Մեկնաբանություն

11.09.2013 10:03


Մաքսային միության «ռահվիրաները» (տեսանյութ)

Մաքսային միության «ռահվիրաները» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը շատ «մունդառ» խասիաթ ունի։ Նա պարբերաբար հիմար վիճակի մեջ է դնում իր թիմակիցներին։ Այսպես ասած՝ «պոդստավկա» անում։

Սրանք հրապարակավ հայտարարություններ են անում և սկսում քարոզել այս կամ այն քաղաքականության օգտին, բայց Սարգսյանը հակառակ բաներ է անում, որից հետո նույն մարդիկ դեմքի նույն արտահայտությամբ սկսում են իրենք իրենց հերքել և թքածը լիզել։ Այդպես եղավ նաև Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու «գիշերային» որոշումից հետո։

Մինչև սեպտեմբերի 3–ը իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները գովերգում էին ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը և հիմնավորում, թե ինչքան վատն է ՌԴ–ի առաջարկած Մաքսային միությունը։

Օֆշորների սիրահար Տիգրան Սարգսյանն, օրինակ, ռուսական մամուլում հանդես եկավ մի հրապարակմամբ, որտեղ Մաքսային միության անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը ներկայացրեց որպես գործոն այդ միությանը չմիանալու համար։

«Զապչաստային գեոպոլծիկայի» մասնագետ Ռազմիկ Զոհրաբյանին էլ էին ասել գովերգել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ու «քլնգել» ռուսներին։ Նա էլ իր մտավոր համեստ կարողությունների շրջանակներում ելույթներ էր ունենում Մաքսային միության դեմ։ Նրա կուսակից Գալուստ Սահակյանն էլ հետ չէր մնում: Մյուս ՀՀԿ–ականները նույնպես դուրս էին եկել ասուլիսային շքերթի ու ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը չտեսած գովարգում էին այն և բացատրում, թե ինչքան վատն է Ռուսաստանը։

ԱԺ ակնթարթային նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը նույնպես լծվել էր ԵՄ–ի հետ ասոցացումը փառաբանելու և ՌԴ–ին հուժկու հարված հասցնելու գործին։

Դե իսկ փոխարտգործնախարարի պաշտոնին հասած երբեմնի թունդ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը Մաքսային միությանը միանալը գրեթե ազգային դավաճանության պես մի բան էր գնահատում և այդ իսկ պատճառով ազգային հերոս հռչակվեց լրատվական դաշտի «արևմտամետ դհոլների» կողմից։

Հիմա բոլոր այս «արևմտամետ» իշխանավորները, ինչպես նաև Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցող «արևմտամետ» սազանդարները հայտնվել են հիմար և «քցված» վիճակում, քանզի ստիպված են նույն էնտուզիազմով և փրփուրները բերաններին գովերգել արդեն Մաքսային միության բարեմասնությունները։

Երեկվա «արևմտամետներն» այսօր արդեն դարձել են մոլի «ռուսամետներ» և եթե հրահանգ լինի, ապա վաղը իսլամական երկրների կոնֆերանսն էլ կողջունեն։

Ահա այսպիսի բաներ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը