Մեկնաբանություն

25.09.2013 16:40


Ովքեր են զբաղված Ռոբերտ Քոչարյանի PR–ով

Ովքեր են զբաղված Ռոբերտ Քոչարյանի PR–ով

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը որոշեց իր հիմնական կարգախոսը դարձնել «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ, նրանից բարի եմ, հանդուրժող, երկխոսող և առաջադեմ»–ը։

Այդ կարգախոսը կյանքի կոչելու համար ստեղծվեց գեբելսյան քարոզչամեքենան, որի հիմնական ֆունկցիաներից մեկը ՀՀ երկրորդ նախագահին «բոբո» ներկայացնելն էր, իսկ Սերժ Սարգսյանին՝ քաղաքացիականության և արևմտամետության քայլող մարմնավորում (այլ հարց է, թե քանի հավ կերավ այդ կուտը)։ Ուզում էին ասել, թե, իբր, Սարգսյանը կրակն է ընկած եղել Քոչարյանի ձեռքը, չի ուզեցել մարտի 1, և բարձի տակ հոնգուր–հոնգուր լացել է, երբ իմացել է զոհերի մասին, բայց ստիպված ստանձնել է նախագահի պաշտոնը։

Բաղրամյան 26–ը փորձ էր անում, Քոչարյանի համեմատ, Սարգսյանից չարյաց փոքրագույն ստանալ։

«Եթե Սարգսյանին չաջակցենք, ապա Քոչարյանը կվերադառնա։ Սարգսյանը մեզ դեպի լուսավոր Եվրոպա է տանում, իսկ ահա Քոչարյանը՝ դեպի հետադիմական Ռուսաստան»,– գեղամյանությանը գաղափարական տեսք էին փորձում տալ հաստիքային ու արտահաստիքային սազանդարները։

Հարկ է նկատել, որ սկզբնական շրջանում այս քարոզչատրյուկն աշխատում էր, քանզի մարդիկ դեռ համեմատելու բան չունեին, և, բացի այդ, ՀՀԿ ղեկավարի հրապարակային ելույթներում հնչած կեղծ ձևակերպումներն ու տված խոստումները դեռ ժամանակի քննությունը չէին բռնել։

Շատ չանցած, սակայն, շատերի համար պարզ դարձավ, որ Քոչարյան–Սարգսյան համեմատությունը հօգուտ «նախաձեռնող» նախագահի չէ։ Միայն անմեղսունակներին էր հնարավոր համոզել, որ Սարգսյանը առաջադեմ է, իսկ մյուս Սարգսյանը՝ Տիգրանը, բարեշրջիչ։

Անգամ պաշտոնական տվյալներով Սարգսյանն արձանագրեց իր ֆիասկոն ներքին կյանքում՝ տնտեսական անկում, աղքատության աճ, արտագաղթի աննախադեպ ցուցանիշներ, ներդրումների կրճատում, գործազրկության աճ, ինֆլյացիա, համատարած թալան, փոքր ու միջին բիզնեսի տեռոր, կապիտալի արտահոսք և այլն։

Դե, իսկ արտաքին քաղաքական ձախողումները պարզապես աչք են ծակում և իրենց վտանգավորությամբ չեն զիջում ներքին ձախողումներին. Հայաստանն «իզգոյ» վիճակում է հայտնվել, քանզի վատացել են ինչպես Արևմուտքի, այնպես էլ ՌԴ–ի հետ հարաբերությունները, Վրաստանի հետ չկա արդյունավետ շփում, Իրանի հետ հարաբերությունները սառն են, Թուրքիային Սարգսյանի միոջոցով հաջողվեց կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և լեգիտիմ մակարդակով ակտիվորեն ներգրավվել Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ, իսկ Ադրբեջանը, օգտվելով ՀՀ «արևմտամետ» նախագահի աշխարհաքաղաքական «բոմժությունից», լավացրեց հարաբերությունները ռուսների հետ և հաջողացրեց հարձակողական զենք գնել։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք վստահաբար պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի PR–ով զբաղվում են Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև այս երկուսի տակ աշխատող «անկախ» լրատվամիջոցները, «սութի» փորձագետները և «ընդդիմադիր» գործիչները։

Որքան էլ գեբելսյան քարոզչամեքենան հիմա փորձում է հին «պլաստիկան» պտտեցնել «բոբո» Քոչարյանի և «պուպուշ» Սարգսյանի մասին, միևնույն է, փաստերը համառ բան են։ Նախագահական նստավայրում ու կառավարությունում, սակայն, շարունակում են «ընդդիմադիրների» հետ միասին պահանջել Քոչարյանի հրաժարականը՝ կարծելով, թե այդպիսով հնարավոր է շեղել հանրային ուշադրությունը վերջին հինգ տարվա ընթացքում արձանագրված ավերածություններից։ Ասել է թե՝ Սերժն ու Տիգրանը, անկախ իրենց կամքից, համառորեն շարունակում են PR անել Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Փաստորեն, PR–ի հարցում էլ իշխանության վերին օղակում անմեղսունակություն են դրսևորում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը