Լրահոս

20.07.2009 15:36


Հանդիպում խորհրդարանում

Հանդիպում խորհրդարանում

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանն ընդունեց «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլը։
«Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կին առաջնորդները հանուն հավասարության» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: 

Ծրագրի հիմնական նպատակն է կանանց դերակատարության բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում։ Ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստագրական ֆիլմ, որը ներկայացնում է մեր երկրում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող վեց կանանց՝ նրանց թվում ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանին և պատգամավոր Լարիսա Ալավերդյանին։Ողջունելով հյուրերին, ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը նախ նրանց ծանոթացրեց Հայաստանի օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը։
Նշելով, որ տարբեր կուսակցություններից 12 կին պատգամավոր է ընտրվել, տիկին Պետրոսյանն ասաց, որ նրանց մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին ակտիվ է, իսկ ձեռագիրը՝ ակնհայտ։
«Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Սիմոնյանը շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ընդունելության համար, վստահեցրեց, որ խորհրդարանի և հասարակական կազմակերպության գործակցությունը կլինի շարունակական։ 
Կազմակերպության կողմից իրականացված ծրագրի մասնակիցներին՝ համայնքներից ընտրված 40 աղջիկներին և կանանց  ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի և  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլի կողմից հանձնվեցին վկայականներ, իսկ ծրագրում նշանակալից ավանդի համար ֆիլմի մասնակիցներին՝ շնորհակալագրեր։

Այս խորագրի վերջին նյութերը