Մեկնաբանություն

13.09.2013 10:57


Սխալների կոմեդիա

Սխալների կոմեդիա

Արդեն չգիտենք էլ ինչպես բնութագրել Սերժ Սարգսյանի, նրա քաղաքական թիմի եւ նրանց հետ առնչվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձությունները: Երեւի՝ սխալների կոմեդիա:

. . .

Սերժ Սարգսյանը նախագահականում աշխատանքային ճաշի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններին:

Ճաշեցին, զրուցեցին Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ, սակայն ժամեր անց Եվրախորհդարանի ամբիոնից ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Մաքսային միությունն անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի հետ:

Դեսպանների «պերերիվը» իր վրա վերցնելու սերժսարգսյանական գաղափարը, փաստորեն, սխալ էր: Այդ ճանապարհով ԵՄ-ի հետ հարաբերությությունները կարգավորելու եւ ամեն կերպ՝ թեկուզ մի ոտքով Խորը եւ համապարփակ առեւտրի գոտու մեջ մտնելու Սարգսյանի ջանքերը, կարծես, թե անիմաստ են դառնում:

Թեեւ, այսօր արդեն Ֆյուլեն Երեւանում է, սակայն դժվար է պատկերացնել, որ անգամ ճոխ բանկետների կազմակերպումը կնպաստի Մաքսային միության եւ ԵՄ համաձայնագրերի «համատեղելիությանը», քանզի հարցը իրավական հարթությունում է:

Ընդհանրապես՝ արդեն զավեշտի է վերածվում իշխանական գործիչների հայտարարությունները, որոնք Սերժ Սարգսյանի ցուցումով շարունակում են թութակի պես կրկնել, թե՝ «Հուսով ենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանը կնախաստորագրի»:

Իսկ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման դեմ ընդվզողներին հակադարձում են այս ոճով՝ «բա ուր էիք դուք, երբ…»:
Պարզվում է՝ սեպտեմբերի 3-ից հետո առնվազն մեկ շաբաթ էր պետք, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ «ալիբի» գտներ՝ Մաքսային միությանը միանալու մասին սեփական որոշման դեմ ընդվզողների բերանը փակելու համար:

«Ինչո՞ւ ժամանակին, երբ Հայաստանը մտնում էր ԱՊՀ և ՀԱՊԿ, նման աղմուկ չփորձեցին բարձրացնել»,– խորհրդարանի ամբիոնից մուննաթ են եկել իշխանական պատգամավորները:
Լավ ենք պրծել...
Կարող էին, չէ՞ նաեւ այսպես հակադարձել՝ ինչո՞ւ ժամանակին՝ 1920-ի նոյեմբերի 29-ին, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, նման աղմուկ չփորձեցիք բարձրացնել...

. . .

Տեղեկություններ են տարածվել, որ Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպում է կազմակերպել երկու տասնյակի չափ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչ կարող է ես անել՝ ոճ է, նա ամեն ինչ անում է գաղտնի պայմաններում եւ սիրում է գիշեր, ավելի ճիշտ՝ կուսակցական եւ այլ տիպի հավաքները անցկացնում է գիշերային ժամերին:

Լրատվամիջոցների հետ հանդիպման՝ ինքնաասուլիսի թեման, բնականաբար, եղել է Մաքսային միությանը միանալու սեփական «իմաստուն» որոշման շրջանակներում «ինստրուկտաժ» անելը:

Կարելի է պատկերացնել, թե հավաքվածները, որ նույն մարդիկ են, ինչպես են հիմա լսել Սերժ Սարգսյանի միանգամայն հակառակ «փաստարկները» եւ կամ՝ այն մասին, թե որքան անհրաժեշտ էր մտնել Մաքսային միություն:

Հիշեցնենք, թե ինչ էր ասում նա այս տարվա մարտի 18-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն…

Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»:

Թե այս հանդիպումից հետո ինչպես են լրատվամիջոցները լուսաբանելու ամիսներ առաջ Կրեմլի կողմից չպարտադրվող, սակայն Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն արած Սերժ Սարգսյանի վազքով քայլը, կտեսնենք առաջիկա օրերին:

. . .

Ոչ պակաս զավեշտալի էր հրապարակված մեկ այլ լուր: Պարզվում է քեռի Սենիկ Պողոսյան անունով մի հեղինակ Սերժ Սարգսյանին գովերգող գիրք է հրատարակել՝ «Հայաստանի Հանրապետության նա­խագահ Սերժ Սարգսյանը աշխարհի խաղաղության դրոշակակիրն է» վերնագ­րով:

Հավանաբար, գրքի հերոսը քեռի Սենիկին այս գիրքը պատվիրել է գրել «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում, երբ Սերժ Սարգսյանի շրջապատը անմիջապես շրջանառության մեջ դրեց շեֆին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հավանականության մասին:

Ինչեւէ, պարզվում է՝ քեռի Սենիկի գրքի տպաքանակի մեծ մասը չի վաճառվել եւ վերածվել է մակուլատուրայի:

Իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացվել է Պուտինը: Փաստորեն, Նոբելյան մրցանակի մասին երազող Սերժ Սարգսյանին այս հարցում էլ ՌԴ նախագահը «քաշեց»։

Դե, մնացած՝ սխալների կոմեդիայի ցայտուն օրինակները չհիշեցնենք, էլի…

Ասենք՝ երբ Գալուստ Սահակյանը «դուրսպրծուկ» է անվանում ՌԴ նախագահի խորհրդականին, ով Հայաստանը համեմատել էր Կալինինգրադի հետ, իսկ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում Մոսկվայի քաղաքապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Կամ՝ հենց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դատապերտեց ոստիկանների գործողությունները քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, իսկ մի քանի օր առաջ ՀՀԿ-ի արծիվները ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձում նշել էին, թե նրա անունը ոսկե տառերով է գրվելու հայոց պատմության մեջ:

Մաքուր կոմեդիա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը