Լրահոս

21.07.2009 15:14


Ի՞նչ են գրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և արցախյան հակամարտության մասին բլոգում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, Մադրիդյան սկզբունքների մասին «տեսությունների» արդեն երկրորդ շրջանում «7օր բլոգում» քննարկումները բանակցային գործընթացում համանախագահների անհատական մասնակցության նշանակությունից մինչև Արցախի իրական և «դե յուրե» տարածքների պաշտպանության նշանակության մասին են։

«Քանի կա համանախագահների մասնակցությունը բանակցություններին, բանակցությունները ձախողված համարեք։ Հավատացնում եմ ձեզ, հենց համանախագահներն են ձախողում դրանք ու հենց իրանց երկրների պատվերով։ Եթե պատվերը եկած լինի, Ղարաբաղն ինչ է, մի օրում հարցը կլուծեն, կտան ձեռքներս»,-կարծում է բլոգի ընթերցողներից Դանիելը։  Սևակը հավաստիացնում է, որ բանակցությունների մասին հեռուստատեսային կադրերում Սերժ Սարգսյանը կաշկանդված է եղել, ինչքան էլ հեռուստատեսային խոսքում հակառակը պնդեն, իսկ Իլհամ Ալիևը հսկող, ինքնավստահ կեցվածք է ունեցել։

«Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը, ղարաբաղցի լինելով, չի հանձնի երկիրը թուրքին։ Ու քանի որ ինքը մասնակցում է, ուրեմն Արցախը ներկայացված է»,-կարծում է «ՀՀ քաղաքացի» մականունով հանդես եկող քննարկման մասնակիցը։ Դանիելը նրան առարկում է, որ անգամ եթե նրան ՀՀ ընտրված նախագահ համարեն, ապա նա կարող է ներկայացնել Հայաստանը, բայց ոչ՝ Արցախը, այսինքն, մարդկանց, ում ներկայացնելու մանդատ ինքը չի ստացել։ Արմանը Մադրիդյան սկզբունքների համատեքստում քննարկման մասնակիցներին հարցնում է, թե ովքե՞ր գիտեն՝ որո՞նք են Լեռնային Ղարաբաղի իրական սահմանները։ 

«Եթե խոսքը գնում է տարածքային ամբողջականության մասին, նախ առաջինը պետք է հստակեցնել՝ որտեղով է անցնում Լեռնային Ղարաբաղի սահմանը:  Եթե խոսքը գնում է փախստականների մասին, պետք է նախ իմանալ՝ ովքեր են այդ փախստականի կարգավիճակի մեջ մտնում»,-գրում է նա։ Ապա առաջարկում է չխառնել ԼՂՀ-ն ԼՂԻՄ-ի (ԼՂ ինքնավար մարզի) հետ։

«Անտառապահ» կեղծանունով հանդես եկող մասնակիցը գրում է, որ  պետք չէ Արցախն ու Հայաստանը տարանջատել միմյանցից։ «Իսկ Հայաստանի փաստացի սահմաններն այնտեղ են, որտեղ կանգնած է հայ զինվորը»,-նշում է նա։

Արմինե Հարոյանը արդարացի է համարում Արցախի ու ՀՀ տարանջատումը։ «Ի վերջո, Հայաստանը առանց Ղարաբաղի՝ պետություն է, Ղարաբաղը առանց մեզ՝ չճանաչված ու անհույս։ Հանձնենք Ղարաբաղը, առանց  պրոբլեմ ապրենք»,-նշում է մասնակիցը։

Զառան շեշտում է, որ ցեղասպանությունը երկրի ներսում է, և նախ երկրի ներսում հարցերը պետք է կարգավորել։

Պիռատը համաձայնում է այս մասնակցի հետ սեփական փաստարկներով. «Քանի էս երկրի ներսում իշխանությունը մարդուն նայում է որպես միայն աշխատուժի, իսկ բիզնեսմենին՝ որպես կթան կովի, ոտի տակ պինդ հող չի կարա ունենա։ Բնականաբար, դրսում էլ կատվի պես վախեցած է իրան պահելու, հո մենակ «Հայլուրի» ասելով Ալիևը չի ընկճվելու»։

Քննարկման մյուս մասնակիցների տեսակետին ծանոթացեք՝ այցելելով http://www.7or.am/blog/

Այս խորագրի վերջին նյութերը