Լրահոս

24.11.2010 17:03


Քննարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ

Քննարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ

Այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել քննարկում ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշել է, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգին և ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին ընտրարշավին հավասար հնարավորությունների ընձեռնմանը։ Մինչ այժմ գործում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովներ, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և Տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնք կազմվում են խորհրդարանում գտնվող կուսակցություններից։ Առաջարկվող փոփոխությունները ներառում է հանձնաժողովների ձևավորման նոր կարգ, որի համաձայն եռաստիճան համակարգի առաջին երկու օղակները՝ ԿԸՀ-ը և ԸԸՀ-ը կձևավորվեն այլ սկզբունքով։ Ձևավորման կարգը հետևյալն է՝ 5-ական անդամներ ներկայացվում են Փաստաբանների Պալատի նախագահի, Վճռաբեկ Դատարանի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի կողմից, իսկ ներկայացվածներից ՀՀ նախագահը 7-ին նշանակում է ԿԸՀ և ԸԸՀ անդամներ։

-Այնտեղ պետք է լինեն մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք կկարողանան արդար և թափանցիկ ձևով իրականացնել ընտրությունները, - ավելացրել է ՀՀԿ պատգամավորը։ Ինչ վերաբերում է Տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորմանը, ապա այն փոփոխությունների չի ենթարկվելու, այսինքն՝  կձևավորվի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությոնների կողմից։

Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության նպատակներից մեկը։

-Ժողովրդավարական սկզբունքների ներդրումը պահանջում է որոշակի ժամանակ և որոշակի փոփոխություններ։ Մենք իրականացնում ենք մեր կարծիքով անհրաժեշտ փոփոխություններ, - ավելացրեց նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը