Մեկնաբանություն

14.09.2013 12:05


Աղվան Հովսեփյանի հանրահավաքը, ժամն ու պատարագը (տեսանյութ)

Աղվան Հովսեփյանի հանրահավաքը, ժամն ու պատարագը (տեսանյութ)

ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ոչ թե հրաժեշտ էր տալիս իր պաշտոնին, այլ յուրօրինակ հանրահավաք էր անցկացնում Սերժ Սարգսյանի դեմ։

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, բայց Սերժ Սարգսյանի անունը չտվեց։ Հավանաբար, պատճառն այն է, որ Հովսեփյանին Սերժն, իր «խասիաթի» համաձայն, մի բան էր խոստացել, բայց մեկ այլ որոշում ընդունեց։ Այսինքն, գլխավոր դատախազը եվրաընտրակեղծարար Ֆյուլեի օրն է ընկել։ Նրան էլ էր Սարգսյանը մի բան խոստացել, բայց այլ որոշում ընդունեց։

Ֆյուլեի ճակատագրին արժանացած և «նախաձեռնող» Սերժից նեղացած Աղվանն, ահա, որոշեց հանրահավաք անցկացնել դատախազության շենքի դիմաց և հեռանալ ինքնաբուխ կամ կազմակերպված (տվյալ դեպքում էական չէ) ծափահարությունների ներքո՝ ի ճաք, ի տրաք, ի գըմփ Բաղրամյան 26–ի։

Հայկական «Վիշինսկին» հասցրեց նաև ճեպազրույց տալ և ասել իր սրտի ուզածը։ Ավելի ճիշտ, չասել այն, ինչն իր սրտով չէր՝ շնորհակալություն հայտնել Սերժին։

Եվ այսպես, ավարտվեց անկախ Հայաստանի դատաիրավական համակարգի մի «էպոխա», որն աչքի ընկավ ապօրինություններով, պատվերների կատարմամբ և քաղաքական հետապնդումներով։ Աղվան Հովսեփյանն այդ «էպոխայի» քայլող մարմնավորումներից մեկն է։ Հիմա գալիս է «երկրորդ սերնդի» աղվանհովսեփյանների ժամանակը։

Սերժ Սարգսյանի անցած ուղին, մտածելակերպը, կառավարման ոճն ու կադրային քաղաքականությունը հաշվի առնելով՝ կարող ենք վստահաբար պնդել, որ կարճ ժամանակ անց դրականորեն ենք հիշելու Աղվան Հովսեփյանին։ Վերջինիս արածները մանր չարաճճիություններ են թվալու նշանակվելիք նոր գլխավոր դատախազի արվելիք քայլերի համեմատ։

Ընդ որում, անկախ այն բանից, թե ով կփոխարինի Հովսեփյանին, համակարգին ոչ թե բարեփոխում, այլ ամբողջական այլասերում է սպասվում, քանզի Սերժ Սարգսյանից այլ բան հնարավոր չէ սպասել։

Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր օբյեկտիվորեն դժգոհ են եղել Աղվան Հովսեփյանի գործունեությունից, թող պատրաստվեն իրենց կարծիքը փոխելուն։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Աղվան Հովսեփյանը հեռանալիս համբուրեց դատախազության դուռն այնպես, ինչպես, ասենք, վանքի պատերն ու դուռն են համբուրում հավատացյալները։ Նա նաև ձեռքերն իրար սեղմեց և փողոցում կանգնած աղոթք արեց։

Փաստորեն, դատախազության շենքը ժամ ու պատարագի տեղ է եղել Աղվանի համար։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե ՀՀ–ն աշխարհիկ պետություն է, իսկ դատախազությունը՝ պատժելու լեգիտիմ իրավունք ունեցող կառույց։

Դատելով ամենից՝ դատախազությունում ցուցմունքները կորզել են ոչ թե բոլորիս հայտնի մեթոդներով, այլ քրիստոնեաբար, այն է՝ Աղվանը խոստովանահոր դեր է կատարել, իսկ մոլորյալ օրինախախտները խոստովանել են իրենց մեղքը, մոմ վառել և խաչակնքվելով հեռացել դատախազությունից։

Զարմանալի է, որ մինչև հիմա դատախազության շենքի վրա խաչ չի կանգնեցվել։

Ի դեպ, երեկ սպասվում էր նաև դատախազության աշխատակիցների մասնակցությամբ միասնության շուրջպար, սակայն, թերևս տեխնիկական պատճառներով, այն տեղի չունեցավ։

Նկատենք, որ Աղվանն իր երեկվա շոուով ստվերում թողեց «զորավարի» ծիծեռնակաբերդյան աղոթքը։

Դե եթե վարչապետն ավելի շուտ «տիրացու» է, մեռելոցների կառավարման կենտրոնի փորձագետ, կեղծ բարեպաշտ և հաստիքային փարիսեցի, քան գործադիրի ղեկավար, ապա գլխավոր դատախազին միայն խոստովանահոր կարգավիճակը կսազեր։

Այս խորագրի վերջին նյութերը