Մեկնաբանություն

25.09.2013 11:15


Մոսկվան «փչացնում» է Սերժ Սարգսյանին և «մեսիջ» հղում ՀՀ քաղաքացիներին

Մոսկվան «փչացնում» է Սերժ Սարգսյանին և «մեսիջ» հղում ՀՀ քաղաքացիներին

Սերժ Սարգսյանի պատկերացրած արտաքին քաղաքականությունը պետք է լինի «նախաձեռնողական» և «շուստրի»։

Սերժ Սարգսյանը նաև կարծում է, որ ներքին քաղաքական դաշտում կիրառվող իր սիրելի «քցոցին» կիրառելի է նաև միջազգային հարաբերություններում, և կարելի է բոլորին «այո» ասել ու հետո իրարամերժ խոստումների տակից դուրս գալ։

Սերժ Սարգսյանի գլխավոր զենքերը միջազգային հարաբերություններում քծնանքն ու ինքնանվաստացումն են։ Նա վստահ է, որ ինչքան շատ քծնի ու ինքնանվաստանա, այնքան իրեն կընդունեն։

Նրա այս «հայեցակարգային» մոտեցումների արդյունքները տեսանելի են բոլորին։ «Արևմտամետ» հռչակված և չորս տարի ԵՄ–ի հետ բանակցած Սերժը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին։ Այդ որոշումը, սակայն, ոչ թե կարգավորեց աննախադեպ լարվածության հասած հայ–ռուսական հարաբերությունները, այլ բերեց որակապես ավելի ցածր մակարդակի, քան էր մինչև Սերժի «նախաձեռնողականությունը»։

Դատելով ամենից՝ ռուսների խնդիրը ոչ թե Հայաստանին Մաքսային միություն մտցնելն էր, այլ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրից հեռու պահելը, սակայն Սերժ Սարգսյանին Կրեմլի «փըխկ»–ն այնպես էր վախեցրել, որ, ի զարմանս Պուտինի ու ռուսական իստեբլիշմենտի, ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու և Եվրասիական միության մաս կազմելու մասին։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, հակառակ ռուսների ցանկության, իրեն ամբողջությամբ հանձնեց նրանց՝ մտածելով, որ հյուսիսային վեկտորի օգնությամբ կպահի իր իշխանությունը։ Կրեմլը, սակայն, ամեն կերպ ցույց է տալիս, որ քծնող և «նախաձեռնող» գործընկեր իրեն պետք չէ։

Պատահական չէ, որ Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո Մոսկվան պարբերաբար «փչացնում» և «պասլատ» է անում Սերժ Սարգսյանին։

ՌԴ մայրաքաղաքում կառուցված հայկական եկեղեցու բացմանը սպասում էին Պուտինին, սակայն նա չեկավ։ Ներկա չէր անգամ Սարգսյանից շնորհավորանք ստացած Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը։ Կրեմլը «դեպքի» վայր էր ուղարկել «ճ» կլասի չինովնիկի։

Սարգսյանին չհաջողվեց Պուտինին մոտիկից տեսնել և առանձնազրույց ունենալ նաև Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ նստաշրջանի ընթացքում։ Այդպիսով Պուտինը հասկացրեց, որ չի հարգում «քցողի» հոգեբանությամբ և քծնանքի պատրաստ մարդուն։

Եվ այսպես, Ս. Սարգսյանն իր «մաքսային» հայտարարությամբ փորձում է մնալ ռուսների «վրա», սակայն Մոսկվայից պարզ հասկացնում են, որ չեն ուզում վերցնել նրան՝ զուգահեռաբար «մեսիջ» հղելով ՀՀ քաղաքացիներին, որ պատրաստ են հայ–ռուսական հարաբերությունները նորմալացնել արժանապատիվ գործընկերոջ առկայությամբ։

Հարկ է արձանագրել, որ հայ–ռուսական հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել։ Երբեք այսքան հիասթափություն չի եղել Արևմուտք–Հայաստան հարաբերություններում։

«Արևմտամետ» Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում մենք հեռացանք Ռուսաստանից՝ միևնույն ժամանակ հեռանալով Արևմուտքից և հայտնվելով «իզգոյի» կարգավիճակում։ Հայաստանի նախագահն արդեն Ղրղզստանի նախագահին էլ է զիջում իր կարգավիճակով, քանզի վերջինիս ընդունում ու հարցեր են քննարկում, իսկ Սարգսյանին թողնում են դռան արանքում։

Արժե՞ արդյոք պետությունը կազինոյում կոնի վերածած մարդու քաղաքական անմեղսունակության և իշխանամոլության պատճառով հարվածի տակ դնել մի ամբողջ երկիր ու ժողովուրդ։ Իհա՛րկե չարժե։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը