Լրահոս

23.09.2013 15:02


Արմեն Հովհաննիսյան. «Տրամաբանական թիրախը ինտեգրիստ, հակաանկախական, հակապետական իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»

Արմեն Հովհաննիսյան. «Տրամաբանական թիրախը ինտեգրիստ, հակաանկախական, հակապետական իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»

Հարցազրույց ակտիվիստ, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի հետ

–Սեպտեմբերի 21–ի Անկախության համազգային երթի կազմակերպիչներից մեկն էլ Դուք էիք։ Արդյոք կայացած համարո՞ւմ եք այդ երթը։

Երթը կազմակերպվել էր մի խումբ կամավորների կողմից, և ես պատիվ ունեցա դրանցից մեկը լինել: Ընդամենը: Այո՛, երթը, անշուշտ, կայացավ:

Ինչպես հենց երթի ընթացքում, այնպես էլ երթից հետո (ու է՛լ ավելի ակտիվ) ոմանք քննադատում էին կազմակերպիչներին, թե ակցիան Մաքսային միության դեմ էր, այլ ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանի, հետևաբար, «Սերժի՛կ, հեռացի՛ր» և իշխանությանը սարսափեցնող նմանատիպ կոչեր չպետք է արվեին։ Ի՞նչ կասեք այս մասին։

Երթը դեմ էր Հայաստանի անկախության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության և այդ ոտնձգության մասնակից իշխանությանը: Դա էր նախնական փոխհամաձայնեցված ուղերձը: «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսը, անշուշտ, ըստ էության ճիշտ լինելով, ինձ համար արդեն շատ պարզունակ է հնչում: Դա չափից դուրս քիչ է Հայաստանը վերադարձնելու տեսակետից, բայց, ըստ էության, դա մեծամասնության միանգամայն հիմնավորված պահանջն է: Պարզապես կա սպեցիֆիկ կուսակցական լեզու, որ բնորոշ է ՀԱԿ–ի ակտիվ անդամներին և համախոհներին, և նրանք շատ էին թե՛ կազմակերպիչների, թե՛ երթի մասնակիցների շարքերում, ինչը միանշանակ իրենց օգտին է խոսում: Բայց պետք է փորձենք ընդհանուր գործածման լեզու ձևավորել, եթե ազգային ճակատի նպատակ ունենք:

Արդյոք վիրտուալ թիրախ ընտրելը, օրինակ՝ Ռուսաստան, Պուտին, Մաքսային միություն, ջուր չի՞ լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին։ Չէ՞ որ Մաքսային միությանը միանալու որոշում կայացնողն էլ է Սերժ Սարգսյանը, և, տրամաբանորեն, ՄՄ–ին դեմ արտահայտվողները նույնպես չպե՞տք է պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Մաքսային միությունը թիրախ դարձավ միայն իշխանության գործունեության շնորհիվ: Թե չէ, մե՞զ ինչ՝ Ղազախստանն ու Ղրղզստանն ինչպես են կառուցում իրենց ապագան: Այդ տեսակետից տրամաբանական թիրախը ինտեգրիստ, հակաանկախական, հակապետական իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Բայց դա չի նշանակում, որ գաղութարարները պիտի մեր կողմից քարտ-բլանշ ստանան: Ինչպես քաղաքացիական ակտիվիստներն են ասում՝ մե՛նք ենք տերը մեր երկրի. որոշողը մե՛նք ենք։ Շատ ճիշտ մոտեցում է։

–Անկախության այս երթից ի՞նչ եզրակացություններ կարելի է անել, և ի՞նչ ակցիաներ կան նախատեսված առաջիկայում։

–Հետևությունը՝ մենք ճորտ չենք, մեզ հողի հետ վաճառել չի կարելի: Եվ մենք հաղթելու ենք: Իսկ ակցիաների պահով ազատ, բաց հրապարակային քննարկում կլինի, կերևա:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը