Լրահոս

17.09.2013 17:53


Վ. Չախալյան. «Վրաստանի նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայությանը հուզող խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը»

Վ. Չախալյան. «Վրաստանի նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայությանը հուզող խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը»

2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը։

Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ:

Մասնավորապես, լուծման են սպասում հետևյալ հիմնական հարցերը.

- Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,

- Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը.

- Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.

- Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.

- Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,

- Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:

Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդման առումով նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռևս 2006-ին վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան:

Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան Սաակաշվիլիի-Մերաբիշվիլիի ռեժիմի հանցավոր քաղաքականության դրսևորումներին Սամցխե-Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, ինչպես նաև անդրադառնան հայաբնակ շրջաններում և Վրաստանի այլ տարածքներում արդարության վերականգնման, օրենքի գերակայության ևւ ժողովրդավարության լիարժեք հաստատման խնդրին:

Վահագն Չախալյան

Այս խորագրի վերջին նյութերը