Մեկնաբանություն

19.09.2013 16:19


Ի՞նչ արժե «արևմտամետների» «կուրությունը»

Ի՞նչ արժե «արևմտամետների» «կուրությունը»

Հայաստանյան «արևմտամետները» շատ «մազալու» դեմքեր են։ Սրանք կուրծք են ծեծում և ողբում Մաքսային միության մեջ մտնելու որոշման թեմայով, բայց համառորեն չեն տեսնում գլխավոր հերոսին կամ ավելի ճիշտ՝ հակահերոսին։

«Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը», «Մենք դարձել ենք Կրասնոդարի մարզ», «Հայաստանը մեկուսացման մեջ է, քանզի Մաքսային միության շրջանակներում է որոշվելու մեր ճակատագիրը»։ Ահա այսպիսին է «արևմտամետների» գնահատականը, բայց արի ու տես, որ սրանք համառորեն չեն տալիս Մաքսային միության մեջ մտնելու որոշում կայացնողի անունը և որևէ թթու խոսք չեն ասում նրա հասցեին։

«Արևմտամետները» սեպտեմբերի 3–ից առաջ տարատեսակ ծառայություններ էին մատուցում Սերժ Սարգսյանին՝ իրենց վարքագիծը հիմնավորելով գաղափարական ու սկզբունքային պահերով։

«Ճիշտ է, Սերժ Սարգսյանը մի բարի պտուղ չէ, սակայն նա ՀՀ–ն տանում է ԵՄ–ի հետ ասոցացման ճանապարհով, և դա է պատճառը, որ մենք աջակցում ենք չարյաց փոքրագույնին ու պայքարում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ»,– գեղամյանությանը «գաղափարական» տեսք էին տալիս դավիթշահնազարյանները և արամսարգսյանները։

Այն բանից հետո երբ Ս. Սարգսյանը դարձավ «Ռուսական իմպերիալիզմի» հայաստանյան օպերատորը, թվում է, թե «արևմտամետները» պետք է նույն «սկզբունքայնությունից» և «գաղափարականությունից» ելնելով լցվեին փողոցներն ու պահանջեին, իրենց բնորոշմամբ, Հայաստանին ինքնիշխանությունից զրկած Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը, այսինքն՝ ամեն ինչ նույնն է մնացել։ Պարզապես Սերժին ծառայելու բանաձևն է փոխվել։

«Սերժ Սարգսյանին ճնշեց չար Ռուսաստանը» և «Կորչի՛ Պուտնիը». սրանք են «արևմտամետների» սիրած կարգախոսները, որոնք կրկին հաճախորդության շրջանակներում են հնչեցվում։ «Արևմտամետները» շարունակում են պահանջել ... ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հրաժարականները։

Թե ինչքան են վճարվում խիստ «սկզբուքնային» և «թունդ գաղափարական» «արևմտամետները» նման «կուրության» դիմաց, արդեն հետաքրքիր չէ։ «Արևմտամետների» կանտոռան ընկավ, իսկ «կնիքն» էլ կորավ։ Նրանք հիմա, ըստ էության, հանդիսանում են Մաքսային միության թաքնված ջատագովներ և հետևաբար՝ Սերժի հետ հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանի նվաստացման համար։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով քաղաքականության ու շախմատի միջև անցկացվող զուգահեռներին՝ նշել էր հետևյալը. «Ընդհանրապես, քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով. 1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենեւին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ «հաղթել» պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը եւ կոռուպցիային: 2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից): Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, եւ լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում»։

Կարծում ենք, որ Սերժի մոտ ծառայության անցնելուց առաջ «արևմտամետներն» ու «ռուսամետները» պետք է հաշվի առնեն այս ամենը, որպեսզի «չխուրդվեն» ու մասնակից չդառնան «թագավորության» կեսը՝ ՀՀ ինքնիշխանությունը, Կրեմլի կամ Սպիտակ տան պատերի տակ աճուրդի հանելու գործընթացին։

Թեև ում ենք ինչ ասում։ Սրանց համար հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարը սկսվում և ավարտվում է թուլափայ նետված «զրոների» շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը