Լրահոս

26.09.2013 14:06


Հրդեհվել է Արամ Հարությունյանի մեքենան. նա չի բացառում, որ ինչ–որ մեկի մատը խառն է (լուսանկարներ)

Հրդեհվել է Արամ Հարությունյանի մեքենան. նա չի բացառում, որ ինչ–որ մեկի մատը խառն է (լուսանկարներ)

Սեպտեմբերի 25–ին՝ ժամը 19։00–ի սահմաններում, հրդեհվել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող ԳԱԶ 31 10 մակնիշի ավտոմեքենան։

«7օր»–ի հետ զրույցում Արամ Հարությունյանը պատմել է, որ այդ օրը մեքենան թողել է արհեստավորի մոտ։ Ընդամենը մի քանի ժամից երբ հետ է գնացել վերցնելու, արհեստավորն ասել է՝ ինքը տանն է, բայց մեքենան, դռները բաց, թողել է դիմացի մայթում։

–Ես նստել եմ մեքենան, վարելու ընթացքում մեկ էլ Արմենակյան փողոցի վրա միանգամից հրդեհ բռնկվեց։ Կապոտը լրիվ բոցի մեջ էր։ Ձախ կողմում արհեստանոցի տղաներ կային, դույլերով ջուրը բերեցին, հազիվ հանգցրին։ Հատկապես արհեստավոր Արման Մանգասարյանը եթե չլիներ, մեքենան կպայթեր։ Իր կյանքի գնով հանգցրեց կրակը։ Ի դեպ, հրշեջները եկել են մինիմում 20 րոպե հետո այն դեպքում, երբ ընդամենը մոտ 100 մետրի վրա էին։ Լավ է, գոնե կինս ու աղջիկս հետս չէին, որովհետև իրենց ճանապարհին պետք է հանդիպեի,–պատմել է նա։

Արամ Հարությունյանը չի բացառում, որ տեղի ունեցածը պատահականություն չէ.

–Ճիշտն ասած, երեկ էդպիսի կասկածներ չունեի, բայց հիմա արդեն կասկածում եմ, որ ինչ–որ մեկի օգնությամբ է եղել, որովհետև ով եկել նայել է՝ հրշեջ տեսուչը, մասնագետները, բոլորն էլ ասում են՝ շատ անհասկանալի է, թե ինչից է եղել հրդեհը։ Հիմա փորձագետները պետք է գան՝ պարզելու տեղի ունեցածը։ Ինձ համար էլ է հետաքրքիր, թե ինչից է բռնկվել։

Այն արհեստավորին, որի մոտ մի քանի ժամ մնացել էր մեքենան, Ա. Հարությունյանը վաղուց է ճանաչում, նրան ոչնչում չի կասկածում, թեև նրա անփությունն էլ է տեսնում մեքենան՝ դռները բաց, մթնշաղին մի քանի ժամ դրսում առանց հսկողության թողնելու պատճառով։

Ա. Հարությունյանն արդեն դիմել է իրավապահներին տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով։

Ի դեպ, սա հենց այն մեքենան է, որով նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 4 ընտրությունների ժամանակ Հայաստանի բոլոր շրջաններով պտտվել է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը