Մեկնաբանություն

11.09.2013 10:58


Այդ «բեզռազմեռնի» «պետական շահը»

Այդ «բեզռազմեռնի» «պետական շահը»

Սերժ Սարգսյանի հաճախորդների բանակը համալրվեց նախագահի ևս մեկ՝ նախկին ընդդիմադիր թեկնածուով։

Արտաշես Գեղամյանը ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել։ Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ է։ ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանին առաջարկել են դեսպան դառնալ։ Նա, բնականաբար «պետական շահերից» ելնելով, դրական պատասխան է տվել դեսպան նշանակվելու սերժսարգսյանական առաջարկին։

Ընդ որում՝ Վահան Հովհաննիսյանը համաձայնել էր դեսպան դառնալ, երբ ՀՀ «պետական շահն» արտաքին քաղաքական ոլորտում Սերժ Սարգսյանն առաջ էր տանում «արևմտամետ» դիրքերից և ասոցացվում ԵՄ–ի հետ։

Հիմա Սարգսյանը «ռուսամետ» է և դարձել է Մաքսային միության մոլի ջատագով, բայց Վահան Հովհաննիսյանը, սկզբունքային դիրքերից ելնելով, չի փոխել իր որոշումը, քանզի «պետական շահն» այնպիսի «բեզռազմեռնի» բան է, որ ինչքան ուզես՝ կարող ես ձգել։

«Պետական շահն» այնքան «բեզռազմեռնի» է, որ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով կարող ես «Նախագա՛հ, մի՛ զիջիր» ծրագրի շրջանակներում քննադատել իշխանությանը, պահանջել արտգործնախարար Էդիկ Նալբանդյանի հրաժարականը և դուրս գալ իշխող կոալիցիայից, բայց հետո դառնալ «ֆուտբոլային» դիվանագիտության ռահվիրայի դեսպանը։ Եվ դա այն դեպքում, երբ հայ–թուրքական արձանագրություններից Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը, Նալբանդյանն իր տեղում է և քո անմիջական ղեկավարն է դառնալու, իսկ Սարգսյանը շարունակում է «նախաձեռնողականությունը»։ Ինչե՜ր չես անի հանուն «պետության շահի» և «պետականության»։

Հանուն «պետական շահի»՝ կարելի է աշխատանքային օրերին դառնալ «ֆուտբոլային» դիվանագիտության դեսպանը, իսկ ազատ օրերին պահանջել ծովից ծով Հայաստան։

Փաստորեն, երկուշաբթիից մինչև ուրբաթ Վահան Հովհաննիսյանը պայքարելու է, որպեսզի հայ–թուրքական արձանագրությունները Թուրքիան վավերացնի, ու պատմաբանները վերջապես կարողանան սկսել իրենց աշխատանքները Հայոց ցեղասպանության ուսումնասիրման նպատակով, իսկ ահա աշխատանքային օրվա ավարտից հետո և «ուիկ էնդի» ժամանակ պահանջելու է հետ կանչել հայ–թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ–ից և մեղադրելու է «ֆուտբոլային» դիվանագիտության ճարտարապետներին։ Խոստովանենք, որ ահագին դժվար աշխատանք է սպասվում ընկեր Վահանին։ Բայց նա ճկուն մարդ է և կկարողանա համատեղել անհամատեղելին։

Միայն մի հարց է բաց մնում՝ արժե՞ր արդյոք այս ամենի համար հոդվածաշար նախաձեռնել և փորձել արդարացնել սեփական քայլերը «Դե ծախվող ու չպայքարող ժողովուրդ ունենք, մեզնից ի՞նչ եք պահանջում» կոդի օգնությամբ։ Հրեն Արա Սահակյանը դեսպան նշանակվեց, բայց առանց ավելորդ «շուխուռի» և պաթոսի։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀ երեք նախագահներից Վահան Հովհաննիսյանին ամենաճիշտը գնահատեց Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր–Պետրոսյանը նրան բանտարկեց՝ նպաստելով լեգենդի ձևավորմանը։ Ռոբերտ Քոչարյանը բանտից հանեց լեգենդին ու նրան դարձրեց իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ։ Հետո եկավ Սերժ Սարգսյանն ու ցույց տվեց, թե իրականում ով է Վահան Հովհաննիսյանը և ինչ էր պետք անել նրա հետ։

Այս խորագրի վերջին նյութերը