Մեկնաբանություն

15.09.2013 16:15


Հին ընկերները չե՞ն դավաճանում

Հին ընկերները չե՞ն դավաճանում

ՀՅԴ վերնախավը Վահան Հովհաննիսյանին բարեհաջող կերպով արտերկիր ուղարկելուց հետո հանդես է եկել «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրով, որի բովանդակությանն ու ձեռնարկվելիք քայլերի մասին տեղեկացնելու է սեպտեմբերի 17–ին կայանալիք ասուլիսի ժամանակ։

Դա նշանակում է, որ մեկնարկում է ՀՅԴ վերնախավ–Սերժ Սարգսյան կոմերցիոն հարաբերությունների հերթական փուլը։ Մանավանդ որ պահն էլ հարմար է. Մաքսային միություն մտնելու «գիշերային» որոշումից հետո Սարգսյանին սատարիչ ուժեր են պետք, քանզի նրա համար «դհոլություն» անող «արևմտամետները», հասկանալի պատճառներով, մոդայից դուրս եկան և այլևս պահանջված չեն Բաղրամյան 26–ում։

ՀՅԴ–ն, ինչպես հայտնի է, ողջունել է ՄՄ մտնելու ՍՍ–ի քայլը և «նեղացել», որ իրենց մասնակից չեն դարձրել «խրախճանքին»։ Սերժը հիմա այդ սխալը կուղղի և որպեսզի այդ ամենին «գաղափարական» տեսք տրվի՝ արտագաղթի կանխարգելմանն ուղղված շոու–ծրագիր է ներկայացվելու։

Վերջին շրջանի փորձը ցույց է տվել, որ երբ ՀՅԴ վերնախավը որևէ ծրագիր է ներկայացնում հանրությանը, նշանակում է, որ ուզում է ստվերային գործարք կնքել Սերժ Սարգսյանի հետ։ Ծրագիրը պարզապես գին բարձրացնելու ֆունկցիա է կատարում Հրանտ Մարգարյանի ու մյուսների համար։ Այդքան բան։

Հիշեցնեմ, որ այդպես եղավ նախագահական ընտրությունների ժամանակ։ ՀՅԴ–ն 7 կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց հանրային դատին և նախագահի միասնական թեկնածուի սատարելու նախապայման դրեց դրանց ընդունումը։

Այդ 7 կետից յուրաքանչյուրով քաղաքական (և ոչ միայն քաղաքական) բազում մեղադրանքներ կարելի էր ներկայացնել Սերժ Սարգսյանին, բայց արի ու տես, որ ՀՅԴ–ն ներկայացնող Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը նախագահի թեկնածուների առաջադրման նախաշեմին հրապարակային հանդիպում ունեցան Սերժ Սարգսյանի հետ։

Սարգսյանն, իհարկե, ՀՅԴ ներկայացրած ծրագրի ոչ մի կետի հետ էլ համաձայն չէր, բայց դա չխանգարեց, որպեսզի դաշնակցական վերնախավը շարունակի ճիգեր գործադրել «Սերժ Սարգսյանին դեմ ըլլալով, կողմ ենք նրա հետ գործակցելուն» ծրագրի շրջանակներում և փաստացի սատարել նրան։ Այսինքն՝ ՀՅԴ ծրագրի 7 կետը ոչ մի արժեք չէր ներկայացնում այդ կառույցի վերնախավի համար, այլ լոկ հանդիսանում էր առևտրի առարկա։

Հիմա ՀՅԴ–ն որոշել է արտագաղթի կանխարգելման ծրագիր ներկայացնել։ Կարելի է միայն կռահել, թե ինչ է ակնկալում դրա դիմաց ստանալ Հրանտը Սերժից։ Կասկածից վեր է, որ այս անգամ նախագահական ընտրությունների համեմատ մեկ կամ մի քանի «զրո» պակաս կլինի։ Իսկ թե ինչ աթոռ են ակնկալում Սերժից ստանալ ՀՅԴ կոռումպացված վերնախավի անդամները, «հերձումը» ցույց կտա։ Եթե նրանք համաձայնել են «ֆուտբոլային» դիվանագիտության դեսպանը դառնալ, ապա մնացած հարցերում գործարքները կկնքվեն առանց հոգեբանական էքսցեսների։

Մեկ բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանին հաջողվեց քաղաքական դաշտից սրբել ՀՅԴ–ին և տանել ՕԵԿ–ի, գեղամյանների ու վիկտորդալլաքյանների կողքը։

Ափսո՛ս։ Արժե՞ր արդյոք 120 տարի գործել, վերջում ադրբեջանական կոմսոմոլի դպրոցն անցածի տակ հայտնվելու և ճիգերի գործադրման արդյունքում ինքնաոչնչացվելու նպատակով։

Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այս ամենի մասին աշխարհասփյուռ դաշնակցականները և ՀՅԴ հայաստանյան շարքերը։ Համաձա՞յն են նրանք առևտրի առարկա դառնալ և որպես մանրադրամ օգտագործվել Սերժի ձեռքում մանրադրամի վերածված ՀՅԴ վերնախավի համար։

Փաստորեն, Քաջազնունու հայտնի ձևակերպումը կրկին արդիական է դարձել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջերս մի բոցաշունչ ելույթ ունեցավ և հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը քանդում է ՀՅԴ–ն։

Նկատենք, որ Հրանտը ճիշտ գնահատական է տվել քանդելու մասով, բայց սխալվել քանդողի պահով։

ՀՅԴ–ն քանդում է հենց ինքը՝ Հրանտը՝ խճճվելով «Ծովից ծով Հայաստան» պահանջելու և Սերժ Սարգսյանի հետ գործարքների արանքում։

Այս խորագրի վերջին նյութերը