Մեկնաբանություն

16.09.2013 10:31


Սերժ Սարգսյանի PR զենքը

Սերժ Սարգսյանի PR զենքը

Սերժ Սարգսյանի քարոզչական թիմն առաջնորդվում է Արտաշես Գեղամյանի՝ տարիներ առաջ ներկայացրած բանաձևով՝ ում անունը Սերժի հետ կապվի, անմիջապես վարկաբեկվում է։

Սերժի քարոզչաթիմը նաև որդեգրել է «Սերժի դրական PR–ով զբաղվելն անհույս գործ է, ավելի լավ է նրա հակառակորդների վրա ցեխ շպրտել ու հանրությանը հասցնել այն միտքը, որ բոլորն էլ վատն են» բանաձևը։

Ահա այս երկու բանաձևերի միջոցով է գեբելսյան քարոզչամեքենան ստեղծում այն գաղջ մթնոլորտը, որից դժգոհում էր Սերժ Սարգսյանը։ Բայց դե, ինչպես ասում են, կկուն հոտած է, բայց գիտի, թե բույնն է հոտած։

Եվ այսպես, Սարգսյանի PR զենքը հենց ինքն է. ում անունը իր հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի շահերը սպասարկող լրատվամիջոցները («Հայկական ժամանակ», «Lragir.am», «1in.am» և այլն) պարբերաբար «լուրեր» ու «վերլուծություններ» են տարածում այն մասին, թե, իբր, ԲՀԿ–ն վերադառնալու է կոալիցիա, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ նշանակվելու է փոխվարչապետ։

Ի դեպ, զվարճալի է հետևելը, թե ինչպես է «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը ամիսներ շարունակ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոնում տեսնում, բայց ամեն անգամ անհարմար վիճակում հայտնվում։ Բաղրամյան 26–ից ՀԺ–ին, ակնհայտորեն, նստացրել են այդ գործի վրա և անողոքաբար «փչացնում» են։

Նմանատիպ «լուրերի» ու «վերլուծությունների» պատվիրատուները և դրանք տարածողները շատ լավ գիտեն, որ «մուտիլովկայով» են զբաղված, բայց դե, ուրիշ ճար չունեն, պետք է այդպիսի էժանագին բաներով ներիշխանական խնդիրներ լուծեն և Սերժի՝ իրավիճակին տիրապետելու պատրանք ստեղծեն։

Սեպտեմբերի 3–ից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես զրկվել է արտաքին աջակցությունից. Արևմուտքը երես է թեքել, իսկ ՌԴ–ն այնքան չի վստահում Սերժին, որ զոռով մտցրել է Մաքսային միություն։ Դե, իսկ հանրային հենարան նա երբեք չի ունեցել, չունի և չի ունենա։ Սարգսյանի միակ հենարանը հիմա «անկախ» լրատվամիջոցներն ու դրանց միջոցով տարածվող «մուտիտներն» են։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարը Բաղրամյան 26–ում մնում է իներցիայի շնորհիվ, ինչը հուշում է, որ հասարակական ու քաղաքական առաջին իսկ ալիքի դեպքում «նախաձեռնող» նախագահից կմնա միայն ֆուտբոլի գնդակը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը