Լրահոս

21.07.2009 09:39


Սերժ Սարգսյան. «Հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է»

Սերժ Սարգսյան. «Հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է»

Ողջունելով Եվրամիության եռյակի այցը Հայաստանի Հանրապետություն՝ Նախագահ Սարգսյանն ասել է. «Այն, որ դուք Ձեր նախագահությունը սկսում եք Հարավային Կովկաս այցելությամբ, խոսում է մեր տարածաշրջանի, մեր երկրի հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: Մենք սա համարում ենք տրամաբանական, քանի որ Շվեդիան կանգնած է Եվրամիության Արևելյան գործընկերության ակունքներում»: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը անկախությունից ի վեր մշտապես կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունները, և այսօր էլ այն համարում է իր արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասը: Համոզմունք հայտնելով, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության օրոք կամրապնդվեն Արևելյան գործընկերության հիմքերը՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս գործընկերությունը հնարավորություններ է տալիս խորացնել հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաև համագործակցություն ծավալել Արևելյան վեցնյակի միջև:
ԵՄ նախագահող երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինչպես իրավացիորեն նկատել է Նախագահ Սարգսյանը, Շվեդիայի նախագահության առաջին այցելությունը Հարավային Կովկաս է և շեշտել է, որ սա ցույց է տալիս այն կարևորությունը, որ իրենք հատկացնում են տարածաշրջանին, նրա խնդիրներին և Արևելյան գործընկերությանը:
Կողմերը հանգամանալի քննարկում են ծավալել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևորությունը, որ Եվրամիությունը տալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին և իրենց աջակցությունը խնդրի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք օր առաջ խնդիրը քննարկել է Ադրբեջանի Նախագահի հետ: Նրա խոսքով՝ այս քննարկումը մի փոքր այլ պայմաններում էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանրությանը տեղյակ էին պահել, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները: Սերժ Սարգսյանը սա ինչ-որ տեղ նաև օժանդակություն է համարել, քանի որ, ըստ Նախագահի, «ցավոք, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում: Չնայած այս հանգամանքին, մոսկովյան քննարկումներից հետո ևս մեր հարևան Ադրբեջանում այլ կերպ են փորձում ներկայացնել բանակցությունների օրակարգը և իմաստը: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ, թեև դժվարությամբ, բայց առաջընթաց կա: Գիտեք, որ հիմա մենք քննարկում ենք մադրիդյան սկզբունքներից առանձնացված հիմնական սկզբունքները, այնուհետև պետք է քննարկենք մնացած սկզբունքները, որից հետո դրանց հիման վրա սկսենք հիմնական պայմանագրի մշակումը: Կարծում եմ, արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձևակերպում տալ, որը որևէ երկմտանք չի առաջացնի, այնուհետև, կարծում եմ, բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ԵՄ-Հայաստան օրակարգային հարցերը, մասնավորապես անդրադարձել են ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորություններին, տնտեսական փոխգործակցության հեռանկարին, խորացված ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Խոսվել է նաև ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման հնարավորության մասին: Այս խնդիրը մեր երկրի համար Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև այն պատճառով, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը բնակվում է Հայաստանից դուրս:

Այս խորագրի վերջին նյութերը