Մեկնաբանություն

13.09.2013 12:30


«Նախագա՛հ, մի զիջիր». դուբլ 2

«Նախագա՛հ, մի զիջիր». դուբլ 2

Երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ՀՅԴ–ն ճիշտ որոշում կայացրեց և դուրս եկավ իշխող կոալիցիայից։ Սակայն տարօրինակ էին դաշնակցական վերնախավի կողմից առաջ քաշված պահանջն ու կարգախոսը։ Նրանք պահանջում էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը (ում ենթակայության տակ կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանը շուտով աշխատանքի է անցնելու) և գոռում՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր»՝ ընդ որում՝ շեշտը դնելով «նախագահ» բառի վրա։

Մի տեսակ չէր համադրվում կոալիցիայից դուրս գալն ու «Նախագա՛հ, մի զիջիր»–ը, բայց հետագայում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Պարզվեց, որ ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանից լրիվ այլ բան է պահանջում չզիջել։

Նախագահական ընտրություններից առաջ Բաղրամյան 26–ում ճիգեր գործադրած Հրանտ Մարգարյանն այժմ սրտաճմլիկ հիմնավորումներ է ներկայացնում այն մասին, թե ինչու է իր կուսակից ընկերը համաձայնել ՕԵԿ–ացման առաջարկին։

Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի՝ ընկեր Վահանը Գերմանիայում պայքարելու է այնտեղի միլիոնանոց թուրքական համայնքի դեմ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Դե Հ. Մարգարյանն այլ բան չէր էլ կարող ասել։ Նա պետք է արդարացներ Վահանի հաճախորդացումը՝ բնականաբար, պետականամետության և ազգային շահի մասին բարձագոչ բառերի օգնությամբ, քանզի ինքն էլ էր «պոչատ աղվես»։

Ոչ պակաս «ճիգ» վիճակ է նաև «արևմտամետների» մոտ։ Սեպտեմբերի 3–ի հայտնի իրադարձություններից հետո սրանց մոտ էլ է հիմնական կարգախոս դարձել «Նախագա՛հ, մի՛ զիջիր»–ը։

Պարզվում է, որ «թունդ արևմտամետները» Մաքսային միության մեջ մտնելու համար մեղադրում են բոլորին՝ բացի Սերժ Սարգսյանից։ Սրանք պահանջում են Պուտինի, Մեդվեդևի, «օլիգարխների», «ձյաձյա» Վասյայի, բայց ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն, օրինակ, «թունդ» հարցազրույցներ է տալիս ու ակնարկում, որ շուտով հուժկու պայքար է սկսելու, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին ... չզիջել և գնալ արևմտյան ճանապարհով։ Իսկական «թունդ ընդդիմադիրը» հենց այդպիսին պետք է լինի։ Նա պետք է կոկորդը պատռի, որպեսզի Սերժ Սարգսյանը Սաշիկի ու Օֆշորի Տիկոյի ձեռքը բռնած մեզ տանի դեպի լուսավոր Եվրոպա։

Դավիթ Շահնազարյանը նույնպես բոցաշունչ ելույթներ է ունենում Մաքսային միության դեմ և շեփորահարում մեր ինքնիշխանության կորստի մասին, բայց կարծում է, որ չի կարելի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։

«Ազատ դեմոկրատները» ներկայացնող Խաչատուր Քոքոբելյանի ելույթներն ու հարցազրույցները ոչ պակաս խրոխտ են մաքսայինի թեմայով, բայց մեղավորն, ըստ նրա, կրկին ռուսներն են, որ ճնշեցին մեր սուպերարևմտամետ Սերժ Սարգսյանին։ Եվ ոչ մի խոսք գործող նախագահի հրաժարականի մասին։

Նախախորհրդարանի անդամ Հարություն Մեսրոբյանը նույնպես քննադատել է վարվող արտաքին քաղաքականությունը, սակայն կտրուկ հայտարարել է, որ իշխանափոխության պահանջը սխալ է։ Երևի ճիշտը «ռուսամետ» Լֆիկ Սամոյի շուկայի դեմ պայքարելն է պետպատվերի շրջանակներում։

Մի խոսքով, ԵՄ–ի հետ ասոցացման տնաբույծ ջատագովները, տխրահռչակ Ֆյուլեի հետ միասին, հիմա լծվել են Սերժին «քննադատելու» գործին և հարձակվել ... ռուսների վրա։

Բոլոր «արևմտամետները», Բաղրամյան 26–ի «դհոլները», մինչև վարդապետի խազը «խուրդված» «անկախ» լրատվամիջոցները և հաստիքային «վերլուծաբանները» հիմա միաբերան հայտարարում են, թե ճնշումներ են եղել ՌԴ–ի կողմից, ու դրա համար է Սերժ Սարգսյանը կայծակնային արագությամբ հայտնվել Մաքսային միության մեջ։ Խե՜ղճ Սերժ Սարգսյան։ Նրան ճնշել են, թշիկները քաշքշել են և վերջում էլ «պասլատ» են արել այդ չար ռուսները։ Ամո՛թ Պուտինին, ամո՛թ։

«Ճնշված և հոգու խորքում արևմտամետ Սերժի մասին» դեմագոգիկ թեզն այժմ որպես մեղմացուցիչ հանգամանք է ներկայացվում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանի համար։ Այդ թեզի տարածման քստմնելի գործն էլ իրենց վրա են վերցրել «սութի» ընդդիմադիրներն ու «անկախ» մամուլը։ Սրանք հիմա Սերժի բոլոր անմեղսունակ քայլերը բացատրում են ճնշումներով։ Անգամ Մոսկվայի քաղաքապետին հղած Սերժի շնորհավորանքն է մատուցվում որպես ճնշում։ Է հա, պարզ է, որ ճնշում է եղել Պուտինի կողմից, բայց դրա մեղավորը բացառապես Սերժ Սարգսյանն է, ով իր աշխարհաքաղաքական «բոմժությամբ» և բոլորին «այո» ասելու «շուստրի» քաղաքականությամբ ծանր վիճակի մեջ դրեց Հայաստանը, և այժմ բոլորս նվաստացած վիճակում ենք հայտնվել։

Նկատենք, որ գեղամյանությամբ են զբաղված բոլոր այն «արևմտամետները», ովքեր հայտարարում են, թե Մաքսային միությանը միանալու Սերժի հայտարարությունը մեր ինքնիշխանության դեմ է, մեր Սահմանադրության դեմ է և մեր պետական շահերի դեմ է, բայց այդքանից հետո չեն պահանջում նրա հրաժարականը, այլ հանդես են գալիս «Նախագա՛հ, մի զիջիր» կարգախոսով՝ ընդ որում՝ շեշտը, դաշնակցականներ Վահանի ու Հրանտի պես, կրկին դնելով «նախագահ» բառի վրա։

Եվ այսպես, «Ծովից ծով Հայաստան» պահանջողներն ու «Լճից լիճ Հայաստանի» տեսլականով ապրողները կոնսենսուսի են եկել Սերժ Սարգսյանի հարցում։ Նրանց տարաձայնությունները ՀՀԿ ղեկավարից ստացած ու ստանալիք «զրոների» շուրջ է։ «Գաղափարական» պայքարը շարունակվում է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը