Մեկնաբանություն

26.09.2013 11:45


Բաղրամյան 26–ի շրջաբերականները

Բաղրամյան 26–ի շրջաբերականները

Սեպտեմբերի 3–ից հետո «անկախ» լրատվամիջոցների կողմից փչված «արևմտամետ» Սերժ Սարգսյանի իմիջային փուչիկը վերջնականապես պայթեց։

Բաղրամյան 26–ից այժմ փորձ է արվում մի շարք կեղծ թեզերի օգնությամբ «սպինդոկտորություն» անել և շարունակել «մուտիլովկաները»։

Թեզ 1-ին՝ «Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է սարսափելի ճնշումների տակ»

Այդպիսով առաջ է քաշվում «Խեղճ Սերժ, նրան ճնշել են» բլեֆը, որպեսզի քննարկման առարկա դառնա ոչ թե «նախաձեռնողական» քաղաքականության անմեղսունակությանը վերաբերող հարցը, այլ «չար Պուտինի» մասին հեքիաթը՝ թասիբի գցելով սրտից թույլ և ոչ պակաս անմեղսունակ ՀՀ քաղաքացիների մի հատվածին, որոնք իրենց արևմտամետ են համարում, սակայն իրականում անուղղակի մասնակցություն են ունեցել Մաքսային միության մեջ մտնելու որոշման կայացմանը։

Այն, որ Պուտինը ճնշել է Սարգսյանին, դժվար է կասկածի տակ դնել, բայց ամենամեծ մեղավորությունը ճնշվողի՛նն է, քանզի պետք չէր «շուստրի» քաղաքականություն վարել ու վերջում էլ «ռաստվել»։ Բացի այդ, ո՞ւմ է պետք մի ղեկավար, ով Խորվաթիայում չորս ժամ ճնշվելուց հետո հրաժարվում է չորս տարի բանակցած փաստաթղթից։

Սխալ էր ինչպես ԵՄ–ի հետ այդքան խորանալը, այնպես էլ Մաքսային միություն մտնելը։ Ընդ որում, ռուսները ՀՀ–ին Մաքսային միություն մտցնելու խնդիր չէին դրել։ Նրանց համար կարևորն այն էր, որ ՀՀ–ն ԵՄ–ի հետ այդ չափով չխորանա։ Իսկ Սարգսյանը բռնեց ու հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին՝ ձգտելով արևելյան ոճով քծնել Պուտինին։ Վերջինս, դատելով ամենից, չի ընդունել այդ քծնանքը և պատահական չէ, որ սեպտեմբերի 3–ից հետո Սարգսյանին ոչ մի կերպ չի հաջողվում առանձնազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։

Ինչ վերաբերում է արտաքին կողմնորոշմանը, ապա հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ անմեղսունակություն է կարծելը, թե մեր անվտանգության համակարգը ՌԴ–ի հետ պետք է լինի, իսկ տնտեսական ինտեգրացիան՝ ՌԴ–ին մրցակից հանդիսացող ԵՄ–ի։ Հայաստանը պետք է հավասարակշռված ու փոխլրացնող քաղաքականություն վարի, այլ ոչ թե արկածախնդրությամբ զբաղվի ու գերտերությունների համար վերածվի բռնցքամարտի ռինգի։ Իսկ եթե որոշ «արևմտամետներ» կարծում են, որ Հայաստանը պետք է Ղարաբաղը կորցնելու գնով միանա ԵՄ–ին, ապա թող ազնվություն ունենան ու բարձրաձայն հայտարարեն այդ մասին։

Թեզ 2–րդ՝ «Մաքսային միություն մտնելու որոշման համար մեղավոր է ոչ թե Սարգսյանը (խեղճին ճնշել են), այլ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ընդհանրապես ընդդիմադիր դաշտը, քանզի նրանք ԵՄ–ի հետ ասոցացվելու հարցում չմիացան Սերժ Սարգսյանին և ազգային միասնության մթնոլորտ չձևավորեցին»

Այս թեզը հիմնականում առաջ են քաշում նեոգեղամյանները՝ դավիթշահնազարյանները, «անկախ» լրատվամիջոցները և վարձկան «փորձագետները»։

Նման տեսակետի կրողները, փաստորեն, դժգոհ են, որ Հայաստանի անվտանգության համակարգի փլուզմանը դեմ արտահայտվող ուժեր դեռ կան մեզանում։ Անշո՛ւշտ, դա էլ է տեսակետ, բայց «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ռեժիմի մեջ գտնվող երկրում այդպիսի մոտեցման կողմնակիցներին հանգիստ կարելի է «պադ տռիբունալ» տանել։

Բանականություն ունեցող և քաղաքական այբուբենին քիչ թե շատ տիրապետող մարդու համար պարզ է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը ոչ թե արժեհամակարգային, այլ գեոքաղաքական հարց է։ Հետևաբար, թող որոշները դեմագոգիայով չզբաղվեն, իսկ եթե նրանք առաջնորդվում են «Ժողովրդավարություն Ղարաբաղի հանձնման դիմաց» կարգախոսով, ապա թող բաց հայտարարեն դրա մասին։ Բայց թող նկատի ունենան, որ անգամ Ղարաբաղի հանձնման գնով հնարավոր չէ իրենց ուզածը կյանքի կոչել, քանզի Ղարաբաղի կորուստն ուղղակիորեն հարվածելու է ՀՀ անվտանգությանն ու մեր պետականությանը։ Իսկ չեղած բանը չի կարող ասոցացվել ո՛չ ԵՄ–ի, ո՛չ էլ որևէ այլ կառույցի հետ։

Ինչ մնում է Ղարաբաղի հարցն ու ժողովրդավարությունը հակադրելուն, ապա դա առնվազն տգիտություն է։ Ղարաբա՞ղն է խանգարում ժողովրդավարական երկիր և մրցունակ տնտեսություն ստեղծելուն, թե՞ Ղարաբաղի պատճառով է Սերժը տոկոսներ «խփում»։

Մերօրյա ղուկասղուկասյաններին պետք է քաղաքական ու հասարակական կյանքի լուսանցք մղել՝ իրենց «հոգևոր» առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի հակապետական զառանցանքը չդառնա պետական քաղաքականության ուղենիշ։

Թեզ 3–րդ՝ «Արևմտամետ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ մաքսային միության մեջ մտնելու որոշում կայացնել, քանզի հակառակ դեպքում ռուսներն այստեղ իշխանափոխություն կանեին, ու կգային ռուսամետ ուժերը՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան»

Այս թեզի օգնությամբ Բաղրամյան 26–ն ուզում է «Սերժը արևմտամետ է, բարի ու հանդուրժող, այսինքն՝ չարյաց փոքրագույնը» հեքիաթը պտտեցնել՝ չզգալով, որ դրան վաղուց արդեն ոչ ոք չի հավատում։

Քանի՞ ոչխարի է հնարավոր համոզել, որ ՌԴ ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում 49 տարով երկարաձգած և Մաքսային միության մեջ մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանը սաստիկ արևմտամետ է, իսկ ահա հավասարակշռված ու փոխլրացնող քաղաքականության կողմնակից ուժերը՝ ռուսամետ։ Ասելնք և կրկնում ենք՝ Սերժ Սարգսյանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, ոչ էլ առավելևս հայամետ։ Նա աթոռամետ է և եթե պետք էլինի, ապա թուրքամետ էլ կդառնա (այդպիսի փուլ եղել է)։

Ինչ վերաբերում է «Սերժին պահենք, թե չէ Քոչարյանը կգա» ձևակերպմանը, ապա այն վաղուց չի աշխատում, ավելի ճիշտ՝ աշխատում է հակառակ իմաստով։

Եթե ոմանց դուր է գալիս չարյաց մեծագույններով ու փոքրագույններով քաղաքական գործիչներին գնահատելը, ապա վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված ցուցանիշներն ու խայտառակ ձախողումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը չարյաց մեծագույնն է բոլորի համեմատ։

Այնպես որ, Քոչարյանի «բոբոյով» Սերժի օգտին քարոզ տանելն էժանագին «տրյուկ» է և հնամաշ քաղտեխնոլոգիա։

Եվ ամենակարևորի մասին։ Փաստորեն, ՀՀ ինքնիշխանությունից ու անկախությունից խոսող և առավոտից երեկո կուրծք ծեծող մարդիկ շատ հանգիստ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը ռուսներից է ստացել իշխանությունը պահելու «դաբրոն», և այդ հանգամանքը դրական են գնահատում, քանզի հակառակ դեպքում կգային «չար ուժերը»։ Համաձայնե՛ք, որ ավելի ստրկամիտ մտածողություն չի լինում։

Սրանց կարծիքով բացառապես դրսում է որոշվում ՀՀ իշխանության հարցը։ Եվ այս «դիշովկեքը» խոսում են համամարդկային արժեքներից և ինքնիշխանությունի՞ց։ Դեմագոգիան և ցինիզմը չափ ու սահման չունե՞ն։

Թեզ 4–րդ՝ «Մաքսային միություն մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանն ավելի առաջադեմ է, քան ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և մյուսները, քանզի ՀՀԿ ղեկավարը գոնե փորձեց մեզ տանել դեպի լուսավոր Եվրոպա, բայց մյուսներն ի սկզբանե դեմ էին նույնիսկ փորձ անելուն»

Այս թեզի օգնությամբ «դհոլներն» ուզում են Սերժ Սարգսյանի արկածախնդրությանը և քաղաքական անմեղսունակությանը տալ առաջադիմական տեսք։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը, հանուն իշխանական աթոռը պահելու, աճուրդի էր հանել ՀՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ու արդեն էական չէ, թե, ի վերջո, ում բաժին հասավ մեր ինքնիշխանությունից։

Էականն այն է, որ ՀՀ նախագահի պաշտոնը վարողը կազինոյի կոնի է վերածել Հայաստանը՝ գեբելսյան քարոզչամեքենայի ու դրածոների միջոցով դա ներկայացնելով որպես առաջադեմ և արևմտամետ քայլ։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև «արևմտամետ» ժուլիկները, ովքեր այսօր շարունակում են իրենց սերժամետ գործունեությունը։

. . .

Սերժ Սարգսյանի շրջապատում այժմ «հայրենասիրական» տրամադրություններ են տիրում, ինչը բնական է։ «Նախաձեռնողականները» հասել են վերջին հանգրվանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը