Մեկնաբանություն

24.09.2013 14:00


Փնտրվում է «իմպերիալիստական Ռուսաստանի» գարծակալ. «էպոսագետ» չառաջարկել

Փնտրվում է «իմպերիալիստական Ռուսաստանի» գարծակալ. «էպոսագետ» չառաջարկել

Երբ նախագահական «ֆեյք» ընտրությունների քարոզարշավային փուլում լուր տարածվեց այն մասին, որ մահափորձ է տեղի ունեցել «անկախության խորհրդանիշ» Պարույր Հայրիկյանի նկատմամբ, առաջին բանը, որ մտքովս անցավ, «Անորսալի Ջոյի» մասին անեկդոտն էր։ Այդ պահին, իհարկե, այն սև հումորի պես մի բան կընկալվեր և տարածվելու դեպքում չէր ընդունվի առաջադեմ և թունդ անկախական ֆեյսբուքահայության կողմից, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ գործ ունենք էժանագին շոուի հետ։

Պարույրը վիրավորվելուց ու վիրահատվելուց րոպեներ անց բավական առույգ տեսք ուներ և ինտենսիվ հարցազրույցներ էր տալիս «ազատ և անկախ» սերժական լրատվամիջոցներին։ Ըստ «խորհրդանիշի»՝ մահափորձի պատվիրատուն իմպերիալիստական Ռուսաստանն ու դրա հայաստանյան գործակալներն են։

Պարույրի «հակաիմպերիալիստական» պայքարը բավական հաջող դասավորվեց իր համար։ Սերժ Սարգսյանը դիմեց «զրոների» օգնությանը, և ԱԻՄ առաջնորդը բավարարեց իր սոցիալ–տնտեսական պահանջմունքները։ Ճիշտ է, մի փոքր հոգեբանական էքսցեսներ առաջացան ՍԴ դիմել–չդիմելու հարցի հետ կապված (Պարույրը մի «զրո» ավել էր ուզում), բայց Բաղրամյան փողոցի վրա տեղի ունեցած բաց սակարկությունը ևս ավարտվեց համաձայնությամբ։ Գործարքի կողմերը ուրախ էին և երջանիկ։

Մնում էր միայն այս պատմության վերջակետը, այսինքն՝ «անկախության խորհրդանիշի» մահը կամեցողների հայտնաբերումն ու արդար դատաստանը։

Հիշեցնենք, որ Պարույրը կասկածում էր «իմպերիալիստական Ռուսաստանի» տեղական գործակալներին, իսկ սերժամետ մամուլը համաձայն էր նրա հետ ու «մուտիտներ» էր տարածում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սերժ Սարգսյանի արդարադատության համակարգն էլ բռնեց ու կասկածեց նախագահի թեկնածու գրանցված «էպոսագետին» և 14 տարվա ազատազրկման դատապարտեց նրան։ Այսինքն, ստացվում է, որ «իմպերիալիստական Ռուսաստանի» գործակալը «էպոսագետ» Վարդանն է։

Սեպտեմբերի 3–ին տեղի ունեցածը, սակայն, ցույց տվեց, որ Պարույրի իբր չսիրած «իմպերիալիստական Ռուսաստանի» թիվ մեկ և միակ գործակալը Սերժ Սարգսյանն է։

Թվում էր, թե Պարույրը սեպտեմբերի 3–ից հետո պետք է տուն չգնար Ազատության հարապարակից ու պահանջեր իր սիրելի Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց «իշտայներիդ քացախ». Հայրիկյանը հո ապերա՞խտ չէ, որ «զրոների» տիրակալի դեմ պայքարի։ Նա պետք է շարունակի իր պայքարը «իմպերիալիստական Ռուսաստանի» ու նրա «կաֆելչիկ» գործակալների դեմ։ Սկզբունքային գործիչները հենց այդպիսին են լինում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը