Լրահոս

23.09.2013 15:16


Սոչիում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Սոչիում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:


Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:


Հայաստանի և Բելառուսի նախագահները գոհունակությամբ են նշել, որ մի քանի ամիս առաջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը:

Այս խորագրի վերջին նյութերը