորագույն տերերից: Եվ նրանց, ովքեր բնությամբ սահմանված եստրուկնն ցեղային ոգու ի վերուստ տրված աշխարհընկալումի իմաստավորմամբ և հիմնվելով միայն պատմաժառանգականության և նախապատմական ցեղային ոգու ֆենոմենի վրա և արտահայտվում ու դրսևորվում են միայն հենց այդ ոգուն հարիր կենսական զգացումներով և որակական կատեգորիաներով:

Ազատության և արդարության պայքարը հանուն ճշմարտության չի կարող ուղեկցվել անբարո և մերժելի տեխնոլոգիաներով այնպես ինչպես, որ չեն կարող այդ պայքարին մասնակցել անբարո և մերժելի ստրուկն ու բդեշխը, որքան ոլ, որ այդ պայքարը լինի անհավասար դիրքերից և ակնածանքով լցված հզոր հակառակորդից. Քանզի ասված է`. «Մի’ակնածիր հզորից, մինչև մահ պայքարիր հանուն ճշմարտության և Տեր Աստված կպայքարի քեզ հետ…» (Աստվածաշունչ. Սիրաք):

Այս խորագրի վերջին նյութերը