Մեկնաբանություն

18.09.2013 20:19


Վահանի «մայրամուտը» եւ ՀՅԴ վերնախավի «լուսաբացը»

Վահանի «մայրամուտը» եւ ՀՅԴ վերնախավի «լուսաբացը»

1990-ականների վերջին, ավելի կոնկրետ՝ 1998 թվականի վերջերին, երբ առիթ եղավ զրուցելու Սոս Սարգսյանի հետ՝ բավական անկեղծ զրուցի ընթացքում համարձակվեցի մեր ժամանակների մեծագույն արտիստին հարցնել, թե 1991 թվականին ինչպես համաձայնեց դառնալ ՀՅԴ-ի նախագահի թեկնածու: Հարցս լսելուց հետո Սոս Սարգսյանը մռայլվեց ու խոստովանելու պես ասաց. «Ես հիմա հուշեր եմ գրում եւ իմ կյանքի այդ հատվածին որոշել եմ ընդհանրապես չանդրադառնալ»,- համարյա զայրացած պատասխանեց զրուցակիցս:

Փոքրիկ դադարից հետո ավելացրեց. «Այդպես էլ չհասկացա, թե ինչ կուսակցություն է Դաշնակցությունը»: Շատ դառնացած էր:

Այս պատմությունը հիշեցի, երբ իմացա, որ Վահան Հովհաննիսյանը ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի առաջարկը:

Առաջին հարցը, որ ծնվեց բոլորի գլխում, հետեւյալն էր՝ ինչպե՞ս, չէ՞ որ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին Դաշնակցությունը դուռը շրխկացրեց եւ դուրս եկավ իշխանական կոալիցիայից՝ մինչ այդ, մասնավորապես, Փարիզի կենտրոնում Կոմիտասի արձանի մոտ, ուր գտնվում էր Սերժ Սարգսյանը, վերջինիս դեմ «գանահարող» աղմկոտ ցույց կազմակերպելով:

Այսքանից հետո ինչպե՞ս է հնարավոր համաձայնել դեսպանի պաշտոնի առաջարկին, երբ, մանավանդ, ՀՅԴ մոտ չորս տարի «սկզբունքորեն» կապերը խզել է կառավարության հետ:

Մի կառավարության, որի վարած արտաքին քաղաքականությունը համարել է վտանգավոր եւ անհեռանկար, իսկ որպես «կոնկրետ քայլ» պահանջել է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

Ի դեպ, դեսպանի նշանակման մասին լուրն առնելուն պես ես «անխոհեմաբար» շտապեցի ՖԲ-ի իմ էջում երկու տող գրել՝ նկատելով, որ Վահան Հովհաննիսյանը սկսել է հրապարակումների շարք «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» վերնագրով: Չստացվի այնպես, որ Վահան Հովհաննիսյանն այս հրապարակումներով սեփական լուսաբացն է ապահովում: Իմ այս անմեղ ենթադրությանը գրոհով արձագանքեցին շարքային դաշնակցականները՝ նշելով եւ անգամ երդվելով, որ «նման բան չի կարող լինել, Վահանը չի համաձայնի դրան, այդ լուրը հերյուրանք է»:

Հիմա՝ շաբաթներ անց իսկապես կարեկցում եմ ինձ ազնվորեն եւ անկեղծորեն առարկող շարքային դաշնակցականներին: Ընդգծում եմ՝ ես ընդամենը ենթադրություն էի հայտնել:

Պարապ մտավախություն կամ մտահոգություն չէր ասածս: Դեռեւս չհաստատված լուրն, իրոք, ինձ ցնցել էր՝ առանց չափազանցության: Պարզապես չէի հավատում, որ կարող է նման բան լինել:

Հետո երբ ուշադիր կարդացի Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» հոդվածաշարի բոլոր ութ մասերը, զարմանքով հայտնաբերեցի, որ «անկախության շրջանի պատմիչը», որ «ճյուղ առ ճյուղ» անդրադարձել է քաղաքական բոլոր դեմքերին՝ խնամքով շրջանցել է Սերժ Սարգսյանին եւ նրա գործունեությունը: Այս մասով գնահատականներ չկան: Փոխարենը կան գնահատականներ Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի գործունեության վերաբերյալ, բնականաբար՝ այսօրվա կոնյունկտուրայի շրջանակներում։

Արդեն ամեն ինչ պարզ դարձավ, եւ մինչ նրա՝ իր նշանակման մասին պարզաբանումներ ներկայացնելը, այլեւս կասկած չկար, որ ընդունելու է Սերժ Սարգսյանի հրավերը:

Ցանկանում եմ այդ հոդվածաշարից մի հատված ներկայացնել. «Ճիշտ է, այն ժամանակ ոչ երկարատեւ իրական շանս ստեղծվեց` կառուցել կառավարման` եթե ոչ իդեալական, ապա գոնե առողջ համակարգ` բարդ իրողություններին ու ապագայի մարտահրավերներին համապատասխան (նկատի ունի Քոչարյանի կառավարման շրջանը – Կ. Ե.): Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ, շանսը բաց թողնվեց, քանի որ հենց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր գլխավոր ու ճակատագրական սխալը: «Գլխավոր սխալ» ասվածն այս համատեքստում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստվերում մյուս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարյանը ռիսկի չդիմեց` իշխանությունը արմատապես փոփոխելու համար. ընտրվելուց հետո նա չլուծարեց ՀՀՇ-ական խորհրդարանը` 1995-ի ամոթալի ընտրությունների ծնունդը (թեեւ նրան համառորեն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացավ իր իրական հենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատավորել տերպետրոսյանական վարչակարգի հետ համագործակցությամբ: Իսկ անմիջապես նախագահականից հետո` 1998-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաղթանակ կբերեին հենց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղությամբ կընթանար: Դա տեղի չունեցավ, շանսը, կրկնում եմ, բաց թողնվեց, քանի որ ապագա նախագահ Քոչարյանին հրամցրեցին բարձրագոչ, ինչպես թմբուկը, նույնքան էլ դատարկ կարգախոս` «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», որը նրան վարպետորեն զրկում էր իրական քաղաքական աջակցությունից»,- վերհիշում է Վահան Հովհաննիսյանը:

Պարզ չէ, թե սրանով ինչ է ուզում ասել դաշնակցական գործիչը: Երկրորդ նախագահը «ռիսկի չդիմեց» կամ «շանսը բաց թողեց», սակայն ՀՅԴ-ն շարունակեց 10 տարի գործել «ոչ առողջ» համակարգում՝ պահպանելով եկամտաբեր պաշտոնները: Եվ, ի դեպ, պահպանել վարկանիշը, ինչը սրընթացորեն ընկավ 2008-ից հետո:

Պարզապես զարմանալի է երկրորդ նախագահի գործունեության այսօրինակ գնահատականը, երբ նույն Վահան Հովհաննիսյանն արդեն հինգ տարի հետեւում է, թե ինչպիսի «անկախ քաղաքական ուժերով» է իրեն շրջապատել Սերժ Սարգսյանը՝ գնելով եւ «հաճախորդացնելով»:

Պարզվում է՝ Վահան Հովհաննիսյանի համար սերժսարգսյանական այս գործելաոճը շատ ավելի հոգեհարազատ է: Այլապես, ինչու պետք է համաձայներ Սերժ Սարգսյանի առաջարկին:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ճիշտ կարգախոսը սա պետք է լինի՝ «Իմ կուսակցությունը Արթուրիկի, Գեղամյանի, Խոսրովի, Բաբուխանյանի եւ Վահան Հովհաննիսյանի կուսակցությունն է»:

Սերժ Սարգսյանի չբարձրաձայնած հենց այս կարգախոս-ցանկությանն են հավատացել եւ փոխվել Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ-ն:

Արդեն 20 տարի ես զարմանալի համառությամբ ուղղում եւ անգամ բարկանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր «դաշնակցական» բառի փոխարեն, ասում են՝ «դաշնակ»: Նաեւ՝ ականջիս տհաճ էր հնչում հեգնական արտահայտությունը՝ «դեմ ըլլալով՝ կողմ կլլան»:

Այլեւս ուղղելու կարիք չունեմ եւ հեգնանքն էլ ընդունելու եմ որպես շատ տեղին հեգնանք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը