Մեկնաբանություն

14.09.2013 23:45


Սերժ Սարգսյանը ճնշման ու նավսի արանքում

Սերժ Սարգսյանը ճնշման ու նավսի արանքում

Սերժա–տիգրանական քարոզչամեքենան, առաջնորդվելով գեբելսյան սկզբունքներով, փորձում է սուտն ու կեղծիքը ճշտի տեղ անցկացնել։ Նրանց էլ հասկանալ կարելի է. ուրիշ ճար չունեն։ Բա ինչպե՞ս դուրս գան իրար հաջորդող ձախողումների տակից։

Սեպտեմբերի 3–ի «գիշերային» որոշումից հետո սրանք փորձում են «արևմտամետ» Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական հերթական ֆիասկոն «սվաղել»։

Ըստ «անկախ» մամուլի՝ Սերժ Սարգսյանը մեզ չտարավ դեպի լուսավոր Եվրոպա, քանզի նրան ճնշեցին և նավսեցին։

Ճնշողը Ռուսաստանն էր, իսկ նավսողը՝ ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու բոլոր օլիգարխները (այսինքն՝ ստացվում է, որ Սերժն օլիգարխ չէ և զուտ աշխատավարձի հույսին է. քոռանամ ես)։

Խե՜ղճ Սերժ Սարգսյան։ Պատկերացնու՞մ եք, նա գիշերները չէր քնում և եղբայր Սաշիկի հետ ծրագրեր էր մշակում՝ Հայաստանը ԵՄ–ի կազմի մեջ մտցնելու և հետագայում ժողովրդավարության տարածաշրջանային կենտրոն դարձնելու վերաբերյալ, բայց, ավա՜ղ, չար Պուտինը և ռուսամետներ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն թույլ չտվեցին, որ 10 զոհի գնով ու «խփած» տոկոսների միջոցով նախագահի աթոռին հասած ու աթոռից չիջած ՀՀԿ ղեկավարը դառնա արևմտյան արժեքների ռահվիրա։ Սերժը դրանից հետո ստիպված մտավ Մաքսային միություն ու զոռով շնորհավորեց Մոսկվայի քաղաքապետին։ Ահա այսպիսի հեքիաթ քաջ Սերժի, ջղային Պուտինի և չուզողություն անող ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասին։

Թե քանի ոչխար կհավատա այս թեզին, մնում է միայն ենթադրել։ Բաղրամյան 26–ում տվյալ դեպքում առաջնորդվում են «Ինչքան մարդ էլ հավատացնենք, էլի «քյար» է» սկզբունքով։

Դատելով «անկախ» մամուլի համառությունից ու հետևողականությունից՝ ոչխարներ, այնուհանդերձ, գտնվել են, այլապես այդ հիմար թեզն անընդհատ կրկնելու իմաստ չէր լինի։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ անասնաֆերմայում միշտ էլ չորս ոտքը գերադասում են երկուսից։ Իսկ այն, որ իշխանական ու մերձիշխանական շրջապատում անասնաֆերմայի օրենքներով են հարաբերվում, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է նավսի ու ճնշումների մասին ինտենսիվորեն շրջանառվող թեզի տեխնոլոգիական կողմին, ապա իշխանական քարոզչամեքենայի սրած PR–բիզը կարող է հակառակ ուղղությամբ աշխատել։

Դատե՛ք ինքներդ. ու՞մ է պետք նախագահ, ով ենթարկվում է ճնշումների և ով թուղթ ու գիրի ազդեցության տակ է։

Պուտինից ճնշումներ, անշուշտ, եղած կլինեն, բայց ո՞վ էր խնդրել Սերժ Սարգսյանին «շուստրի» քաղաքականություն վարել, «աշխարհաքաղաքական «բոմժության»» հայեցակարգով հանդես գալ և վերջում «ռաստվել»՝ ծանր վիճակի մեջ դնելով Հայաստանին։

Եվ ուրեմն՝ գործող նախագահի հեռացումն այլևս դառնում է քաղաքական օրակարգի միակ կետը բոլոր այն պայքարող մարդկանց համար, ովքեր ունեն պետական մտածողություն, արժանապատվություն և կամք։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր վրա Մոսկվայից ճնշումներ չեն եղել։

Բա տեսնես այդ ո՞ր սրիկաներն են պատվիրում «անկախ» մամուլին առավոտից–երեկո մոլի ռուսամետ Սերժի վրա բանեցրած ճնշումներից խոսել։ Հաստատ էլի էդ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը կլինեն, որոնք հիմա էլ ուզում են նավսել Սերժի ռուսամետությունը։

Կամ էլ Ֆյուլեն է փորձում «տակից» խաղեր տալ, և դեմքը փրկելու համար հերսը թափել Պուտինի, այլ ոչ թե իրեն «քցած» Սարգսյանի վրա։ Արդյունքում ծնվել է ճնշումների մասին էժանագին լեգենդը։

Այս խորագրի վերջին նյութերը