Մեկնաբանություն

26.09.2013 13:00


«Արևմտամետների» «ատմազկան» և Սերժ Սարգսյանի «քաշոցին»

«Արևմտամետների» «ատմազկան» և Սերժ Սարգսյանի «քաշոցին»

ԵՄ–ի հետ ասոցացման բուռն շրջանում Սերժ Սարգսյանն իր շուրջն էր հավաքել հաստիքային ու արտահաստիքային «արևմտամետների», ովքեր «վրայից» ու «տակից» գովերգում էին իր «իմաստուն» և «առաջադեմ» քայլերը։

Հաստիքայինները Սերժ Սարգսյանի ֆորմալ թիմակիցներն էին՝ Մաքսային միության դեմ փաստարկներ ներկայացնող Տիգրան Սարգսյանը, Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՀ սուվերենության կորստից խոսող Շավարշ Քոչարյանը, շուլուխներ անող Գալուստ Սահակյանը, «զապչաստային գեոպոլիԾիկայի» մասնագետ և ԵՄ–ի հետ ասոցացումը գովերգող Ռազմիկ Զոհրաբյանը, «թունդ եվրոպամետ» ներկայացող Սամվել Նիկոյանը և այլք։

Հիմա սրանք բոլորը «Նատաշա» են դարձել և գովերգում են Մաքսային միության մեջ մտնելու «նախաձեռնողական» նախագահի որոշումը. Տիգրան Սարգսյանը գլխավորում է ՄՄ–ին ինտեգրվելու հանաձնաժողովը, Շավարշ Քոչարյանն ակտիվ «մաքսավոր» է դարձել, Գալուստ Սահակյանը, դեմքին խորիմաստ արտահայտություն տալով, հայտարարում է, թե իրենք մանկուց երազել էին մտնել Մաքսային միություն, Սամվել Նիկոյանը եվրոպամետից դարձել է մոլի ռուսամետ, դե, իսկ Ռազմիկ Զոհրաբյանի իզութոզը չի երևում, բայց կարելի է չկասկածել, որ նա էլ ինքնափչացման գնով կողմ կարտահայտվի ՄՄ–ին և կքննադատի ԵՄ–ի հետ ասոցացմանը կողմ արտահայտված բոլոր ռազմիկզոհրաբյաններին։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում պետական կառավարման համակարգը անասնաֆերմայի օրենքներով է գործում։ Հետևաբար, զարմանլու ոչինչ չկա. շավարշքոչարյանները վաղուց կորցրել են իրենց արժանապատվությունն ու վերածվել «չորս ոտքը լավ է, քան երկուսը» կարգախոսով առաջնորդվողների։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի արտահաստիքային և «թունդ արևմտամետ» թիմակիցներին (Դավիթ Շահնազարյան, Իգոր Մուրադյան, Արման Բաբաջանյան, Հայկազն Ղահրիյան, Արամ Սարգսյան, Հովհաննես Իգիթյան, Պարույր Հայրիկյան և այլք), ապա սրանց վիճակն այժմ շատ ծանր է, քանզի նախկինում հնարավոր էր «ընդդիմադիր» դիքերից տրվել ՀՀԿ ղեկավարին ու փորձել կույս մնալ, իսկ այժմ գոնե ձևականորեն պետք է ցույց տան, որ դժգոհ են Ս. Սարգսյանից, ինչն անել չեն կարող։

«Մենք աջակցում ենք ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա որդեգրած արևմտամետ կուրսին»,– գեղամյանությանը «գաղափարական» տեսք էին տալիս «արևմտամետները»՝ չպատկերացնելով սեպտեմբերի 3–ին իրենց գլխի գալիքը։

«Դեպի ԵՄ գնացող Սերժ»–ի մասին բլեֆ–թեզը յուրօրինակ «ատմազկա» էր քաղաքական, լրատվական ու փորձագիտական դաշտի ժուլիկների համար։ Սեպտեմբերի 3–ից հետո այդ «ատմազկան» վերացավ։

Դա է պատճառը, որ արտահաստիքայինները դարձել են դյուրագրգիռ և է՛լ ավելի մեծ կատաղությամբ են հարձակվել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի վրա։

Բայց կարելի է մի խորհուրդ տալ Սերժ Սարգսյանին ու օֆշորագետ Տիգրան Սարգսյանին ծառայող, ինչպես նաև թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող ղարաբաղցի ռենեգատներին. այդքան էնտուզիազմով մի՛ պայքարեք ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, քանզի նրանց առկայությունն է ձեր «կոռմի» ապահովման գրավականը։

Եթե ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին էլ Սերժ Սարգսյանին հաջողվեր գցել ՕԵԿ–ի ու ՀՅԴ–ի օրը կամ էլ վերացներ քաղաքական դաշտից, ապա այսօր դուք հացի փող անգամ չէիք ունենա։ Այնպես որ, շարունակե՛ք ծառայել ձեր տերերին, բայց այդքան անմեղսունակ մի՛ եղեք ու մինչև վերջ մի՛ տրվեք։ «Զակազի» տեղ թողեք, որ «կոռմը» շարունակական լինի։ Ի վերջո, չի՛ կարելի այդքան անաղուհաց լինել. չէ՞ որ ձեր իրական պատվիրատուները ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն են, որոնք իրենց գոյությամբ իսկ նպաստում են հաճախորդացման պահանջարկի բարձրացմանը Բաղրամյան 26–ում։

Այնպես որ, եկել է նոր «ատմազկաներ» հորինելու և պատվիրատուներին «շուստրիաբար» ֆռռացնելու ժամանակը։ Դե, ձեզ տեսնեք, հաճախորդնե՛ր։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ախր շատ սկզբունքային են մեր «արևմտամետները»։ Սրանք սկզբունքորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանի՝ իբր եվրոպամետ կուրսը և ողջունում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը, բայց, արի ու տես, որ բերանները ջուր են առել Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո։

Ճիշտ է, «արևմտամետները», նույն սկզբունքայնությունից ելնելով, քննադատում են Մաքսային միությանը միանալու որոշումը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գտնել որոշում կայացնողին ու «մին լյավ» «ասոցացնել» նրան, իրենց իսկ խոսքերով, Հայաստանի ինքնիշխանության կորստի համար։

«Արևմտամետները» մի տեսակ ամաչում են Սերժ Սարգսյանի դեմ խոսել, բայց, չգիտես ինչու, չէին ամաչում նրան պաշտպանել ԵՄ–ի հետ ասոցացման փուլում։ Ահա այդպիսի մազալու բաներ։

Ի դեպ, ԵՄ հանձնակատար Ֆյուլեն ու իր կոլեգաները հիմա հաստատ «մանթո» են հայաստանյան «արևմտամետներից», քանզի իրենց թվում էր, թե գրանտային միջոցներով կարողացել են հայաստանյան «լեգիոն» ձևավորել, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները մանրամեծածախ գներով «պերեկուպ» են արել դրանց ու սեփականաշնորհել։ Դա է պատճառը, որ մոլի «արևմտամետները» գոնե մի պստլո հանրահավաք չարեցին Մաքսային միության որոշման դեմ ու Սերժի հրաժարականը չպահանջեցին։

Եվրաօլուխներն, ըստ այդմ, «քցվեցին» ոչ միայն Սերժի, այլ նաև քաղաքական, քաղաքացիական ու լրատվական դաշտի «արևմտամետ մուտիլովչիկների» կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը