Լրահոս

19.09.2013 13:09


Է. Վարդանյան. «Տ. Առաքելյանի խափանման միջոցը չփոխելը կնպաստի արդարադատության նկատմամբ հավատի է՛լ ավելի կորստին»

Է. Վարդանյան. «Տ. Առաքելյանի խափանման միջոցը չփոխելը կնպաստի արդարադատության նկատմամբ հավատի է՛լ ավելի կորստին»

Հարցազրույց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ

–Սեպտեմբերի 19–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի այս որոշումը։

–Իրավական տեսանկյունից գնահատականներ տալ չեմ ուզում, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ շա՛տ անհանգստացած եմ այսպիսի վերաբերմունքից։ Սա այն հազվադեպ գործերից է, երբ դատարանը «շահագրգռված» է արդարադատության հարցում։

–Ի՞նչն է հատկապես մտահոգության տեղիք տալիս։

–Ես, ի սկզբանե, Տիգրան Առաքելյանի գործի հետ կապված իմ կարծիքը հայտնել ե, և, միևնույն ժամանակ, խոսել եմ պատժի խիստ անհամաչափ լինելու մասին։ Ինձ անհանգստացնում է, որ մեր դատական համակարգի վերաբերյալ հավատը գնալով ավելի ու ավելի է կորում, և այս գործը, թերևս, դրա ապացույցներից մեկն է։ Դա է պատճառը, որ հասարակությունն օրեցօր սկսում է է՛լ ավելի թերահավատորեն մոտենալ դատական համակարգին։

–Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երաշխավորագրին միացել էին նաև ավելի քան 100 պատգամավորներ, հասարակական–քաղաքական գործիչներ, լրագրողներ, արվեստագետներ։ Այդ երաշխավորագրի տակ ստորագրություն էիք դրել նաև անձամբ Դուք և Ձեր խմբակցության այլ պատգամավորներ ևս։ Սակայն դատարանը նույնիսկ դա հաշվի չառավ։ Այդքան ստորագրությունը դատարանի համար Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու բավարար երաշխիք չէ՞ր։

–Կրկին պետք է խուսափեմ իրավական գնահատականներ տալուց, որովհետև դա մտնում է դատարանի իրավասությունների մեջ, և դատարանն է որոշում, թե որքանով է դա նպատակահարմար։ Բայց, իհարկե, ես ինքս՝ որպես քաղաքացի, այդ նպատակահարմարությունը չեմ կիսում։ Պետք է նշեմ նաև, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը շատ արատավոր և չարաբաստիկ երևույթ է մեր հանրապետությունում։ Ե՛վ նախաքննության մարմինները, և՛ դատարանները իրենց ապահովագրելու համար շատ հաճախ դիմում են կալանքի կիրառմանը։ Մինչդեռ կալանքի կիրառումն իր հերթին ունենում է իր բասացական հետևանքները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված այսօրվա մեր մեկուսարանների գերհագեցածությունը։ Այնպես որ, մեզ մոտ կալանքը փոխելու կամ դրա փոխարեն այլ խափանման միջոց կիրառելու մշակույթը կարծես թե բացակայում է։

–Միաժամանակ մենք ունենք մեկ այլ Տիգրանի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու դեպքը։ Նրան ազատ արձակեցին, մինչդեռ կան կրակոցներ, սպանված, վիրավորներ և բազմաթիվ ապացույցներ։ Հավասարաչափ մոտեցումն արդյոք չի՞ խախտվում։

–Ես պետք է կրկին շեշետեմ, որ, այսօրվա դրությամբ, դատարանները կարծես թե իրենք են ստիպում, որ հասարակությունը կորցնի հավատը դատարանի և արդարադատության նկատմամբ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը