Մեկնաբանություն

24.09.2013 19:33


Ինքնորոշվել եմ՝ խեղկատակ եմ

Ինքնորոշվել եմ՝ խեղկատակ եմ

Երանի այն օրերը, երբ Պարույր Հայրիկյանը զբաղվում էր գրականությամբ եւ անգամ հրապարակեց իր արձակ ստեղծագործությունը՝ «Լուսինե» վիպակը:

Թվում էր՝ իր առաջին սիրո մասին այս հուզիչ պատմությամբ, եւ նաեւ մինչ այդ կարծես թե լույս ընծայած բանաստեղծությունների ժողովածուով, դրանց հեղինակն այլեւս ինքնորոշվել է դեպի գրականությունը. խաղաղվել ու հանդարտվել է, գիտակցել է, որ այդուհետ պարտադիր չէ լինել քաղաքականության կենտրոնում, մանավանդ, երբ լինելով անկախության գաղափարի ջատագովներից եւ այդ գաղափարի իրագործման համար պայքարողներից մեկը՝ այլեւս անկախությունը դարձել է իրականություն:

Ուրեմն՝ ժամանակն է զբաղվել գեղարվեստական գրականությամբ, ավելին՝ հուշագրությամբ: Մասնավորապես, գրասեղանի առջեւ խորհելու էր եւ մեկ առ մեկ թղթին էր հանձնելու այն ամենը, ինչը վերագրում է իրեն: Ասենք, մի 15 տարի հրապարակավ գոռում էր, որ առանց իր պայքարի հայ ժողովուրդը անկախության չէր հասնի, Սահմանադիր ժողովը իր գաղափարն է, որի իրականացումը մերժվեց, իր գաղափարն է նաեւ Սահմանադրության ստեղծումը, իր գաղափարն է նաեւ երկրի բոլոր ինստիտուտների ստեղծումը, իր գաղափարն է նաեւ հայոց բանակի ստեղծումը եւ այլն: Մի խոսքով՝ իրենից է ծնվել հայ ժողովուրդը:

2000-ականներին թվում էր, որ նա այս ամենն արդեն լուռումունջ գրի կառնի եւ ընթերցողի սեղանին կդնի հերթական գիրք-հուշագրությունը, իսկ մենք էլ ըմբռնումով կմոտենանք նրա գրածներին։

Գրական գործունեությանն անցնելու լուրջ պատճառ կարող էր հանդիսանալ նաև այն, որ ԱԻՄ–ից արդեն բան չէր մնացել։ Եթե չհաշվենք Հայրիկյանին եւ նրա կողքին մնացած ընտանիքի անդամներին կամ մերձավոր բարեկամներին:

Ավաղ, մեզ միայն թվում էր, որ Հայրիկյանը կխորասուզվի գրական ժանրերի մեջ և մեզ կազատի Հայրիկյան քաղաքական գործչից։

Ավաղ… Քանզի վրա հասավ 2008 թվականը: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, ցանկացած «հումքից» կարող է խեղկատակ պատրաստել, մանավանդ որ պատրաստվողն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները: Դե, մարդը սիրում է իրեն շրջապատել խեղկատակներով:

Եվ, ի թիվս այլ հանգած գոյացությունների, նորից շողշողաց Հայրիկյանի «աստղը»:

Սերժ Սարգսյանի ձեռամբ Փյունիկի պես վերստին հառնեց չափազանց «սկզբունքային» Հայրիկյանը, ով այդ պահից սկսած՝ իսպառ մտքից հանեց ԿԳԲ-ի ցուցակները հրապարակելու մասին իր կողմից տեւական ժամանակ ներկայացվող պահանջը:

Դե, հիշում եք՝ տարիներ շարունակ պնդում էր, որ հրապարկվելու դեպքում հայ հանրությունն այդ ցուցակներում անպայման կգտնի ՀՀԿ-ականների անուններ, հատկապես՝ Անդրանիկ Մարգարյանի անունը:

Ինչեւէ, 2008-ից հետո գրողի ծոցն ուղարկեց իր այս պահանջը եւ սիրահոժար հայտնվեց Սերժ Սարգսյանի «ուղեծրի» մեջ:

Վերջին նախագահական ընտրություններում Հայրիկյանի «պետականաշեն» դերակատարությանը չարժե անդրադառնալ, քանզի նրա դրսեւորած վարքագիծը հայտնի է բոլորին:

Դե, իսկ մահափորձից հետո էլ հայտնի է, թե ինչպես իրեն դրսեւորեց Հայրիկյանը: Էնքան հալվեց հանրապետականների՝ իրեն շնորհած «կոչումից» («անկախության սիմվոլ»), որ հետագա անելիքի հարցում այդպես էլ չկարողացավ «ինքնորոշվել»: Մի 10 օր «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» անելով՝ գնաց ու ՍԴ-ից հետ վերցրեց ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով իր իսկ դիմումը:

Իրեն տված «կոչումից» խելքամաղ էր եղել, չհաշված՝ հետագա չաղ պարգեւատրումը:

Եվ հիմա Հայրիկյանը հայտարարում է, թե. «Հունվարի 31-ի կրակոցով սկսվում է ՀՀ-ի կամավոր միացումը Մաքսային միությանը»:

Նման պնդում անում է մեկը, երբ սեպտեմբերի 3-ից մինչ օրս ԱԻՄ-ը այդ միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման դեմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Այս ու այնտեղ Հայրիկյանը ինչ-ինչ հայտարարություններ է արել՝ ոչ մի աննպաստ արտահայտություն չանելով Սերժ Սարգսյանի դեմ:

Սակայն իր գլխավորած կուսակցությունը պաշտոնական հայտարարություն չի արել:

Հետաքրքիր է, եթե Սերժ Սարգսյանը Մոսկվայում նման հայտարարություն չաներ եւ սպասեր մինչեւ նոյեմբեր եւ Վիլնյուսում Հայաստանը ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա այն ժամանակ ի՞նչ էր ասելու Հայրիկյանը: Հավանաբար, նման զարգացումների դեպքում էլ հայտարարելու էր, թե իր մարմնով փակեց Մաքսային միության «հրակնատը» եւ հայ ժողովրդին դուրս բերեց եվրոպական մայրուղի:

Ամեն օր իր անունն ու անձը հանրությանը հիշեցնելու համար, ինչեր ասես, որ չի անի «սիմվոլը»՝ ով վստահաբար, չի էլ ընդունելու, որ 2008-ից հետո Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ ընտրել է ինքնավարկաբեկման ճանապարհը եւ շարունակում է մեծ քայլերով առաջ ընթանալ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը