Մեկնաբանություն

12.09.2013 10:10


Նրանք մարտնչում են հանուն «պետականության»

Նրանք մարտնչում են հանուն «պետականության»

Հայոց պետականությունը հուսալի ձեռքերում է, քանի որ շատերն են զբաղված դրա «շինարարությամբ»։

«Պետականությունն» այնպիսի բան է, որ օգնության է հասնում հաճախորդացման քարքարոտ ճանապարհն ընտրածներին ամենակրիտիկական պահին, երբ անհրաժեշտ է լինում համոզիչ ու պաթետիկ հիմնավորում ներկայացնել հանրությանը։

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ պետականության մասին հիշում են բոլոր այն «թունդ ընդդիմադիրները», ովքեր չդիմանալով «զրոների» կամ աթոռի ճնշմանը, համալրում են Սերժ Սարգսյանի քաղաքական կոլեկցիան։

Այսպես. Արտաշես Գեղամյանը հայտարարում էր, որ ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի ու ... ՀՀԿ ցուցակով դարձավ պատգամավոր։ Բնականաբար՝ պետականությունը չվտանգելու հայրենասիրական մղումներից ելնելով։

Արթուր Բաղդասարյանը հանուն պետականության 2008թ.–ին «քցեց» իր էլեկտորատին, մոռացավ իր ծրագրային խոստումների մասին և հայտնվեց ԱԽՔ–ի կարգավիճակում։ ՕԵԿ նախագահը մինչև այդ մեղադրում էր իշխանությանն իր սպանությունը պատվիրելու մեջ, բայց դե պետականնությունն այնպիսի բան է, որ ստիպում է 180 աստիճան շրջադարձ կատարել։

Պետականության մասին պատկերացումները ստիպել էին երբեմնի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ընտրողներին պատմել, որ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյի կազինոյում թոշակառուների փողն է կոն դնում, այն էլ՝ 50 հազ. դոլարի չափով։ Նույն պատկերացումներից ելնելով՝ Դալլաքյանը դարձավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Չարաբաստիկ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում դաշնակցական վերնախավն այնքան ասաց «Նախագա՛հ, մի՛ զիջիր», որ Սերժ Սարգսյանն ի վերջո որոշեց ուրիշներին չզիջել դեսպանի աթոռներից մեկն ու այն հանձնել Վահան Հովհաննիսյանին։ Մնում է, որ ընդունող երկիրը «նագլիություն» չանի և «ագրեմանը» շուտ հաստատի։ Այլապես մեր «պետականությանը» լուրջ վտանգ կսպառնա։

Ամփոփելով «պետականամետների» թեման՝ պետք է ընդգծել, որ մեր պետականության թիվ մեկ հակառակորդը քաղաքականությունը ղումարբազության հետ շփոթող և քաղաքական անմեղսունակությամբ աչքի ընկնող Սերժ Սարգսյանն է։

Պետականություն և Սերժ Սարգսյան. դրանք անհամատեղելի բաներ են։ Հետևաբար՝ նրա հեռացումը ազգային անվտանգության խնդիր է։ Իսկ վերջին իրադարձությունների ֆոնին՝ նաև ազգային արժանապատվության խնդիր։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը