Լրահոս

23.09.2013 12:38


Գ. Նամալյան. «Լինելու է ուժեղ երկրաշարժ, և մենք պետք է նախապատրաստվենք դրան»

Գ. Նամալյան. «Լինելու է ուժեղ երկրաշարժ, և մենք պետք է նախապատրաստվենք դրան»

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում.

Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, այդ օրվանից ամեն հեռացող օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում։

Ըստ Ա. Թովմասյանի՝ պատմությունը ցույց է տվել, որ նման ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունենում նախորդից 20-25 տարի անց։

Ասուլիսին ներկա ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էլ նշել է.

–Երկիր մոլորակը զարգանում է, և դրանով պայմանավորված, ինչպես հրաբուխներ են արթնանում, այնպես էլ երկրաշարժեր: Մեր երկրի սեյսմիկ վտանգը գնահատվել է 9 բալ և ավելի: Դա նշանակում է, որ լինելու է ուժեղ երկրաշարժ, և մենք պետք է նախապատրաստվենք դրան։

Աշխեն Թովմասյանի խոսքերով՝ միջին՝ հինգ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը վատ չէ, որ լինում են. դրանցով լիցքաթափ է տեղի ունենում: Սակայն դրանք կարող են ավելի ուժեղ երկրաշարժի նախանշաններ լինել.

–Եթե դրանք պարպվում են, իհա՛րկե լավ է, իսկ եթե նախորդում են ավելի ուժգին երկրաշարժի, ապա լուրջ խնդիր կա՝ ուսումնասիրելու և պարզելու՝ դրանք նախացնցո՞ւմ են, թե՞ ոչ։

Ըստ մասնագետի՝ հնարավոր ուժեղ երկրաշարժից ոչ թե պետք է վախենալ, այլ լավ նախապատրաստվել, իսկ այսօր սեյսմոլոգիական ցանցի կատարելագործման աշխատանքներ են տարվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը